ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Սեպտեմբերի 8-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Յորդեկյանին և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լենա Հալաջյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց սերտ համագործակցության համար և բարձր գնահատեց Հայաստանում հաստատված սիրիահայերին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից ցուցաբերված բազմաբնույթ օգնությունը: Նախարարը նշեց, որ վերջին շրջանում, յուրաքանչյուր ամիս շուրջ հազար սիրիահայ է տեղափոխվում Հայաստան: Անհրաժեշտ է վերանայել նրանց հետ տարվող աշխատանքների մեթոդներն ու ձևերը, առավել արդյունավետ կերպով նպաստելու Հայրենիքում նրանց ինտեգրմանը, հանրային կյանքի տարբեր ոլորտներում ակտիվ ներգրավմանը: Հրանուշ Հակոբյանն ու ՀԲԸՄ ներկայացուցիչները քննարկեցին սիրիահայ ուսանողների, գործարարների ու բժիշկների փոքր կամավորական խմբերի ստեղծման, նրանց հետ հանդիպումների կազմակերպման, Հայրենիքի զարգացման գործում նրանց մասնակցության ապահովման, հասարակության լիիրավ անդամ դառնալու հետ առնչվող հարցեր: Որոշվեց այդ նպատակով պատրաստել տեղեկատվական, ճանաչողական թերթոններ, հանդիպումների ժամանակացույց: Նախարարը նշեց, որ այս ուսումնական տարում ևս ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀԲԸՄ-ն և «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը շարունակվելու են համավճարի կարգով փոխհատուցել բակալավրիատներում սովորող սիրիահայ ուսանողների ուսումնական վարձի մեծ մասը: Նախարարը հանձնարարեց ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ պատրաստել նախորդ երեք տարիների ընթացքում ցածր տոկոսով վարկ ստացած և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի վերաբերյալ վիճակագրություն և հանդիպումներում քննարկել նրանց հաջողությունների հիմքերը նպաստավոր հանգամանքներն ու ի հայտ եկած խնդիրները: Քննարկվեց Սիրիահայերի ստեղծագործական կենտրոն ստեղծելու հարցը: ՀԲԸՄ ներկայացուցիչները պատրաստամակություն հայտնեցին աջակցել նախարարության կողմից իրականացվելիք ձեռնարկներին:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: