ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն այս տարի նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ոգեկոչման միջոցառումներ կազմակերպվեցին ողջ աշխարհում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը Երևանում այս տարի լեփ-լեցուն էր ոչ միայն ապրիլի 24-ին, այլ մի ամբողջ շաբաթ շարունակ: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանյան կառույցները նույնպես, ավանդույթի համաձայն, միասին այցելեցին Ծիծեռնակաբերդ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: ՀՀ և ՀԲԸՄ սկաուտական դրոշների ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի աշխատակազմը, Միության հայրենաբնակ անդամներն ու Երևանի սկաուտական խումբը` ղեկավարությամբ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի և ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանի, բարձրացան հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ: Նույն օրը երեկոյան ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը մասնակցեց նաև 100-ամյակին նվիրված օդապարիկների ֆլեշմոբին: Կիևյան կամրջի և հարակից Թումանյան այգու տարածքից երկինք բաց թողնվեցին հազարավոր օդապարիկներ` խորհրդանշելով Եղեռնի անմեղ զոհերի հոգիներն ու ի լուր աշխարհի մեկ անգամ ևս հիշեցնելով հայոց մեծ վշտի` Ցեղասպանության մասին: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի փոքրիկ անդամներն ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդում մասնակցեցին ծաղկահավաքին: Արդեն հինգ տարի շարունակ ապրիլի 24-ին հաջորդած օրերին Ցեղասպանության հուշակոթողի մոտ, ՎիվաՍել ընկերության աջակցությամբ, Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը կազմակերպում է ծաղկահավաք: Կուտակված մոտ 2 տոննա ծաղիկներն այրվելու կամ թափվելու փոխարեն ստանում են երկրորդ կյանք բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ու կամավորների օգնությամբ, որոնք առանձնացնում են ծաղիկների ցողունները պսակաթերթիկներից: Առաջիններն օգտագործվում են որպես պարարտանյութ, իսկ վերամշակված պսակաթերթիկներից պատրաստվում են բացիկներ և շնորհակալագրեր: ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը նույնպես ամեն տարի իր ակտիվ մասնակցությունն է բերում այս բնապահպանական և օգտակար նախաձեռնությանը: