ՀՎՀ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ «ԱՅԲ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը շարունակում է ընդարձակել իր գործունեության հորիզոնները` համագործակցելով հատկապես այնպիսի կրթական հաստատությունների հետ, որոնք մեծապես գնահատում են նորարարական մոտեցումը կրթության ոլորտում: Նման հաստատություններից մեկն էլ «Այբ»› դպրոցն է, որը կրթական նոր մշակույթ է ձևավորել` որդեգրելով ուսուցման լավագույն ավանդույթները և կարևորելով նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Հունվարի 27-ին ՀՎՀ հիմնադիր և նախագահ Դր. Երվանդ Զորյանը «Այբ» ավագ դպրոցում հանդես եկավ «Նորագույն տեխնոլոգիաները և կրթությունը» խորագրով դասախոսությամբ, որի նպատակն էր վեր հանել ՀՎՀ-ի նախաձեռնությունները, որոնք նպաստում են հայագիտական կրթության տարածմանը ողջ աշխարհում: «Այբ» դպրոցի ավելի քան 100 աշակերտ մասնակցեց դասախոսությանը, որը սկսվեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի բացման խոսքով: Նա լսարանին ներկայացրեց Երվանդ Զորյանի կենսագրությունը, գործունեությունը և ունեցած մեծ ներդրումը ՀՎՀ-ի հիմնադրման գործում, որից հետո էլ ծանոթացրեց ՀՎՀ առաքելությանն ու հեռանկարներին: Դր. Զորյանը նախ ներկայացրեց ՀՎՀ-ի նպատակներն ու հիմնարար արժեքները, այնուհետև նաև ՀՎՀ ծրագրերը, դասավանդման նորարարական մոտեցումը և ՀՎՀ-ի կառուցած վիրտուալ հաղորդակցման հարթակը: ՀՎՀ նախագահը խոսեց նաև էլեկտրոնային գրքերի մասին` դրանք ներկայացնելով որպես Հայաստանի մասին պատկերացում կազմելու ժամանակակից միջոց: «Մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը մեզ մեծ հնարավորություն է տալիս հարստացնելու մեր գիտելիքները հայագիտության ոլորտում», - ասաց Դր. Զորյանը: Հանդիպումը մեծ տպավորություն թողեց աշակերտների վրա, որոնք հանդես եկան ոչ միայն հարցերով, այլ նաև առաջարկություններով և նոր գաղափարներով: Որոշ ուսանողներ նույնիսկ ցանկություն հայտնեցին կամավորական հիմունքներով ներգրավվել ՀՎՀ գործունեության մեջ: Հանդիպման ավարտին «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը շնորհակալություն հայտնեց Դր. Զորյանին այս բացառիկ հնարավորության համար: