ԹՈՒՄՈXՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2015 թ. սեպտեմբերի 2-ը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրը, Ստեփանակերտում ազդարարվեց ոգևորության մեծ ալիքով՝ ուսումնառության, ստեղծարարության և տեխնոլոգիաների նոր կենտրոնի բացման կապակցությամբ: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագիրը հասանելի դարձավ տարածաշրջանում՝ ի շնորհիվ Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ ջանքերի` վերջերս հաստատված ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության շրջանակներում: Կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Սիմոնյան կրթական հիմնադրամի ղեկավար Սեմ Սիմոնյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ Ջոզեֆ Ուղուրլյանը և Վազգեն Յակուբյանը, Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը և Ղարաբաղ Տելեկոմ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, իսկ սեպտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին և 23-ին կողմնորոշիչ հանդիպումներ կանցկացվեն ուսանողների և ծնողների համար: Ուսանողների համար թումոյական արկածները կսկսվեն հոկտեմբերի 5-ից, երբ կենտրոնի դռները կբացվեն քաղաքից և մերձակա շրջաններից 12-18 տարեկան հարյուրավոր պատանիների համար: Ակնկալվում է, որ Ստեփանակերտի նոր կենտրոնը կհյուրընկալի 500-ից 1000 ուսանողի, ովքեր կաշխատեն արհեստավարժ մասնագետների և փորձագետների հետ՝ յուրացնելու անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, վեբ ծրագրավորման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կծանոթանան այնպիսի լրացուցիչ ոլորտների, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ծրագրավորումը, երաժշտությունը, լուսանկարչությունը և գրաֆիկական դիզայնը: Կենտրոնի բոլոր գործառնական և մեկնարկային ծախսերը հոգալու է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ հիմնադիր աջակից անդամներ Ավետիս և Արշո Բաղսարյանների, Ջոզեֆ և Ջեննի Ուղուրլյանների, ինչպես նաև Վիկտոր Զարուգյանի և Ջուդիթ Սարյանի նվիրատվությունների շնորհիվ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը նոր կենտրոնի համար տարածք է տրամադրել Ստեփանակերտի սրտում գտնվող պատմական շենքում: Շինության վերանորոգումը հնարավոր է դարձել Ղարաբաղ Տելեկոմ ընկերության նվիրատվության շնորհիվ: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը (www.tumo.org) անվճար արտադպրոցական ծրագիր է, որի շրջանակներում հայ երիտասարդները ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու համար անհրաժեշտ հմտությունները: Առաջին Թումո կենտրոնը բացվել է 2011 թ. Երևանում, որից հետո՝ 2013 թ., կենտրոն է բացվել նաև Դիլիջանում՝ Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ: Այս տարվա սկզբին ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ կենտրոն է բացվել արդեն Գյումրիում՝ ընդլայնելով Թումոյի առաքելությունը Հայաստանի այլ տարածքներում:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ԹՈՒՄՈXՀԲԸՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: