ՊԵՐՃ ԵՎ ՎԵՐԱ ՍԵԴՐԱԿՅԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (Հ.Ա.Հ.) ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՏԵՐ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՆ

Հոկտեմբերի 10-ին, տեր և տիկին Պերճ և Վերա Սեդրակյանների հրավերով, Նյու Ջերսիի Նորթ Բերգն շրջանի գետափնյա Ուոթըրֆրոնթ ռեստորանում, տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) նախագահ Դր. Արմեն Տեր Կյուրեղյանի հետ, որ Համալսարանի մասին կարևոր տեղեկություններ փոխանցեց ներկաներին: Հյուրերի թվում էին ՀԲԸՄ Կենտրոնական վարչության և Հոգաբարձուների խորհրդի անդամներ, համալսարանի շրջանավարտներ, ինչպես նաև Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր բացման խոսքում Պերճ Սեդրակյանը խոսեց ՀԲԸՄ-ի և ՀԱՀ-ի միջև գոյություն ունեցող համագործակցության մասին: «Համալսարանի ստեղծման առաջին իսկ օրվանից, ՀԲԸՄ-ն, իբրև համահիմնադիր կազմակերպություն, հավատացած էր, որ Համալսարանը, որպես արևմտյան չափանիշներին համապատասխանող ուսումնական հաստատություն, մեծապես օգտակար պետք է լիներ Հայաստանի համար` նկատի ունենալով, որ այդ օրերին երկիրը նոր էր դուրս գալիս Սովետական ժամանակաշրջանի ազդեցություններից: ՀԱՀ-ը մի հաստատություն է, որ կարիք ունի մեր բոլորի շարունակական աջակցության», - ասաց նա:

Հանդիպման ընթացքում Դր. Տեր Կյուրեղյանը մանրամասն խոսեց համալսարանի և Հայաստանում նրա ազդեցության մասին: «ՀԱՀ-ը ամերիկյան հավատարմագրմամբ միակ համալսարանն է նախկին սովետական հանրապետությունների ամբողջ տարածքում: Մեր ուսանողության 90-ից 100-ը Հայաստանի քաղաքացիներ են, ուսանողներ ունենք նաև 20 տարբեր երկրներից»: Համալսարանի Զարգացման և արտաքին հարաբերությունների բաժնի փոխնախագահ Լորեն Ալեքսանդրն ու ՀԱՀ-ի տնօրենների խորհրդի նախագահ Լերի Փիթսը ևս իրենց խոսքն ուղղեցին ներկաներին: «Ուսումը ներդրում է: Երբ ներդրում կատարեք կրթության մեջ, դուք արդյունավետ քայլեր կատարած կլինեք հետագայում ազգի ընդհանուր կարիքների բավարարման ուղղությամբ», - ասաց Դր. Փիթսը:

Դր. Արմեն Տեր Կյուրեղյանը ՀԱՀ-ի հիմնադիր անդամներից մեկն է: Նա եղել է Գիտության և ճարտարագիտության բաժնի հիմնադիր դեկան, պրոռեկտորի պաշտոնակատար, իսկ այժմ համալսարանի նախագահն է: Նա միջազգային ճանաչման արժանացած գիտաշխատող է, միաժամանակ, Կալիֆորնիայի Բըրքլի համալսարանի քաղաքացիական ճար-տարագիտության ամբիոնի պատվավոր վարիչ: Տեր Կյուրեղյանն արժանացել է նաև ԱՄՆ Ճարտարագիտության ազգային ակադեմիայի ընտրյալ անդամի կոչմանը: Նա նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հեռակա անդամ է: Դր. Արմեն Տեր Կյուրեղյանը նաև դասախոսելու հրավերներ է ստացել Դանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Իտալիայի, Հնդկաստանի և Սլովենիայի մի շարք անվանի համալսարաններից:

Լինելով ՀԱՀ-ի համահիմնադիր երեք կազմակերպություններից մեկը` ՀԲԸ Միությունը 1991թ.-ի համալսարանի հիմնադրման օրվանից ի վեր մշտապես հովանավորել է համալսարանին: ՀԲԸՄ-ի շարունակական աջակցության և խոշոր ներդրումների շնորհիվ համալսարանում իրականացվել են բազմաթիվ նոր նախաձեռնություններ, ինչպիսիք են` համալսարանական կրթաթոշակները, ուսումնական նոր ճյուղերի ստեղծումը, ՀԲԸՄ Փափազյան գրադարանի հիմնումը և ՀԱՀ-ի շրջանային ճյուղերի ստեղծումը, հատ-կապես ՀԱՀ Շարունակական կրթության ծրագրի ստեղծումը Լեռնային Ղարաբաղում, որը մեծապես նպաստել է Հանրապետության մարդուժի վերապատրաստման աշխատանքներին: