ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ 6 ՇԱԲԱԹ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«9-րդ տարին է, ինչ կազմակերպում ենք այս ծրագիրը: Փորձում ենք երիտասարդներին ցույց տալ իրական Հայաստանը` իր աշխատանքային առօրյայով, ապրելակերպով ու նիստուկացով: Լինում ենք գյուղական շրջաններում, մանկատներում, հաճախում ենք հայոց լեզվի ու հայկական պարերի դասընթացների, պատրաստում ենք հայկական ուտեստներ, այցելում Արցախ: Իհարկե չենք մոռանում նաև տեսարժան վայրերն ու քաղաքի մշակութային անցուդարձը: Մի խոսքով` ծրագիրը չափազանց բուռն ու հագեցած է: Անում ենք առավելագույնը, որպեսզի սփյուռքահայ երիտասարդներն այցելեն ու սիրեն Հայաստանը, կապվեն Հայաստանի հետ ու հոգան նրա բարօրության մասին»:

Գայանե Մանուկյան, ՀԲԸՄ Երևանի փորձառության ծրագրի ղեկավար:

Կրկին անգամ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ամառային փորձառության Երևանյան ծրագիրը, մեծ ու համերաշխ ընտանիքի պես, մեկ հարկի տակ հավաքեց սփյուռքահայ երիտասարդների հերթական խումբը: Թվով 9-րդ Երևանյան փորձառության ծրագիրն այս տարի հայրենիք էր բերել 16 երիտասարդների 4 երկրներից` ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա և Լիբանան: Վեց շաբաթ անցկացրին երիտասարդները Հայաստանում և Արցախում` աշխատելով հայրենի առաջատար կազմակերպություններում ու ընկերություններում, հարստացնելով իրենց գիտելիքներն ու փորձը և միևնույն ժամանակ իրենց գիտելիքները փոխանցելով հայաստանյան գործընկերներին, հաճախելով հայերեն լեզվի և հայկական ժողովրդական պարերի դասընթացների ու շրջելով Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի մասնակիցներին այս տարի հյուրընկալել էին այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Կանանց ռեսուրսների կենտրոնը, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը, «Արաբկիր» բժշկական կենտրոնը, Deem Communications ընկերությունը, Ջինիշյան հիմնադրամը, Մաշտոցի անվան Մատենադարանը, PicsArt, WiCastr, ICARE ընկերությունները, ImageMan ճարտարապետական գրասենյակը, Օրրան բարեգործական հիմնադրամը, Փարիզ հյուրանոցը:

«ՀԲԸՄ-ի այս ծրագրի մասին իմացա համակուրսեցուցս: Նա մասնակցել էր այդ ծրագրին և ինձ էլ խորհուրդ տվեց մասնակցել` ասելով, որ դա իր կյանքի ամենալավ ամառն էր: Ոգևորվեցի ու դիմեցի: Այժմ աշխատում եմ Արաբկիր բժշկական կենտրոնում էպիլեպսիայով հիվանդ երեխաների հետ, կատարում եմ գրառումներ, զբաղվում եմ երեխաների հետ, հետևում բուժման ընթացքին: Մի խոսքով, շատ կարևոր և ուսանելի պրակտիկա եմ անցնում: Շատ բան եմ սովորում յուրաքանչյուր օր` ախտորոշման գործընթացը, քննարկումներն ու զրույցները մասնագետների հետ հարստացնում են իմ գիտելիքները: Այստեղ և ԱՄՆ-ում կիրառվող մեթոդները տարբեր են, ինչը հնարավորություն է տալիս համեմատել երկու տարբեր մոտեցումները, ավելի ճիշտ ըմբռնել խնդիրները: Եկել եմ օգնելու մեծ պատրաստակամությամբ և փորձում եմ հասկանալ, թե որ ոլորտում կարող եմ առավել օգտակար լինել: Ես Հայաստանը շատ եմ սիրում: Ես էլ վստահ կարող եմ ասել, որ սա իմ լավագույն ամառն էր», - ասում է Ռիտա Շեհիրյանը Կալիֆորնիայից, ԱՄՆ: Ծրագրի շրջանակներում խումբն այցելեց նաև Արցախ, ծանոթացավ տեղի պատմությանն ու մշակույթին, հանդիպեց ԼՂՀ Արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանի հետ ու ծանոթացավ Արցախի հիմնախնդրի կարգավորման ներկա գործընթացին: Երիտասարդները եղան նաև Շուշիում, Գանձասարում ու Տիգրանակերտում:

Հայաստանյան շրջագայություններն այս տարի ընդգրկեցին նաև Սևանա լիճը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը, Գառնու տաճարը, Գեղարդի վանքը, Սարդարապատը: Խումբն այցելեց նաև հայ-թուրքական սահման Գյումրիում, որտեղից երիտասարդները հնարավորություն ունեցան տեսնել Անիի ավերակներն ու մեր պատմական հողերը:

«Արդեն վեց տարի է Deem Communications-ը համագործակցում է ՀԲԸՄ-ի հետ այս ծրագրի շրջանակներում: Մենք արդեն հյուրընկալել ենք վեց տարբեր մասնակիցների, որոնց մեծ մասը եղել են ԱՄՆ-ից, տարբեր նահագներից, տարբեր տարիքի ու տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Սա հրաշալի առիթ է փորձի փոխանակման, գիտելիքների հարստացման, շփման: Մենք իրենց տալիս ենք հայաստանյան փորձն ու առօրյան, իրենք մեզ տալիս են աշխարհի փորձն ու նորարարությունները: Մենք ունեցել ենք ՀԲԸՄ կամավոր, որն անցյալ տարի իր փորձառությունն անցկացրեց մեզ հետ, իսկ այս տարի կրկին վերադարձավ և մեծ ցանկություն ուներ աշխատել մեզ հետ, քանի որ արդեն զգում էր, որ թիմի անդամ է դարձել, մթնոլորտը հարազատ է, ունի ընկերներ: Եկավ ու ևս երկու ամիս այս տարի աշխատեց մեզ հետ: Այս երիտասարդները գալիս, ապրում են այստեղ, տեսնում են, թե որքանով է հարազատ, որքանով է իրենցը այս հայրենիքը և եթե այդ կապը ստեղծվում է, նրանք անպայման վերադառնում են»,- ասում է Deem Communications ընկերության հիմնադիր Րաֆֆի Նիզիբլյանը:

Ծրագրում ընդգրկված էին նաև այցելություններ Հայաստանի ամերիկյան համալսարան, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Այբ դպրոց, Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան: Երիտասարդները մեկ օր անցկացրին Օրրան բարեգործական հիմնադրամի փոքրիկ երեխաների հետ: Հայկական և արևելյան խոհանոցի հետ ծանոթության շրջանակներում երիտասարդներն իրենց ձեռքերով պատրաստեցին ու համտեսեցին հայկական տոլմա ու մանթի, ներկա եղան ICARE ընկերության և Գինու ակադեմիայի համատեղ կազմակերպած հայկական գինիների համտեսի միջոցառմանը: Մայր Աթոռ Սբ. Էջմիածին այցի ժամանակ խմբին ընդունեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ում հետ երիտասարդները երկար զբոսնեցին, զրուցեցին, այցելեցին Ռուբեն Սևակի թանգարան: Արագած լեռան գագաթը երիտասարդների հայաստանյան հերթական նվաճումներից էր:

Այդ օրերին Լոռու մարզում ընթացող ՀԲԸՄ Անդրանիկ սկաուտական բանակումը նույնպես հյուրընկալեց Երևանի փորձառության ծրագրի մասնակիցներին: Հայաստան այցը լավ առիթ էր նաև կատարելագործելու իրենց հայերեն լեզվի ու հայկական ժողովրդական պարերի իմացությունը: Աշխատանքից հետո երիտասարդները հաճախում էին հայերենի և պարի դասըն`թացների, իսկ վեց շաբաթ անց, համերգով հանդես եկան ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի Հայորդյաց տանը:

Վեցշաբաթյա ծրագրի ավարտին Երևանի Ժողովրդական արվեստի թանագարանում տեղի ունեցավ ծրագրի հրաժեշտի երեկոն` մասնակցությամբ սփյուռքահայ երիտասարդների, նրանց ղեկավարների ու ՀԲԸՄ ներկայացուցիչների:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

end faq