ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպական և թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչները Երևանում

95 տարի շարունակ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակման ոչ մի միջոցառում չէր անցկացվում: Ամեն ինչ փոխվեց 2010թ.-ին, երբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Վերջին տարիներին, EGAM եվրոպական հակառասիստական կազմակերպության, թուրքական DurDe! (Ո՛չ ռասիզմին և ազգայնամոլությանը) և IHD կազմակերպությունների նախաձեռնությամբ Թուրքիայում տեղի ունեցող այս միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը աջակցում է նաև ՀԲԸՄ Եվրոպան: Արդեն երրորդ տարին անընդմեջ, ապրիլի 24-ին Թուրքիայում անցկացվող ոգեկոչման միջոցառումներից հետո, այս կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը, ՀԲԸՄ Եվրոպայի աջակցությամբ, այցելում է նաև Հայաստան` կիսվելու իրենց տպավորություններով ու ծրագրերով, հանդիպելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հ/կ անդամների հետ և այցելելու Ծիծեռնակաբերդ: Այս տարի նույնպես, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Թուրքիայում նշելուց հետո, վերոհիշյալ կազմակերպությունների ութ հոգանոց պատվիրակությունը ժամանեց Երևան: Ապրիլի 26-ին, ՀԲԸՄ Երևանի ուղեկցությամբ, նրանք այցելեցին Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ: Այնուհետև շրջեցին Հայոց Ցեղասպանության թանգարանի նորաբաց սրահներում և հանդիպեցին թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: Ապրիլի 27-ին, ՀԲԸՄ Երևանի գրասենյակում տեղի ունեցավ պատվիրակության մամլո ասուլիսը, որին մասնակցեց նաև ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը: «Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընդունումը երկարատև գործընթաց է, որի արդյունքում կտրականապես պետք է փոխվի թուրք մարդու պատմական գիտակցությունը: Թուրքական հասարակական կազմակերպությունների ճնշումներն ու միջազգային հանրության ուշադրությունը կարող են ստիպել Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանության փաստն ու կատարել հայկական կողմի պահանջները: Արդեն 6-րդ անգամ մենք Ստամբուլում ոգեկոչեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս տարվա` 100-րդ տարելիցի ցույցի մասնակիցների թվաքանակն ավելին էր, քան մենք կարող էինք ակնկալել: Լրատվամիջոցների կողմից հետաքրքրությունը չափազանց մեծ էր այդ միջոցառումների հանդեպ», - ասաց DurDe! կազմակերպության համահիմնադիր և խոսնակ Լևենտ Շենսևերը: Պատվիրակության անդամները խոսեցին Թուրքիայում անցկացվող միջոցառումների ու ցույցերի, մարդկանց գիտակցության մեջ նկատվող փոփոխության և այդ ցույցերին նրանց մասնակցության, իշխանությունների կողմից գործադրվող ճնշումների և Գալիպոլիի միջոցառման կազմակերպման, 100-ամյակի խորհրդի ու հետագա անելիքների մասին: EGAM-ի նախագահ Բենջամին Աբթանն մասնավորապես ասաց. «Ժխտումներն ու ճնշումները դեռ կշարունակվեն, բայց այնուամենայնիվ այս շարժումը կա և այն անկասելի է: Թուրքական կառավարությունն էլ հասկանում է, որ այս շարժման հետ պետք է հաշվի նստել: 100-ամյակով ոչինչ չի ավարտվում, հակառակը 100-ամյակը սկիզբն է նոր էջի և պայքարի նոր թափի: Մենք շարունակելու ենք պայքարը»:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

end faq