«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՄՏԻ-ն, Այբ և Լույս հիմնադրամները և ՀԲԸ Միությունը մեկնարկում են նոր ծրագիր

Հուլիսի 17-ին «Այբ» դպրոցում կայացավ «Այբ» կրթական հիմնադրամի, «Լույս» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ) ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսը ՄՏԻ-ի հետ հաստատված համագործակցությունը նշանավորելու նպատակով:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեց ՄՏԻ-ի «Համաշխարհային ուսումնական լաբորատորիաներ» նախագիծը, որը միտված է ձևավորել նոր կրթական մշակույթ` դասավանդման այլընտրանքային մեթոդների կիրառմամբ:

Ասուլիսը մաս էր կազմում ՄՏԻ-ի Միջազգային գիտական և տեխնոլոգիական նախաձեռնություններ (MISTI) ծրագրի, որը յուրատեսակ կամուրջ է Հայաստանի և աշխարհի տարբեր գերազանցության կենտրոնների միջև: Ասուլիսին ելույթներով հանդես եկան «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագրի ղեկավար Սերենելա Սվերցան, Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ավագ դասախոս Յացեկ Բրենդը:

«MISTI-ի նպատակն է MIT-ի անձնակազմին և ուսանողներին ցուցադրել գերազանցությունը ողջ աշխարհում: Մենք սկսեցինք Ճապոնիայից և այսօր ունենք արդեն ծրագրեր 15 տարբեր երկրներում: Մեր ծրագրերը սահմաններ չեն ճանաչում և ներգրավում են տարբեր երկրներ: Մեր համագործակցությունը Հայաստանի հետ հենց այդպիսի ծրագրերից է», - ասաց Սերենելա Սվերցան:

«Համաշխարհային ուսումնական լաբորատորիաներ»-ի դասերն անցկացվեցին Այբ դպրոցում հունիսի 22-ից հուլիսի 31-ը: «Մեր մեթոդները մի փոքր այլ են: Մեր դասերն անցնում են ավելի ինտերակտիվ ձևով և մենք խնդրին մոտենում ենք ավելի խորքից, ինչպես իսկական մասնագետներ», - ասում է ՄՏԻ ուսանող և այս ծրագրի դասավանդողներից Արմեն Սամուրքաշյանը:

Ծրագրի ողջ ընթացքում, 110 ուսանողներ Հայաստանի և Արցախի ողջ տարածքից հյուրընկալվեցին ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում, որտեղ կազմակերպվում էին ամենօրյա արտադասարանական միջոցառումներ: «Մենք մեր ռեսուրսները պետք է համախմբենք լավագույն ծրագրերի շուրջ. Այբ, Լույս, Ամերիկյան համալսարան, Դիլիջանի դպրոց: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն ուղին, բայց նրանք բոլորն աշխատում են մեկ ուղղությամբ` հարստացնել Հայաստանի կրթական համակարգը և Հայաստանը դարձնել կրթական գերազանցության միջազգային կենտրոն»- ասաց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

Միջոցառման ավարտին ծրագրին մասնակցած աշակերտները խոսեցին ձեռք բերած նոր հմտությունների մասին և ներկայացրին իրենց աշխատանքները:

 

VIDEO MATERIAL

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: