ՀՈՎՍԵՓ ՍԱՐԱՖՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Ապրիլի 11-ին, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց սփյուռքահայ ճարտարապետ, բարերար Հովսեփ Սարաֆյանին ու նրա տիկնոջը՝ Նատիա Սարաֆյանին: Վարչապետը բարձր գնահատեց պարոն Սարաֆյանի օժանդակությունները Հայաստանին, որոնք ուղղված են համայնքներում տարբեր ծրագրերի իրականացմանը և շնորհակալություն հայտնեց նրան կատարած աշխատանքի համար: Վարչապետը հույս հայտնեց, որ հայանպաստ այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: Հովսեփ Սարաֆյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին բարձր գնահատանքի համար և ընդգծեց, որ այսուհետ ևս կշարունակի աջակցություն ցուցաբերել հայրենիքին՝ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար: Սարաֆյանն ասաց. «Մեր մեծերուն երազն էր ազատ անկախ հայրենիք մը ունենալ և այս երազը վերջապես իրականացավ: Հիմա մեր ձեռքն է մեր երկրին կենսունակ ու փայլուն ապագան կերտել: Մենք մեր պարտքը վճարելու պետք է ջանանք ձեզի օգնելով: Ես համոզված եմ որ մեր ուշադրությունը պետք է դարձնենք գյուղերուն և գյուղացիին: Առանց անոնց երկիրը չապրիր: Անոնց ապահովությունը և հանգիստը պետք է լիովին գոհացնենք որպեսզի գյուղացին իր հողը չլքե: Եթե մեր շատ սիրելի երկիրը կորսնցնենք, սփյուռքը շատ շուտ կկորսվի: Հույս ունինք որ հաջորղ սերունդը ավելի լավ պայմաններու տակ երջանիկ պիտի ապրի»: Հանդիպմանը ներկա էին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանն ու ՀԲԸՄ-ի Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը: Հովսեփ Սարաֆյանը, ով ՀԲԸՄ պատվո անդամ է, տարիներ շարունակ աջակցել է Հայաստանի սոցներդրումների հիմնադրամին՝ ՀԲԸՄ-ի Դետրոյթի մասնաճյուղի միջոցով իրականացնելով համայնքային ենթակառուցվածքների կառուցման ու վերանորոգության բազմաթիվ ծրագրեր: Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Հովսեփ Սարաֆյանին Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ՀՈՎՍԵՓ ՍԱՐԱՖՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: