ԱՎԱՐՏՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ 9-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անցյալ հոկտեմբերին մեկնարկած շախմատի հանրապետական համադպրոցական 9-րդ օլիմպիադան այս տարվա մայիսին հասավ իր վերջնագծին: Արդեն իններորդ անգամ օլիմպիադան իր շուրջն է համախմբում հանրապետության դպրոցականներին ու շախմատասեր հասարակությանը` ութ ամիս շարունակ նրանց պահելով լարված պայքարի, հաղթանակների ու հուզումների մթնոլորտում: Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադան կազմակերպում են Հայաստանի շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: ՀԲԸՄ-ն արդեն 8-րդ անգամ ապահովում է մրցաշարի մրցանակային ֆոնդը: Օլիմպիադային մասնակցում են Հայաստանի, Արցախի և Ջավախքի ավելի քան 15000 դպրոցականներ: Շախմատի ակադեմիայի որոշմամբ այս տարի փոխվեց մրցաշարի անցկացման կարգը. նախկին 4 հոգու փոխարեն (3 տղա, 1 աղջիկ), այս տարի թիմերը բաղկացած էին 3 հոգուց (2 տղա, 1 աղջիկ): Երկրորդ փոփոխությունն այս տարի այն էր, որ մրցաշարն անցկացվեց 2 տարբեր տարիքային խմբերում` բաժանելով հիմնական դպրոցների սաներին ավագ դպրոցների սաներից: Մինչ այժմ բոլոր դպրոցականները մրցում էին միասին: Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 3-5-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում: Եզրափակչին մասնակցում էին Երևանը, Հանրապետության բոլոր մարզերը, ԼՂՀ-ն և Ջավախքը ներկայացնող` նախորդ փուլերը հաղթահարած 17 հիմնական և 17 ավագ դպրոցների ուժեղագույն թիմերը: ՀԲԸՄ-ն այս տարվա եզրափակչի բոլոր մասնակիցներին նվիրեց լենովո պլանշետներ, անհատական ցուցանիշներով լավագույններին` սպորտային ժամացույցներ, իսկ եզրափակչի հաղթողներին` դրամական պարգևներ: Լավագույն երեք մարզերը ՀԲԸՄ-ի կողմից արժանացան նաև դյուրակիր համակարգիչների: Հիմնական դպրոցների միջև ընթացող ՀՀ դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի հաղթողներն են.

1-ին տեղ - Երևանի N55 հիմնական դպրոց

2-րդ տեղ - Երևանի N51 հիմնական դպրոց

3-րդ տեղ - Էջմիածնի N12 հիմնական դպրոց

Ավագ դպրոցների միջև ընթացող ՀՀ դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի հաղթողներն են.

1-ին տեղ - Երևանի N 119 ավագ դպրոց

2-րդ տեղ - ՀԱՊՀ ավագ դպրոց

3-րդ տեղ - Երևանի N 65 ավագ դպրոց

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq