ՆԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ «ՀԵՐԱՑԻ» ԹԻՎ 1 ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՄԱԳՆԻՍԱՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չորեքշաբթի, սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի «Լևոն և Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնում տեղի ունեցավ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը` մասնակցությամբ ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի և ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի:Աշխարհահռչակ General Electric ընկերության Brivo MR 355 նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը ազգային բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանի, նրա տիկնոջ` Արտեմիս Նազարյանի և նրանց որդու` ամերիկահայ առաջատար ռադիոլոգ, ԱՄՆ-ի Թոմաս Ջեֆերսոն ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի ղեկավար և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Լևոն Նազարյանի նվիրատվությունն է կենտրոնին:Սարքն ապահովում է պատկերի բարձրակարգ արտացոլում, ինչը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ ախտորոշման: Այս նոր սերնդի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի միջոցով հնարավոր կլինի անցկացնել հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին Հայաստանում, այդ թվում սրտի, ոսկրահոդային, ոսկրամկանային և այլ հետազոտություններ: Սարքի ընդհանուր արժեքն է 1,400,000 ԱՄՆ դոլար:Բացման հանդիսավոր արարողությունից առաջ ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը և ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ստորագրեցին երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր:Սա Նազարյան ընտանիքի հերթական խոշոր նվիրատվությունն է հայրենիքին: «ՀԲԸՄ-ԵՊԲՀ Լևոն և Քլոտիա Նազարյան» ռադիոլոգիայի կենտրոնը, որի բացումը տեղի է ունեցել 2010թ., նույնպես հիմնադրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ` ի դեմս Նազար և Արտեմիս Նազարյանների, ովքեր այդ նպատակի համար նվիրաբերել էին 1,7 մլն ԱՄՆ դոլար:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

end faq