ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 25-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հյուրընկալեց ամերիկահայ ձեռնարկատեր և նորարար, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Նուբար Աֆեյանին` «Ձեռնարկատիրական նորարարություններ. փոխակերպելով առողջապահությունն ու կայունությունը» դասախոսությամբ: Հանդիպման նախաձեռնողը ՀԱՀ Բնագիտության և Ճարտարագիտության ֆակուլտետն էր: Դր. Աֆեյանը խոսեց իր 25-ամյա ձեռնարկատիրական ու կառավարչական գործունեության, ստեղծարարության և ներդրումային ծրագրերի, ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության և առողջապահության նորարարությունների մասին: «Իմ նպատակն է բոլորիդ քաջալերել լինել նորարար», - ասաց Աֆեյանը` ստարտափ ընկերություններն անվանելով վերջին 50 տարիների լավագույն նորարարությունը: «Պետք է պատրաստ լինեք հաճախ սխալվել: Ո՞ր համալսարանում են սովորեցնում, որ կարելի է սխալվել և քաջալերանք ստանալ դրանից հետո: Կարծում եմ չկան բացարձակ ճիշտ կամ սխալ գաղափարներ: Կան պարզապես տարբեր մոտեցումներ: Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս ավելի լավ գործել: Սովորեք հիմար լինել: Ինչպե՞ս կարող եք ճիշտ կամ սխալ լինել մի բանում, որը նորարարություն է, որի մասին նախկինում երբեք չեն խոսել», - ասաց Աֆեյանը: Հանդիպմանը ներկա շատ ուսանողների համար Աֆեյանի խոսքերը հիշեցում էին, որ ՀԱՀ-ն հենց այն տեղն է, որ կարող է օգնել իրականություն դարձնել իրենց հետագա նախաձեռնությունները: «Համալսարանն այն տեղն է, որտեղ կրթվում ու պատրաստվում է աշխատանքային շուկայի հիմքը հանդիսացող նոր սերունդը: Համալսարանը նոր գաղափարների և նոր մոտեցումների վայր է: Նորարարությունը կաղապարներն ու կարծրատիպերը նոր գաղափարներով կոտրելու համար է և կարծում եմ այս համալսարանը մեծ դեր կարող է ունենալ այդ գործում», - ասաց Նուբար Աֆեյանը: Նուբար Աֆեյանը Flagship Ventures ընկերության հիմնադիրն է, ավագ ղեկավար գործընկերն ու գործադիր տնօրենը: Ընկերությունը ներդրումներ է կատարում գործունեության սկզբնական փուլում գտնվող նախագծերում: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են առողջապահությունը և կայուն զարգացումը: Աֆեյանը նաև Flagship VentureLabs տեխնոլոգիական ընկերության նախագահը և գործադիր տնօրենն է: Նա նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցում (MIT Sloan School of Management) ձեռնարկատիրության ավագ դասախոս է: UWC Դիլիջանի միջազգային դպրոցի, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Ամերիաբանկի և մի շարք այլ պետական ու մասնավոր ընկերությունների խորհրդի անդամ է: Վերջին երկու տասնամյակներում Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող 20-ից ավել հաջողակ գիտական և տեխնոլոգիական հաստատությունների հիմնադրմանը և կայացմանը: 2008-ին արժանացել է Էլիս կղզու պատվո շքանշանի (Ellis Island Medal of Honor): Պարգևատրվել է նաև ՀՀ վարչապետի հուշամեդալով հայրենասիրական գործունեության համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նուբար Աֆեյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Ստացել է կենսատեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ), բազմաթիվ գիտական հոդվածների և արտոնագրերի հեղինակ է:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: