ՀԲԸՄ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 10-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց շախմատի հանրապետական համադրոցական օլիմպիադայի 10-րդ` հոբելյանական մրցաշարի երկրորդ` համայնքային փուլը: Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան կազմակերպում են Հայաստանի շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Մրցաշարի մրցանակային ֆոնդն արդեն 9 տարի շարունակ ապահովում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): Օլիմպիադային մասնակցում են Հայաստանի, Արցախի ու Ջավախքի ավելի քան 10,000 դպրոցականներ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, ՀԲԸՄ Հայաստանի հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսսա Մարգարյանը, բազմաթիվ ծնողներ, լրագրողներ ու հյուրեր:

«Արդեն հինգ տարի է անցել այն օրից, երբ ՀՀ բոլոր դպրոցներում շախմատը ներմուծեցինք իբրև պարտադիր առարկա: Ի ուրախություն բոլորիս՝ այս հինգ տարիների ընթացքում մեր երեխաները ցուցադրել են փայլուն շախմատային խաղեր, տարել գերազանց հաղթանակներ, որոնց կապակցությամբ կարող ենք միայն հպարտություն զգալ»,ասաց ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը:

Բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: Նա մասնավորապես նշեց. «Անչափ ուրախ եմ, որ արդեն իններորդ տարին է, ինչ համագործակցում ենք Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ, որը հանդիսանում է այս մրցաշարերի գլխավոր հովանավորը: Փորձում ենք տարեցտարի այս մրցաշարը դարձնել ավելի գրավիչ և հետաքրքիր»:

Ութամսյա լարված պայքարը գարնանը կորոշի հանրապետության լավագույն դպրոցական թիմն ու անհատական հաշվարկով լավագույն շախմատիստներին: Այս տարի օլիմպիադան անցկացվում է արդեն 10-րդ անգամ: Ավելի քան 10,000 դպրոցականներ ամեն տարի մասնակցում են այս մրցաշարին: Առաջին` դպրոցական փուլը հաղթահարած թիմերն արժանանում են իրենց դպրոցը հաջորդ փուլերում ներկայացնելու պատվին: Համայնքային փուլի խաղերը կշարունակվեն ևս 2 շաբաթ, որի հաղթողները հաջորդ փուլերում կներկայացնեն արդեն իրենց համայնքը, այնուհետև նաև իրենց մարզը: Մրցաշարի 3-րդ փուլը և եզրափակիչը տեղի կունենան գարնանը:

«Այս տարիների ընթացքում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ներդրել է ավելի քան 200.000 ԱՄՆ դոլլար, և այսօր մենք կարող ենք վստահությամբ ասել, որ մենք կրթել ենք շախմատիստների մի ամբողջ որակյալ սերունդ և հուjսով ենք, որ շատ շուտով նրանց միջից կծագեն այնպիսի շախմատային աստղեր, ովքեր կդառնան մեր հպարտությունը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում», ասաց Հայկական բարեգործական ընդհանուր միության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսսա Մարգարյանը:

Նախորդ 9 տարիների ընթացքում ՀԲԸՄ-ի նվիրատվության շնորհիվ Հայաստանի բոլոր մարզերի 1000-ից ավելի հանրակրթական դպրոցներ ապահովվել են շախմատի տախտակներով, շախմատային ժամացույցներով, շախմատային գրականությամբ, ցուցադրական տախտակներով և պրոյեկտորներով։ Օլիմպիադայի հաղթողներն այս ընթացքում ՀԲԸՄ-ի կողմից պարգևատրվել են համակարգիչներով, MP3 նվագարկիչներով, հեռախոսներով, USB կրիչներով, պլանշետներով, դրամական պարգևներով ու մեդալներով: Վերջին տարիներին, շնորհիվ շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադայի, զգալիորեն աճել է հետաքրքրությունն այս մարզաձևի հանդեպ հատկապես երեխաների շրջանում: Մրցաշարը, որին ամեն տարի մասնակցում են 7-17 տարեկան մոտ 10,000 աշակերտներ 1000 դպրոցներից, արդեն իսկ ճանապարհ է հարթել շատերի համար դեպի պրոֆեսիոնալ շախմատ:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ՀԲԸՄ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 10-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: