ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՍՐԲԱԴԱՍՄԱՆ ԿԱՐԳ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 23-ին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի` Սբ. Տրդատի Բաց Խորանում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի: Ծեսը մեկնարկեց 17:00-ին և ավարտվեց 19:15-ին` խորհրդանշելով հայոց ցեղասպանության տարեթիվը: Վերջին անգամ Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասման արարողություն անց էր կացրել 400 տարի առաջ: Սրբադասման արարողությանը ներկա էր հայոց պետական ավագանին` գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, աշխարհասփյուռ թեմերի պատվիրակներ, բարերարներ, հասարակական, մշակութային գործիչներ, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի և սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հոգևոր պետեր ու պատվիրակություններ, միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության անցկացման և դրա ուղիղ հեռարձակման հետ կապված բոլոր ծախսերը հոգացել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ): «ՀԲԸՄ-ն պատիվ ունի իր մասնակցությունը բերելու հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող այս պատմական հոգևոր իրադարձությանը: Միջոցառման ուղիղ հեռարձակումը հնարավորություն տվեց սփյուռքում գտնվողներին նույնպես մասնակից լինել այս աննախադեպ իրադարձությանը», - ասաց ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը: Արարողությունն սկսվեց հայրապետական հանդիսավոր խաչվառազարդ թափորով, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Մայր Տաճարից տասներկու եպիսկոպոսների ուղեկցությամբ «Խորհուրդ խորին» շարականի երգեցողության ներքո առաջնորդվեցին Ս. Տրդատի բաց խորան: Հայրապետական ամպհովանին կրում էին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, Շարժայի բանկի ընդհանուր տնօրեն Վարուժան Ներգիզյանը, Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ և նախարար Շահե Բարսումյանը և Չինաստանի հայ համայնքի նախագահ Հենրի Արսլանյանը: Արարողության ընթացքում ուղիղ հեռարձակմամբ կապ հաստատվեց աշխարհի խորոշագույն հայկական եկեղեցիների հետ, որտեղ ևս հավաքված էին հայ համայնքների ներկայացուցիչներ: Ծեսի ավարտին Մայր Աթոռում ու աշխարհում սփռված հայկական եկեղեցիներում միաժամանակ հնչեց գուժկանը` եկեղեցական տագնապի 100 զանգերը, որոնք խորհրդանշեցին 100-րդ տարելիցը, որին էլ հաջորդեց լռության րոպեն: Աշխարհի բազմաթիվ ոչ հայկական եկեղեցիներ ևս միացան այդ արարողությանը: Ծեսն ավարտվեց տերունական աղոթքի ընթերցմամբ և «Սուրբ-Սուրբ» երգի կատարմամբ աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր երգչախմբերի կողմից: «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մենք ամենքս այսօր ականատեսն ենք մեր պատմության հոգևոր վերափոխման, որին մասնակից ենք թե հավաքաբար, և թե անհատաբար: Ցեղասպանության նահատակների սրբադասումը կենդանարար նոր շունչ, շնորհ և օրհնություն է բերում եկեղեցական և ազգային մեր կյանքում: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի հոգևոր նոր վերածննդի պսակն ենք հյուսում` Հայոց Ցեղասպանության նահատակներին սրբադասելով: Մեր սուրբ նահատակների հիշատակն այլևս ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է, այլ` հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն: Այսօր մեր սուրբ նահատակների հա-վատքի և հայրենյաց սիրո ջերմեռանդ ոգին տարածվում է Դեր Զորից մինչև Սուրբ Էջմիածին և Ծիծեռնակաբերդ, նորանկախ Հայաստանից մինչև աշխարհասփյուռ հայ կյանքի վերածնված անդաստաններ` զորացնելով ապրելու անխախտ հավատքով, մեր կյանքի վերազարթոնքի պայծառ տեսիլքով և մեր արդար դատի պաշտպանության աներկբա կամքով», - իր ելույթում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ն:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq