ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2015-ի ապրիլը պատմական էր: Աշխարհասփյուռ հայությունը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ոգեկոչման արարողություններ ու միջոցառումներ անցկացվեցին ողջ աշխարհում: Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգում էր հատուկ ստեղծված հանձնաժողովը` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ: Ապրիլի 21-25-ը Հայաստանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնցից անմասն չմնաց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), թե մասնակցությամբ և թե օժանդակությամբ:

Հիշատակի արարողություն Ծիծեռնակաբերդում

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 60 երկրների պաշտոնական պատվիրակություններ, որոնցից 4-ը` նախագահի մակարդակով: Այդ օրը հայ ժողովրդի կողքին էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակություններն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ոգեկոչման արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց Հայոց ցեղասպանության ժխտողականության հանցավոր վտանգների մասին: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, երկրներին, միջազգային կազմակերպություններին, ովքեր ոչ միայն աջակցել են Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին, այլև միացել են հայ ժողովրդի պայքարին Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: Ելույթներով հանդես եկան նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, միջոցառմանը ներկա 4 պետությունների նախագահները: Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած էսթեր Մուջավայոն Ծիծեռնակաբերդի բարձունքում երկրների ղեկավարների առջև ընթերցեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաշխարհային ֆորումի հայտարարությունը: Ապրիլի 24-ին, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահներն այցելեցին Հայոց ցեղա-սպանության թանգարան: Չորս երկրների առաջնորդները շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան նոր մշտական ցուցադրությանը: Շրջայցի ավարտին նախագահները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի մատյանում:

Ընդդեմ ցեղասպանության հանցագործության

Ապրիլի 22-23-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում անցկացվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, որին մասնակցեցին ավելի քան 500 պատվիրակներ ողջ աշխարհից` պետությունների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ցեղասպանագետներ ու պատմաբաններ, քաղաքական, հասարակական, հոգևոր գործիչներ, լրագրողներ, կենտրոնական լրատվամիջոցների խմբագիրներ շուրջ հինգ տասնյակ երկրներից, այդ թվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբըրն Յագլանդը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստայնը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ֆորումը հարթակ հանդիսացավ խոսելու ոչ միայն և ոչ այնքան Հայոց ցեղասպանության, այլև ցեղասպանությունների մասին առհասարակ: ՀԲԸՄ պատվիրակությունը` գլխավորությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի, նույնպես ներկա էր ֆորումին:

Արթնացրեք հոգիները.

«Սա ռոք համերգ չէ, սա մեր վրեժն է»

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բացօթյա համերգը անցավ հորդառատ անձրևի տակ, ինչը սակայն բոլորովին չխանգարեց, որ Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն լիներ և հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ, հիմնականում երիտասարդներ` Հայաստանից և արտերկրից, իսկապես վայելեին այդ անմոռանալի համերգը: Համերգի սկզբում խմբի կիթառահար և երկրորդ վոկալիստ Դարոն Մալաքյանի` «Սա ռոք համերգ չէ, սա մեր վրեժն է» հայտարարությունը լիովին արտահայտում էր այն մթնոլորտն ու տրամադրությունը, որ տիրում էր հրապարակում` ցույց տալ ողջ աշխարհին, որ ցեղասպանությունից 100 տարի անց մենք կանք, մենք ապրում ենք ու ապրելու ենք, մենք հիշում ու պահանջում ենք, բայց և միաժամանակ տոնում ենք մեր հաղթանակը` մեր ապրելով, միասնաբար, մեծ ու փոքր, հայաստանցի ու սփյուռքահայ, անձրևի տակ թև թիկունքի… Time ամսագրին տված հարցազրույցում Սերժ Թանկյանն ասում է. «Wake up the Souls համերգային շրջագայությունն ուներ գեթ մեկ նպատակ` բոլորի ուշադրությունը հրավիրել Ցեղասպանության թեմային և վերականգնել արդարությունը: Դա մի մեծ շոու էր. հավանաբար ամենատպավորիչը, որը երբևէ անցակցրել ենք: Մինչև բեմ բարձրանալը ես մտածում էի մեր նախնիների մասին»: Խումբը «Wake up the Souls» շրջագայությունը սկսել էր ապրիլի 6-ին, առաջին համերգը Լոս Անջելեսում էր, այնուհետև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում: Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկումը մշտապես եղել է System of a Down-ի ուշադրության կենտրոնում:

Հիշողության 100 տարի

Ապրիլի 21-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Փարիզի Շատլե համերգասրահից ուղիղ հեռարձակմամբ հայ հանդիսատեսին ներկայացրեց «Հիշողության 100 տարի» համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգին առաջին անգամ ելույթ ունեցավ Համաշխարհային հայկական նվագախումբը` ֆրանսիահայ դիրիժոր Ալեն Ալթինօղլուի ղեկավարությամբ և աշխարհի տարբեր անվանի նվագախմբերում հանդես եկող հայազգի երաժիշտների մասնակցությամբ: Համերգին մասնակցեցին նաև Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի երգչախումբը, անվանի մեներգիչներ Հասմիկ Պապյանը, Նորա Գուբիշը, Լիպարիտ Ավետիսյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Վահան Մարտիրոսյանը, Ժան Մարկ Ֆիլիպս-Վարժապետյանը, Խավիեր Ֆիլիպսը և այլոք: Ծրագրում ընդգրկված էին հայ երաժշտության երկու խորհրդանշական կոմպոզիտորների` Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, ինչպես նաև` ֆրանսահայ կոմպոզիտոր, էլիզաբեթ թագուհու անվան միջազգային երաժշտական մրցույթի (Բելգիա) 2012թ. հաղթող Միքայել Պետրոսյանի` հատուկ ցեղասպանության 100-ամյակի համար գրված սիմֆոնիան: Վերջում հնչեց Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Համերգը կազմակերպել էր ՀԲԸ Միության Եվրոպայի մասնաճյուղը և այն տեղի ունեցավ Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների բարձր հովանու ներքո:

«24/04» համաշխարհային նվագախմբի «Վերածնունդ» համերգը

Ապրիլի 24-ին, երեկոյան 20:15-ին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հյուրընկալեց ևս մեկ անմոռանալի երաժշտական երեկո: Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներ, համախմբված մեկ նվագախմբում, աշխարհին ևս մեկ անգամ հիշեցրին Հայոց ցեղասպանության մասին «Վերածնունդ» խորագիրը կրող համերգով: «24/04» անվանված նվագախմբի կազմում ընդգրկված էին երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից` Հայաստան, Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Բուլղարիա, Չինաստան, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Խորվաթիա, Կուբա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էկվադոր, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Իրան, Թունիս, Իսրայել, Իտալիա, Ղազախստան, Կորեա, Լատվիա, Լիտվա, Մալայզիա, Մեքսիկա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, ՌԴ, Շոտլանդիա, Սերբիա, Իսպանիա, Շվեյցարիա, Սիրիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Ուզբեկստան: Որպես մենակատարներ հանդես եկան ջութակահար, միջազգային մրցույթների հաղթող, Յան Սիբելիուսի անվան միջազգային միցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիր, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար, Չայկովսկու անվան, Կորեայի Geongnam, ԱՄՆ-ի Johansen երիտասարդ կառարողների, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը, դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը: Մենակատարների թվում էին նաև բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան Մարիա Գուլեգինան, ով այսօր աշխարհում ամենամեծ պահանջարկ վայելող սոպրանոներից է: Նվագախումբը կատարեց վերջին 100 տարվա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Չորս մասից բաղկացած համերգում հնչեցին Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Մակար Եկմալյանի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Միրզոյանի և այլոց ստեղծագործություններ: Համերգը ղեկավարեցին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին:

Ջահերով երթ

Ապրիլի 24-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջահերով ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Երթին մասնակցում էին բազմահազար երիտասարդներ, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական միությունների ներկայացուցիչներ: Երթի մեկնարկից առաջ, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և իրենց զայրույթը հայտնեցին Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ: Երևանում ջահերով երթն անցկացվում է 16-րդ անգամ: Բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն նաև ողջ տարվա ընթացքում ներառյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության` 2 տարին մեկ անցկացվող հերթական համաժողովը, որին արդեն 300-ից ավել մասնակից է գրանցվել:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: