ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎՍ 24 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճը դեկտեմբերի 4-ին հյուրընկալել էր Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) ուսանողներին, անձնակազմին, ղեկավարությանը, բազմաթիվ ծնողների ու հյուրերի: Համալսարանի երեք բաժինների` կառավարում, իրավագիտություն և տնտեսագիտություն, մոտ 120 ուսանողներ այդ օրն ստացան բակալավրի և մագիստրոսի իրենց դիպլոմները: Բայց դա օրվա միակ ուրախալի առիթը չէր. ՀՖՀ 2-4-րդ կուրսերի 24 լավագույն ուսանողներ, արդեն իններորդ տարին անընդմեջ, արժանացան ՀԲԸ Միության գերազանցության կրթաթոշակի: «Ես ուզում եմ շնարհակալություն հայտնել ՀԲԸՄ-ին այս աջակցության համար: Այն օգնում է մեզ ավելի կենտրոնանալ ուսման վրա: Սա զուտ ֆինանսական աջակցություն չէ, այն հստակ և անմիջական ազդեցություն ունի մեր մասնագիտական որակների վրա, նպաստում է ուսանողների միջև առողջ մրցակցության ձևավորմանը», - ասում է արդեն երկրորդ անգամ ՀԲԸՄ կրթաթոշակի արժանացած ՀՖՀ ուսանողուհի Ստեֆանիա Ղազարյանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին և իրենց շնորհավորական խոսքն ասացին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, ՀՖՀ ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Ռոբերտ Շերատը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը:

Իր ողջույնի խոսքից հետո Հովիկ Եորդեկյանը լավագույններին հանձնեց ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերը: «Մեր համագործակցությունը Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ չի սահմանափակվում այս կրթաթոշակներով: ՀԲԸՄ օժանդակությամբ ՀՖՀ լավագույն ուսանողներն իրենց փորձառությունն են անցնում Ֆրանսիայում` մեկ ամիս շարունակ աշխատելով տեղի լավագույն և առաջատար ընկերություններում: Նրանք փորձ են ձեռք բերում, վերադառնում են հայրենիք ու իրենց գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնում ի նպաստ Հայաստանի զարգացման», - ասում է ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատարը: ՀԲԸՄ-ի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործակցությունը սկիզբ է առել դեռևս 2004-ին: Այդ օրվանից ի վեր ՀՖՀ 100-ից ավելի ուսանողներ ՀԲԸՄ-ի աջակցությամբ մեկնել են Ֆրանսիա, իսկ ավելի քան 250 ուսանողներ արժանացել են ՀԲԸՄ գերազանցության կրթաթոշակի: 2012թ. ֆրանսիական համալսարանի ուսանողների առջև իր դռները բացեց նաև ՀԲԸՄ-ի միջոցներով վերանորոգված համալսարանական գրադարանը:

«ՀԲԸՄ-ի այս կրթաթոշակները տրվում են երկու չափորոշիչների հիման վրա. առաջին հերթին, իհարկե, հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը, այնուհետև նաև նրա սոցիալական վիճակը», - ասում է ՀՖՀ նորանշանակ ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը: ՀՖՀ-ն հիմնադրվել է 2003թ.: Համալսարանի վարչական և ուսումնական կառավարումն իրականացնում է հայ և ֆրանսիացի մասնագետներից կազմված աշխատակազմը: Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը ՀՖՀ-ի առաջին կրթական գործընկերն է: Համալսարանի երկարամյա գործընկերներից է նաև ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը: Ներկայումս համալսարանում սովորում է ավելի քան 1000 ուսանող: Առ այսօր համալսարանը տվել է մոտ 2000 շրջանավարտ, որոնց մոտ 80%-ն աշխատում է Հայաստանում, 12%-ը շարունակում է կրթությունը ՀՖՀ Մագիստրատուրայում և մոտ 6-7%-ը սովորում կամ աշխատում է արտասահմանում:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎՍ 24 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: