ԼԱՐԱ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԵՐԵԿՈՅԻ ԺԱՄԱՆԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց,
Ն.Ս.Օ.Տ.Տ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոս,
Ձերդ Գերազանցություն տիկին Հրանուշ Հակոբյան,
Հարգարժան հյուրեր, սիրելի ընկերներ և հայրենակիցներ,

Հիանալի է լինել Ձեզ հետ ու մեծ պատիվ է գտնվել այսօր այստեղ և զրուցել Ձեզ հետ ապագայի մասին: Ապագան այն պարգևն է, որ մեր նախնիները տվել են մեզ՝ դարձնելով այն իրական: Հենց նրանց գոյատևումը, ուժեղ հավատքն ապագան դարձրին հնարավոր: Այժմ, սեր և երախտագիտություն տածելով մեր նախնիների հանդեպ, մենք ունենք այն անհրաժեշտ ներուժը՝ ապագան միասին կերտելու համար: Մեր իսկ փորձի վրա հիմնվելով՝ մենք այժմ կարող ենք վստահ ասել, որ այս աշխարհում գոյություն ունի մի լույս, որն ունակ է հաղթահարելու ականակիր մթությունը: Մենք զոհ ենք գնացել մարդկային սրտում գոյություն ունեցող ամենավատ չարիքներին՝ ատելությանը, ագահությանը և կյանքը շահագործելու ու ոչնչացնելու ներքին մղումներին: Մեր գոյատևումն ապացույցն է այն բանի, որ գոյություն ունի ավելի հզոր մի բան, քան այդ բոլոր չարիքները, և, որ մենք վեր ենք այդ բոլոր չարիքներից: Մեր գոյատևումը նշանակում է, որ անհնարին ոչինչ չկա այս կյանքում: Ի՞նչ պետք է մենք անենք մեր վերապրած կյանքի հետ: Մենք հարգանքի տուրք մատուցեցինք մեր զոհերին, սրբադասեցինք նրանց, ովքեր տառապել և զոհվել են: Նրանք այժմ մեր բարեխոս սրբերն են, ովքեր մեզ դիտում են վերևից՝ իբրև իրենց կյանքի շարունակողներ: Մենք կարող ենք օգտագործել այս պահը և կերտել մեր պատմության հզորագույն էջը: Մեր ապագան անսահման հնարավորություններ է ընձեռում մեզ: Երևանում, անձրևոտ ու ցուրտ ապրիլի 24-ից հետո, մենք գնացինք քնելու և երբ արթնացանք հաջորդ առավոտյան, երկինքը արևոտ, պայծառ ու գեղեցիկ էր: Ես կանգնել ու դիտում էի Արարատը՝ արևի շողերի ներքո, և ես հասկացա, որ դա հաջորդ հարյուրամյակի ամենալավ սկիզբն է: Այդ օրը՝ ապրիլի 25-ին, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում էի՝ շրջապատված ակտիվ, ժպտադեմ երիտասարդներով, ովքեր հանդիսանում են հայկական նորարար տեխնոլոգիաների ոլորտի սկսնակներ: Նրանք եռանդուն էին, տաղանդավոր և պատրաստ որևէ մի նոր բան արարելու: Նրանց ապագան լի է անսահման հնարավորություններով: Ավելի վաղ ես հանդիպեցի Մեսրոպ քհն. Արամյանին՝ Երևանի «Այբ» ավագ դպրոցի հիմնադրին: Նա փոխակերպում է կրթությունը գերազանցության հարթակ՝ խորապես արմատավորված մնալով մեր մարդկային արժեքներին: Ուսանողների միջին գնահատականները SAT II առարկայի քննությունից հնարավոր 800-ից 760 միավորից բարձր են: «Այբ» դպրոցում նրանց ապագան լի է անսահման հնարավորություններով: Դիլիջանի կանաչապատ բարձունքներում է գտնվում Դիլիջանի միջազգային դպրոցը, որտեղ աշխարհի տարբեր երկրներից երեխաներ են ուսանում: Եվ շնորհիվ այս հիասքանչ համալիրի՝ Դիլիջան քաղաքի բնակչության մեծ մասը նոր աշխատանք է գտել այս նորաբաց դպրոցում: Նրանք են մեր ապագան կերտողները: Նրանցից յուրաքանչյուրն առանձին կամ բոլորը միասին արմատականորեն կվերափոխեն Հայաստանը՝ կոտրելով բոլոր կարծրատիպերը: Մենք պարտավոր ենք պահպանել այն, ինչը մեզ հզորացնում է և պետք է ընդունենք այն, ինչը պետք է փոխվի, որպեսզի կերտենք հզոր ապագա: Սա հսկայական առաջադրանք է: Ես հարցրեցի հայր Մեսրոպին, թե ինչպես է դա նրան հաջողվում, և ինչպես ենք մենք անում դա: -«Հավատք», ասաց նա, -«հավատքն է մեզ թույլ տալիս բացահայտել ապագան»: Մեկ դար մենք ապրեցինք համատարած տխրությամբ՝ այն ծանր բեռի գիտակցումով, որ մեր ժողովուրդն ու մշակույթը գրեթե անբուժելի վիրավորված են: 1.5 միլիոն մարդ: Արդյո՞ք որևէ մեկը հիշում է մեր զոհերի մասին, արդյո՞ք որևէ մեկը մտահոգվում է: Մենք այլևս երբեք ստիպված չենք լինի այդ հարցերը կրկին բարձրաձայնել: Մենք ունենք դրանց պատասխանները: Մեր մասին անհանգստանում են, մեզ սիրում են: Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին մենք բոլորս համախմբվեցինք, ինչպես մի մեծ հայկական ընտանիք՝ շրջապատված ավելի մեծ մարդկային ընտանիքով: Աշխարհը կարեկցանք հայտնեց մեր ցավոտ, աղետալի պատմության համար և համակրանք՝ մեր հրաշալի փրկության ու վերապրումի համար: Նրանք ապացուցեցին մեզ, որ ճշմարտությունը հաղթում է, նույնիսկ եթե դա տևում է մի քանի հարյուր տարի: Այժմ տխրության այդ քողն աստիճանաբար անհետանում է մեր կյանքից: Այժմյան մեր կարգախոսն է՝ «Հիշում եմ և պահանջում»: Բայց ի՞նչ ենք մենք պահանջում: Մեր հո՞ղը, մեր տնե՞րը, ուշացած ներողությո՞ւնը: Յուրաքանչյուրս ունենք մեր սեփական պատասխանը, ինչը խորապես անհատական հարց է: Փաստ է, որ 10 հայի հարցնելու դեպքում մենք կունենանք 15 պատասխան: Բայց, քանի որ ես այսօր ունեմ առավելություն կիսելու իմ կարծիքը ձեզ հետ, ես կտամ իմ պատասխաններն այսօր: Մենք հիշում ենք և, միևնույն ժամանակ, պահանջում լավագունն ինքներս մեզանից: «Բարձրացի´ր, բարձրացրո՛ւ»: Երբ մենք վերև ենք բարձրանում, մեզ հետ վերև ենք բարձրացնում նաև ուրիշներին: Մենք գնահատում ենք կյանքն ու պահպանում այն, ինչպես կարող ենք: Մենք մեզանից պահանջում ենք…լավագույնն ենք պահանջում: Մենք պահպանում ենք այն, ինչը մեզ հզորացնում է և ընդունում այն, ինչը պետք է փոխվի ապագայում: Մենք պահանջում ենք, որպեսզի ևս մեկ անգամ մտածենք, թե ինչպես մենք պետք է հանդես գանք իբրև մեկ ընդհանուր համայնք, մեկ Հայ ընտանիք՝ միավորելով մեր կարծիքներն ու այլևս երբեք թույլ չտալով, որ մեզ բաժանեն իրարից: Եկող սերունդը չի ցանկանում տեսնել քաղաքական բաժանումներ՝ պարսկահայեր, պոլսահայեր, բեյրութահայեր: Մենք ուզում ենք լինել համախմբված: Մենք կորցրեցինք 1.5 միլիոն մարդ, բայց այժմ նայեք ձեր շուրջը: Մենք նստած ենք այստեղ հայերով: Ահա սա պետք է մենք պահպանենք: Մենք պետք է պահպանենք միմյանց: Ապագայում մենք պետք է մեղմ վերաբերվենք միմյանց և, անշուշտ, պետք է տոնենք, որ այսօր բոլորս այստեղ ենք: Ապագայում մենք վարձահատույց կլինենք այն մարդկանց, ովքեր մեզ օգնել են, ինչպես օգնում ենք Սիրիայի բնակչությանը: Նրանք օգնել են մեզ հարյուր տարի առաջ և այսօր իրենք են հայտնվել ծանր կացության մեզ: Ի՞նչ պետք է մենք անենք նրանց համար ապագայում: Գրեթե 600 հայ երեխա Հալեպում ամեն օր պայքարում է դպրոց գնալու համար: Ապագայում դուք կօգնե՞ք նրանց: Նրանք սպասում են մեզ՝ մտածելով արդյո՞ք հիշում ենք իրենց գոյության մասին: Ապագայում մենք պետք է վերանայենք մեր վերաբերմունքը թուրք ժողովրդի հանդեպ: Նրանց նախնիներից ոչ բոլորն են չար եղել և վնասել մեզ: Կոնիա քաղաքի քաղաքապետ Ջելալ բեյը հազարավոր հայերի կյանքեր է փրկել: Փրկում էր այնքան, որքան որ կարողանում էր: Մեր ընտանիքի հարևանները, ովքեր ազգությամբ թուրք էին, շատ են սիրել մեր ընտանիքը, մեր ընտանիքն էլ իրենց է շատ սիրել: Նրանք լաց են եղել, երբ իմ ընտանիքը լքել է իր տունը, ինչպես նաև օգնել են մեզ մեր կյանքը վերադասավորել Լիբանանում: Այժմ ազգությամբ թուրք մարդիկ կան, ովքեր մեզանից ներողություն են խնդրում և պատրաստ են մեզ ետ ընդունել տուն: Ինչպես ասում էր մեր կողմից շատ սիրված Հրանտ Դինքը, մենք պետք է համախմբվենք և կիսվենք մեր պատմություններով: Երբ մենք կարողանանք դա իրականացնել, այդ ժամ վերջ կդնենք տարագրությանը, մի բան, որը կբժշկի և կմիավորի մարդկության սրտերը: Ապագայում մենք ավելի վեհ, հպարտ ու մի փոքր ավելի ուրախ կլինենք: Մենք ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք մեր լավագույն հատկանիշները՝ հայկական մշակույթը, ուժը և տոկունությունը՝ ի շահ մարդկության բարօրության: Մենք պետք է հզորացնենք մեր համայնքի ղեկավարներին` տղամարդ թե կին, ովքեր հավասարապես կարևոր դեր են կատարում մեր ընտանիքներում և հայ կյանքի կայացման գործում: Անատոլիացի կինը, իր ողջ ուժով և գեղեցկությամբ, նոր դարում պետք է իր տաղանդներն ի ցույց դնի ողջ աշխարհին: Մեր կանայք հիանալի են: Նրանց պետք է խրախուսել և նրանք կբացահայտեն իրենց ողջ ներուժը: Իմ կյանքում մի կին կա, ով ինձ համար ոգեշնչման աղբյուր է հանդիսանում: Նա Ռիտա Բալյանն է: Ինձ համար օրինակ են հանդիսացել նաև իմ ընտանիքի մի շարք կանայք: Ռիտան մեզ ապացուցել է, որ յուրաքանչյուր սերունդ կարող է անել անհնարինը: Ապագայում մենք կընդունենք բազմազանությունը: Մենք կողջունենք նոր հայությանը՝ ընդունելով օտար ազգի ամուսիններին, կանանց կամ ընկերներին մեր հասարակությունում, ովքեր կմիանան մեր հանրությանը և կամբողջացնեն այն: Անհանգստանալու կարիք չկա: Ապագայում մենք կշարունակենք խոսել հայերեն: Մենք անընդհատ ապրելու ու աշխատելու ենք՝ Հայաստան և սփյուռք-, երկիրն ու իր ժողովուրդը պիտի ծաղկեն, իսկ աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող համայնքները պիտի բարգավաճեն: Յուրաքանչյուրս վերանորոգելու ու աջակցելու ենք միմյանց: Ապագայում մենք այլևս տարագրության մեջ չենք ապրի: Մենք կգնանք մեր ծննդավայր, կշոշափենք այն հողը, որից սերում ենք և կվերադառնանք մեր ներկայիս կյանք: Ես ամերիկացի եմ, բայց ես հաստատ գիտեմ, թե որտեղից են սերում իմ արմատները՝ Այնթապ, Քիլիս, Յոզղաթ և Դյորթյոլ: Եվ Աստուծո կամքով իմ ապագա երեխաներն էլ իմանալու են դրա մասին: Կես դար առաջ, Հայոց ցեղասպանության 50-րդ տալելիցի ոգեկոչման միջոցառման ժամանակ, իմ հայրը դեռահաս մի սկաուտ էր, ով հյուրերին էր ողջունում և կանգնած լսում էր իր հորեղբոր՝ Հրաչյա Սեդրակյանի խոսքը, ով այդ օրը ելույթ ունեցող երեք անձանցից մեկն էր: Իսկ այժմ իմ հայրն այստեղ նստած ինձ է լսում: Սա արդեն ապագան է: Եվ արդեն ամեն բան լավ է: Հավատը բացահայտում է ապագան, և վախենալու կարիք ամենևին էլ չկա: Կյանքը մեզ պարգևել է այն միասին փայփայելու անսահման հնարավորությունների այս պահը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq