ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ

Մայիսի 25-29-ը Հայաստան այցելեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: ՀՀ Նախագահի նստավայրում մայիսի 26-ին Պերճ Սեդրակյանը մասնակցեց ՀՀ Նախագահի 2014թ. մրցանակների հանձնման արարողությանը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները` համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնեցին Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորեց մրցանակի արժանացածներին` մաղթելով նոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Սերժ Սարգսյանը գնահատանքի հատուկ խոսք ուղղեց նաև հարգարժան Պողոսյան ընտանիքին, որն իր ուժերի չափով մասնակցում է մայր հայրենիքում տեղի ունեցող զարգացումներին` այդ թվում նաև այս մրցանակաբաշխությանը: ՀՀ Նախագահի մրցանակի հիմնման օրվանից ի վեր (2001-2015թթ.) 306 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի, այդ թվում` 19 միջազգային: Մայիսի 27-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստին, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ նիստը սկսելը, խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Սեֆերյանի հիշատակը: Նիստի օրակարգը հաստատելուց և «Հայաստան» հիմնադրամի կողմից 2014թ. կատարված աշխատանքների մասին պատմող ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցավ օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակներում Արա Վարդանյանը երեք տարի ժամկետով վերահաստատվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում: Հոգաբարձուների խորհուրդը ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ, բարերար Անդրանիկ Բաղդասարյանին, ով մինչ օրս հիմնադրամի ծրագրերին նվիրաբերել է շուրջ 900.000 ԱՄՆ դոլար, շնորհել է Բարերար անդամի վկայական: Վերստուգիչ հանձնաժողովի անդամ Վահե Ճազմատարյանը, ով այդ պաշտոնում էր 1991թ-ից ի վեր, պաշտոնից հրաժարական ներկայացրեց և իր փոխարեն առաջարկեց ավելի երիտասարդ Արա Ասլանի թեկնածությունը, որն ընդունվեց խորհրդի կողմից: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց պարոն Ճազմատարեանին երկարատև, օգտակար գործունեության և մեծ նվիրումի համար և նրան պարգևատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2015»-ի նպատակաուղղվածության մասին զեկույցով հան-դես եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իր խոսքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, որոնք ֆինանսավորվել և այսօր էլ շարունակում են ֆինանսավորվել բացառապես մասնավոր նվիրատվությունների հաշվին` այս անգամ հիմնականում Հայաստանում և Ռուսաստանում բնակվող մեր գործարարների ու կառույցների կողմից` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովից մինչև Ծիծեռնակաբերդում ոգեկոչման արարողություն, «System of a Down» խմբի համերգից մինչև «Վերածնունդ» համերգակցիան, որին մասնակցեցին տասնյակ երկրներ ներկայացնող հարյուրից ավելի երաժիշտներ, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Սրբադասման արարողությունը, որի հովանավորն էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: