ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԲԸՄ ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 24-ին, Երևանում տեղի ունեցավ «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը` ներկայությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀԲԸ Միության նախագահ Պերճ Սեդրակյանի, ամերիկահայ ազգային բարերար Վահե Կարապետյանի, ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ Գառնիկ Յակուբյանի, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ Սինան Սինանյանի, Վազգեն Յակուբյանի և Երվանդ Զորյանի, ինչպես նաև ավելի քան երկու հարյուր հյուրեր: Ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը Երևանի Զաքարիա Քանաքեռցի թիվ 1 հասցեում գտնվող իր շենքը 2014թ. նվիրաբերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը: Կառույցն անվանակոչվեց «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»: Կենտրոնի ընդհանուր տարածքը կազմում է 5500քմ:

«Այս կենտրոնը պիտի ծառայե հատկապես սփյուռքի և հայրենիքի երիտասարդներու միջև փոխհարաբերություններու ամրապնդման: Բուն գաղափարը սփյուռքի զանազան գաղութներերեն համալսարանական տարիքի երիտասարդներ հայրենիք բերելն է, անոնց հայրենիքի կյանքին ծանոթացնելը և Հայաստանցի երիտասարդներու հետ շփումը ապահովելը: Այդ նպատակով այստեղ պիտի կազմակերպվին կրթական, մշակութային և հասարակական միջոցառումներ», ասաց ՀԲԸՄ նախագա Պերճ Սեդրակյանը: Բացման և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, բարերար Վահե Կարապետյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որն ընթերցեց ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օրհնության խոսքը: Առ ի գնահատանք իր բարերարության, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը Վահե Կարապետյանին հանձնեց ՀԲԸ Միության բարերար անդամի ոսկե մեդալ և վկայական:

«Ինքս Բարեգործականի անդամ չեմ եղել երբեք, բայց այդ միությունն իմ հոգուց է խոսել միշտ: Տարիներ շարունակ ԱՄՆ-ում, թե հեռուստատեսությամբ, թե այլուր, մշտապես հետևել եմ Միության գործունեությանը` որպես ազգային միասնականության մեխանիզմ ունեցող կառույց, ծանոթացել եմ Պողոս Նուբար փաշայի կենսագրությանն ու գործունեությանը: Այս շենքը Կենտրոն դարձնելու նպատակով չսկսեցինք կառուցել: Շատ բծախնդիր աշխատեցինք, իսկ հետո, երբ ամեն ինչ պատրաստ էր, մտածեցինք վաճառելն ափսոս է, վարձով տալն ափսոս է, օգտագործելն ափսոս է, և մտածեցի, որ միայն և միայն կարող եմ տալ այն կազմակերպությանը, որը միշտ մտածել է մեր ազգի միասնականության մասին»,ասաց Վահե Կարապետյանը:

Հանրապետության նախագահը, ուղեկցությամբ Պերճ Սեդրակյանի, Վահե Կարապետյանի, Վազգեն Յակուբյանի և այլոց, շրջեց կենտրոնում, ծանոթացավ շենքի պայմաններին ու Միության կողմից կենտրոնում իրականացվելիք առաջիկա ծրագրերին, ինչպես նաև այցելեց արդեն իսկ շենքում գործող «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակ: ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը ներկայացրեց կենտրոնի 3-րդ մասնաշենքի ներքին հարդարման հայեցակարգային դիզայնը, որը մշակվել է «Ստորակետ» ճարտարապետական գրասենյակի կողմից: «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ը կդառնա Հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ՀԲԸՄ-ի առաքելության գործնականացման, Հայաստանում նրա ընդլայնվող ներկայության ու գործունեության ծավալման, ինչպես նաև սփյուռքահայ ու հայրենի երիտասարդների միջև հարաբերությունների սերտացման նպաստող հայաստանակենտրոն ծրագրերի իրականացման հիմնական օճախ ու կամուրջ: Կենտրոնն իր հարկի տակ կհյուրընկալի նաև ՀԲԸՄ-ի ամենամյա ամառային ծրագրերի մասնակից ու տարբեր երկրներից ժամանող հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդների ու դպրոցական խմբերի: ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում տեղի կունենան խորհրդաժողովներ, հավաքներ, մշակութային ու կրթական տարաբնույթ միջոցառումներ, որոնք կհամախմբեն հայրենի և սփյուռքահայ երիտասարդությանը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

 

end faq