ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Ուսման վարձերի փոխհատուցման նպատակով հատկացվել է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար

Կրթության ներուժի հանդեպ մեծագույն հավատքով` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), Գալուստ Գյուլբենկյան հիմնդրամի և Հայաստանի Հանրապետության Սփյուռքի և Կրթության նախարարությունների հետ համատեղ շարունակում է Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողներին տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագիրը:
Ծրագիրը մեկնարկեց 2013թ.: Այն ժամանակ կողմերը փոխհատուցեցին հայաստանյան համալսարաններում սովորել ցանկացող 380 սիրիահայ ուսանողների ուսման վարձերը: 2014-2015 ուսումնական տարում այս ծրագրից օգտվեցին 420 սիրիահայ ուսանողներ, իսկ 2015-2016 ուսումնական տարում կօգտվեն 460-ը, ծրագրի ընդհանուր հատկացումները հասցնելով մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ աջակցություն ստացած սիրիահայ ուսանողների թիվը` 1260-ի: Այս նախաձեռնությունը հայաստանյան համալսարանական կրթությունն առավել հասանելի է դարձնում սիրիահայ երիտասարդների համար և հնարավորություն տալիս նրանց հզորացնելու իրենց ներուժն ու իրենց ներդրումն ունենալու հայրենիքի զարգացման գործում: