ԿԱՆԱՅՔ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ. ՆՅՈՒ ՋԵՐՍԻԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՈՒ ԹԱԼԻՆ

Հունիսի 13-ին, ՀԲԸՄ Երևանի աշխատակիցներն այցելեցին Վանաձորի ՀԲԸՄ «Հայ կին» հղի կանանց աջակցության կենտրոն` իրենց հետ տանելով ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից ուղարկված գունավոր ձեռագործ մանկական գլխարկներն ու ծածկոցները: Նախաձեռնության հեղինակը Բեթթի Չերքեզյանն է, որն արդեն 2-րդ անգամ իր և նահանգի այլ կանանց գործած հագուստներն ու ծածկոցներն ուղարկում է Հայաստանում գործող «Հայ կին» հղի կանանց աջակցության կենտրոններից օգտվող մայրիկներին: Նախորդ անգամ օգնությունն ուղարկվել էր Եղվարդ և Թալին: Այս անգամ հերթը Վանաձորինն էր: «Կանայք բավական լայն խորհրդատվություն են ստանում այս կենտրոններում: Թեմաները տարբեր են. գինեկոլոգիա, տարատեսակ բարդություններ, նախա և հետծննդյան խնամք: Մենք միշտ հաշվի ենք առնում կենտրոն այցելող կանանց առաջարկները` հերթական հանդիպման թեման որոշելիս: Երբեմն հոգեբան ենք հրավիրում: Կանայք սիրում են մեր կենտրոնը, այստեղ ձեռք են բերում ընկերներ և միասին քննարկում ընդհանուր թեմաներ», - ասում է կենտրոնի աշխատակից Մելանիա Միրզոյանը: «Եթե այս կենտրոնը չլիներ, ստիպված էինք լինելու համացանցում փնտրել մեզ հուզող հարցերի պատասխանները, բայց դա նույնը չէ: Համացանցում այնքան շատ ու տարբեր է ինֆորմացիան, երբեմն իրար հակասող, որ շատ դժվար է կողմնորոշվել ու զտել պետք եղած ճիշտ ինֆորմացիան», - ասում է Լենա Հարությունյանը, որն սկսել է կենտրոն հաճախել այս տարվա մարտից: Վանաձորի կենտրոնը ստեղծվել է 2006թ.: Այն տրամադրում է անվճար խորհրդատվություն և աջակցություն Վանաձորի և հարակից շրջանների հղի կանանց: Այս ընթացքում ավելի քան 835 հղի կանայք օգտվել են կենտրոնի ծառայություններից:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ԿԱՆԱՅՔ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ. ՆՅՈՒ ՋԵՐՍԻԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՈՒ ԹԱԼԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: