ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱՀ տնտեսագիտության մագիստրոսական ծրագիրը տվեց իր առաջին շրջանավարտները

Հունիսի 6-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԱՀ-ի 23-րդ ավարտական հանդիսությունը: ՀԱՀ շրջանավարտների թիվն ավելացավ ևս 230-ով` հասնելով մոտ 3000-ի, իսկ Հայաստանի աշխատանքային շուկան շուտով կհամալրվի գործարար կառավարման, հանրային առողջապահության, համակարգչային գիտության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, ճարտարագիտության, տնտեսագիտության, իրավագիտության ու անգլերենի բարձրակարգ մասնագետներով: Այս տարին նշանավորվեց ՀԱՀ տնտեսագիտության մագիստրոսական ծրագրի առաջին ավարտական հանդիսությամբ: Այս ծրագիրը ՀԱՀ-ը հիմնել էր երկու տարի առաջ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ: Ծրագրի առաջին 16 շրջանավարտներից 9-ն արդեն իսկ աշխատում են Կենտրոնական բանկում: Ծրագիրը նաև առաջարկում է պրակտիկայի հնարավորություններ իր ուսանողների համար Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչությունում և Կենտրոնական Բանկում: Այս տարի առաջին անգամ հանդիսությունը վարեց համալսարանի նոր նախագահ Դր. Արմեն Տեր-Կյուրեղյանը, որը հանդիսանում է ՀԱՀ հիմնադիրներից և անցած 25 տարիների ընթացքում շարունակաբար իր նվիրումն ու աջակցությունն է բերել համալսարանի կայացմանն ու զարգացմանը: Հանդիսությանը ներկա էին ՀՀ կառավարության անդամներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկա-յացուցիչներ, նախկին շրջանավարտներ, հյուրեր սփյուռքից, ինչպես նաև շրջանավարտների հարազատները: Շնորհավորական ուղերձներով հանդես եկան ՀՀ Նախագահի կրթության հարցերով խորհրդական, «Այբ» ավագ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ Արամյանը և Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզ Կրտսերը: Շրջանավարտների անունից համապատասխանաբար հայերեն և անգլերեն լեզուներով հրաժեշտի և երախտիքի խոսք ասացին 2015-ի շրջանավարտներ Վարդուհի Մովսիսյանը և Կլարիս Թահմասյան-Կաբակյանը: ՀԱՀ Պրովոստի հրավերով խոսք ասաց նաև ՀԱՀ շրջանավարտ Բալու Վիգնեշ Թավիդու Ռաջանը: Այս տարի առաջին անգամ ՀԱՀ-ը շնորհեց Դասավանդման և գիտական հետազոտությունների գերազանցության մրցանակ, որը տրամադրվում է ՀԱՀ Հոգաբարձուներ, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀԲԸՄ փոխնախագահներ Սեմ Սիմոնյանի և Սինան Սինանյանի կողմից: Այս մրցանակին արժանացան ՀԱՀ Գործարարություն և Տնտեսագիտություն բաժնի դասախոսներ Մարտին Գալստյանը և Միքայել Թովմասյանը: Գիտական հետազոտությունների համար նախատեսված մրցանակներին արժանացան հինգ տարբեր ծրագրեր: Հանրային առողջապահության առաջին կուրսի ուսանողուհի Շաբիթա Ալեքսանդրն արժանացավ Վարդգես Մ. Բալյան առաջադիմության կրթաթոշակի: Շրջանավարտներն իրենց համապատասխան բաժինների դեկանների կողմից մեկ առ մեկ հրավիրվեցին բեմ` ստանալու մագիստրոսի կոչում իրենց բնագավառներում: Հանդիսավոր մասի ավարտին, ըստ ավանդույթի, շրջանավարտներն իրենց գլխարկները նետեցին օդ` ամփոփելով ավարտական հանդիսությունը: Ավարտական հանդիսությանը ներկա էր նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԱՀ Հոգաբարձու Վազգեն Յակուբյանը: ՀԱՀ-ի ստեղծման օրվանից ՀԲԸՄ-ն եղել և մնում է համալսարանի խոշորագույն աջակիցներից:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

 

end faq