ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲ. ԲԱՆԱԿՈՒՄ ԵՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը մայիսի 1-3-ը կազմակերպեց հերթական ամենամյա եռօրյա բանակումը` հագեցած հետաքրքիր հայտագրերով: Նախապատրաստական աշխատանքները կարճ ժամանակում ավարտելուց հետո սկաուտներն ու արենուշները մեկնեցին բանակավայր` Լոռու մարզի Լեռմոնտովո գյուղ: Վրանները լարելուց և կայմը կանգնեցնելուց հետո, բոլորը շտապեցին կողմնացույցի կրծքանշանի քննության` կարոր և պատասխանատու քննություն յուրաքանչյուր սկաուտի և արենուշի համար: Մութն ընկնելուն պես կազմակերպվեց մեծ խաղ անտառում, մթության մեջ զգոնությունը ստուգելու և զարգացնելու համար: Առաջին օրը հատկապես հիշարժան էր արենուշների «Արագիլ» խմբի մի քանի արենուշների համար, ովքեր պատվով անցան նախապես պատրաստած փորձությունը և ապացուցեցին, որ արժանի են քարավել դառնալ: 2-րդ օրն անցկացվեց հետախուզական մեծ խաղ` ստուգելու խմբի արագ կողմնորոշվելու և ճկուն գործելու ունակությունները, ինչպես նաև քարտեզ կարդալու դասընթաց և քննություն: Բանակումի երրորդ` եզրափակիչ օրն անչափ կարևորվեց խմբի համար: Դրոշակի արարողության ժամանակ տեղի ունեցավ առաջնորդների և վարիչ-առաջնորդների պաշտոնների հանձնումն ու քարավել խմբի փոխանցումը: Արարողությանը ներկա էր նաև ՀԲԸՄ Սկաուտական խորհրդի ատենապետուհի Հերմինե Դուզյանը: Դրոշակի արարողությամբ ավարտվեց նաև եռօրյա բանակումը: Սկաուտներն ու արենուշները բարձր տրամադրությամբ վերադարձան տուն: Ապրիլի 12-ին ՀԲԸՄ Երևանի սկաուտների «Արագիլ» խումբն այցելեց Երևանի թիվ 1 ծերանոց: Այցի նպատակը ոչ միայն մեծերի հետ շփումն էր, այլ նաև Նվարդ տատիկին` նախորդ այցելության ժամանակ խոստացած նվերը փոխանցելը: Մարտ ամսին այս նույն ծերանոց այցելության ժամանակ սկաուտները նրան խոստացել էին բերել խմբակային նկար գեղեցիկ շրջանակով և մի գեղեցիկ ձեռային աշխատանք «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգի բառերով: Սկաուտների և մեր տարեցների հանդիպումը չափազանց հուզիչ էր: Տիկին Նվարդն ու իր ամուսինը պատերազմի մասնակիցներ են, և արենուշներն ուշադիր լսում էին պատերազմի մասին նրանց պատմություններն ու ապրումները: Այդ հիշողություններից առաջացած տխրությունը ցրվեց դաշնամուրի մոտ, երբ արենուշները սկսեցին երգել ու նվագել: Նույն օրը երեկոյան Երևանի կենտրոնում սկաուտները մասնակցեցին նաև երիտասարդական ֆլեշմոբին: