ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «էԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 29-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանի շենքի դահլիճում տեղի ունեցավ «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, ՀԲԸ Միությունը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և ՀՀ-ում Էստոնիայի դեսպանությունը: Համաժողովի նպատակն էր բարձրացնել հասարակության իրազեկությունը էլեկտրոնային կառավարման մասին, տարբեր համակարգերի ներդաշնակման միջոցով տեղեկատվությունն ու մատուցվող ծառայությունները դարձնել առավել հասանելի, ինչպես նաև փնտրել ուղիներ էլէկտրոնային կառավարման ոլորտում սփյուռքի առավել ակտիվ և արդյունվետ ներգրավման համար, որը շահավետ կլինի երկկողմանի` թե սփյուռքահայության և թե մեր երկրի համար: «Էլեկտրոնային կառավարումը հեշտացնում է թե մարդկանց կյանքը, թե երկրի կառավարումը: Գործարքները կատարվում են առանց ժամանակի ու փաստաթղթերի կորստի: Հայաստանն այս գործում շատ լավ դիրքերում է: Սա ոչ միայն Հայաստանի կառավարության տեսակետն է, այլ նաև անձամբ իմ համոզմունքը` որպես անկախ փորձագետ», ասաց էլէկտրոնային կառավարման ակադեմիայի հիմնադիր Իվար Տալլոն (Էստոնիա): Բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, ՀՀ-ում Էստոնիայի դեսպան Պրիիտ Տուրկը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պլոտր Սվիտալսկին: Համաժողովը քննարկեց Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման արդյունքներն ու հետագա քայլերը, ինչպես նաև ոլորտի զարգացման համար անհրաժեշտ պայմաննրը` այդ թվում ոլորտի կայացման համար չափազանց կարևոր պայման հանդիսացող վստահության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը: Կարևորելով համաժողովի նշանակությունը էլեկտրոնային կառավարման մասին իրազեկվածության բարձրացման տեսակետից, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական ժողովի անդամ Վազգեն Յագուբյանը խոսեց այդ համակարգի ընձեռած հնարավորությունները Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը ծառայեցնելու մասին: Նա ասաց. «Այս պլատֆորմի հնարավորությունները չափազանց մեծ են և մենք պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք օգտագործել այդ հնարավորությունները, համախմբել և համակարգել մեր ռեսուրսները թե° Հայաստանում և թե° սփյուռքում` հզորացնելու համար մեր ազգը, ինչպես նաև այս պլատֆորմի հնարավորությունները հասանելի դարձնել սփյուռքի համար, որպեսզի սփյուռքն էլ կարողանա օգտվել և միևնույն ժամանակ օգնել Հայաստանին»: Համաժողովին որպես բանախոսներ մասնակցում էին նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Քրիստի Ռաիդման, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի նախագահ Րաֆֆի Քասարջյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի գլխավոր խորհրդական Արտակ Մելքոնյանը, IDeA հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Սերգեյ Թանթուշյանը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը, Impact Hub Երևանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Քեոշքերյանը, Հայք-ՀԲԸՄ Գերմանիայի նախագահ Կարեն Ղարսլյանը, Կոնցեռն դիալոգի գլխավոր գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը: Համաժողովը վարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: Դահլիճում ներկա էին կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏՏ ոլորտի փորձագետներ, սփյուռքի ներկայացուցիչներ ու այլ շահագրգիռ անձիք, որոնք իրենց հուզող հարցերն ուղղեցին օրվա բանախոսներին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

end faq