«ՀԱԼԵՊ. ՏԱԳՆԱՊԱԼԻ ՕՐԵՐ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ Հալեպի «Մարտիրոս Սարյան» ակադեմիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Փետրվարի 18-ին, Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, բացվեց ՀԲԸՄ Հալեպի «Մարտիրոս Սարյան» ակադեմիայի սաների աշխատանքների եռօրյա ցուցահանդեսը: «Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով ցուցահանդեսը նվիրված էր ակադեմիայի հիմնադրման 60-ամյակին: Այն կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունն ու «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն: Ակադեմիայի ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանը հպարտորեն ներկայացրեց իրենց սաների աշխատանքներն` ասելով. «Երեխաները հոգու խորքում հավատում են, որ իրենց կյանքը կփոխվի, և դա ընդգծված է նրանց նկարներում: Համոզված եմ, որ պիտի ուրախանան, երբ հեռուստացույցով դիտեն այս ցուցահանդեսի մասին, եթե հոսանք ունենան, և իմանան, որ նավը չի ընկղմվում և այս պատերազմը մի օր կվերջանա»: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արշիլ Գորկի մեդալով պարգևատրեց Հրազդան Թոքմաջյանին և պատվոգրեր շնորհեց «Մարտիրոս Սարյան» ակադեմիայի սաներին: Գեղարվեստի ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը նշեց. «Ես չգիտեմ մեկ այլ ազգ, որն այս պայմաններում նկարի: Սա մեր դեմքն է, որով աշխարհին ենք ներկայնաում»: Հալեպահայ մանուկների աշխատանքները բարձր գնահատեցին նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հալեպահայ արվեստաբան Շահեն Խաչատրյանը, սիրիահայ արվեստագետ, դիզայներ Գևորգ Շադոյանը: Համերգային համարներով հանդես եկան պատերազմի հետևանքով Սիրիայից հայրենիք տեղափոխված մանուկներ` Աննա Մարիա Մուբայեդը և Սերլի Շեոհմելյանը: Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան դիտելու ակադեմիայի սաների ողջույնի տեսաուղերձն իրենց հայրենակիցներին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq