ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ 88-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՍՓՅՈՒՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ՀԲԸՄ-Ն ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՇԵՆՔԸ

2015 թ. ապրիլի 4-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության շուրջ երկու հարյուր պատվիրակներ մասնակցեցին ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովին, որը տեղի ունեցավ Երևանի Մատենադարանի դահլիճում: 88-րդ Ընդհանուր ժողովին պատվիրակները հնարավորություն ունեցան վերահաստատելու Հայրենիք-Սփյուռք կապերը և վերաբացահայտելու Հայաստանի մշակութային ժառանգությունն ու երկրի զարգացման ներուժը: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշում էր. «Գալիք սերնդի զարգացմանն ուղղված ներդրումները ՀԲԸՄ գերակա ուղղություններից են: Աշխարհասփյուռ հայ ուսանողների համար կրթաթոշակների, երիտասարդական ծրագրերի ու պրակտիկայի հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև առաջատար տեխնոլոգիական զարգացումը խթանող կրթական հաստատությունների ստեղծումը նպաստում են հայ առաջնորդների պատրաստմանը, ովքեր ապագայում զարգացնելու են իրենց համայնքները»: Ընդհանուր Ժողովի առաջին նիստին ներկայացվեցին ու վավերացվեցին նախորդ երկու տարիների գործունեությունն ու ծրագրերը, ֆինանսական և վերստուգիչ հաշվետվությունները: ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովը համալրվեց հինգ նոր անդամներով` Ալեքսի Գովցյան (Ֆրանիսա), Անի Մանուկյան (ԱՄՆ), Առնո Ադամյան (Անգլիա), Լենա Սարգիսյան (Կանադա) և Լոռի Մունչերյան (ԱՄՆ): Ընդհանուր Ժողովի առաջ ծրագրային ելույթ ունեցավ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: Ժողովին ներկա գնտվեց ու ժողովականներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա իր խոսքում անդրադարձավ Սփյուռքում և Հայրենիքում Միության ավելի քան մեկդարյա ազգանպաստ գործունեությանը, հաջողություն, ուժ և եռանդ մաղթեց ՀԲԸՄ բոլոր անդամներին՝ Հայրենիքի հզորացման պատվաբեր գործում, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքում: Այնուհետև նախարար Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով պարգևատրեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին: Ժողովին իր Հայրապետական օրհնությունն էր բերել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետի ողջույնի ուղերձն ընթերցեց Բագրատ եպս. Գալստանյանը, ով իր խոսքի ավարտին ՀԲԸՄ Կենդրոնական վարչական ժողովի ծրագրերի տնօրեն Անիտա Անսերյանին հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհած Ս. Ներսես Շնորհալի մեդալն ու սրբալույս կոնդակը: Ընդհանուր ժողովի շրջանակներում կայացավ ՀԲԸՄ Կարպիս Փափազյան մրցանակի հանձնման արարողությունը: Այն տրվում է հայանպաստ գործունեություն ծավալած ծագումով ոչ հայ անհատների` ի նշան երախտիքի և գնահատանքի: Այս տարի մրցանակը հանձնվեց ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյին: Միության մի շարք նվիրյալներ պարգևատրվեցին մեդալներով` Կարպիս Փափազյանը, Հայկ Մսըլյանը, Ներսես Ներսոյանը, Քնար Պասմաջյանը, Թորոս Պողոսյանը և Սրբուհի Սարգիսյանը: Պարգևատրվեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:Ընհանուր ժողովի ավարտին ընթերցվեցին բանաձևումները:

ՀԲԸՄ պատվիրակները 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում այցելեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Մարտի 28-ին ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում ժամանած պատվիրակներն ու հյուրերը այցելեցին Արցախ: Եռօրյա այցելության ընթացքում պատվիրակները ծանոթացան ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական իրադրությանը և այնտեղ իրականացվող ՀԲԸՄ ծրագրերին: ԼՂՀ-ի կրթական ներուժն ու զարգացման հեռանկարներն ուսումնասիրելու նպատակով՝ պատվիրակները այցելեցին ՀԲԸՄ կրթական կենտրոն, որում տեղակայված է Հայաստանի ամերիկյան համալսարանի ՀԲԸՄ Շարունակական կրթության գրասենյակը: Մարտի 29-ին ՀԲԸՄ պատվիրակները հանդիպեցին ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Տարիների ընթացքում ՀԲԸՄ-ը ԼՂՀ-ում իրականացրել է մարդասիրական, կրթական և մշակութային բազմաթիվ ծրագրեր` ներառյալ Ղարաբաղի կամերային նվագախմբի ստեղծումը և ֆինանսավորումը, «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հետ համատեղ իրականացված ՆՈՒՌ ծրագիրը (մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային), ինչպես նաև բնակելի շենքերի ու դպրոցների շինարարություն ու վերանորոգում: Միության բարերարներն ու անդամները մասնակցել են Արցախի հզորացմանն ուղղված համահայկական այլ ծրագրերի: Ստեփանակերտում շուտով կբացվի Թումո-ՀԲԸՄ ԼՂՀ կենտրոնը, որը կառաջարկի ստեղծարար առաջատար տեխնոլոգիաներով հագեցած ուսումնական սենյակներ և լաբորատորիաներ, դասընթացներ և վարպետության դասեր, և ամենակարևորը՝ ուսանողների համար ստեղծագործ միջավայր, որը նրանց հնարավորություն կտա շփվել արվեստի և տեխնոլոգիաների հետ, ստեղծագործելու միջոցով հարթել իրենց ապագա մասնագիտական ուղին Արցախում եռօրյա այցելության ընթացքում ՀԲԸՄ պատվիրակները այցելեցին նաև Գանձասար ու Շուշի և ներկա գտնվեցին ՀԲԸ Միության կողմից հովանավորվող Ղարաբաղի կամերային նվագախմբի համերգին:

ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում տեղի ունեցան «ՀԲԸՄ զրույցներ» խորագրով քննարկումներ՝ հեղինակավոր բանախոսների մասնակցությամբ

Ընդհանուր ժողովի միջոցառումների շրջանակում ապրիլի 1-ից ապրիլի 3-ը տեղի ունեցան երեք քննարկումներ՝ «Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում», «Հայկական պետականության կերտման մարտահրավերները» և «Հայության միջազգային դիրքերի ամրապնդում» թեմաներով: #AGBUtalks՝ «ՀԲԸՄ զրույցներ»-ը 88-րդ Ընդհանուր ժողովի կարևոր միջոցառումներից էին: «ՀԲԸՄ զրույցներ»-ի նպատակն էր ստեղծել ընդհանուր քննարկման հարթակ, որը մասնակիցներին կոգեշնչի և կներգրավի ազգի զարգացման շուրջ գաղափարներ և ծրագրեր առաջարկելու ու դրանց իրագործման ուղիներ մշակելու մեջ: «ՀԲԸՄ զրույցներ»-ի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի և արտասահմանի խոշոր կրթական հաստատությունների, հիմնադրամների, բիզնեսի, արվեստի և կրթության ոլորտում խոշոր ձեռքբերումների հասած ականավոր սփյուռքահայ փորձագետներ և բարերարներ, ինչպես նաև Հայաստանից պետական պատասխանատուներ ու կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Նրանք իրենց փորձն ու տեսակետները ներկայացրեցին Հայաստանի և Սփյուռքի ակտիվ երիտասարդներին, ովքեր պատրաստակամ են ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում: «ՀԲԸՄ զրույցներ»-ի բազմաբովանդակ և ինտերակտիվ քննարկումներին մասնակցեցին ՀԲԸՄ Ընդհանուր ժողովի պատվիրակներն ու հյուրերը, ինչպես նաև նախապես գրանցված հայաստանաբնակ հետաքրքրված ու շահագրգիռ անձինք: «ՀԲԸՄ զրույցներ»-ը կոչված էին խթանելու մասնակիցների ներգրավվածությունը երկրի կարևորագույն մարտահրավերների հաղթահարման գործում և ստեղծելու ակտիվ երիտասարդների ու փորձագետների առավել միասնական ցանց: «Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում» թեմայով առաջին քննարկման ընթացքում, որը տեղի ունեցավ «Այբ» դպրոցում, մասնակիցներն ու բանախոսները անդրադարձան առկա խնդիրներին ու համահայկական ներուժի զարգացման հեռանկարներին: Որպես գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ՝ քննարկումը նոր հնարավորություններ ստեղծեց տեղացի ու սփյուռքահայ մասնակիցների համար՝ ամրապնդելով կապը հայրենիքի հետ: Այս միջոցառումով ՀԲԸՄ-ն կարևորում էր կրթության դերն ու Միության կողմից իրականացված բազմաթիվ կրթական ծրագրերը՝ ավելի հզոր ու մրցունակ մարդկային ներուժ ձևավորելու գործում: Առաջին քննարկման բանախոսներն էին «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայր Մեսրոպ քհն. Արամյանը, ՀԲԸՄ փոխնախագահ, «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, ՀԱՀ նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը, Հայաստանում «Նեյշնլ ինսթրումենթս»-ի գլխավոր տնօրեն Արամ Սալաթյանը և Հայաստանում Microsoft-ի երկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանը:

«ՀԲԸՄ զրույցներ»-ի երկրորդ քննարկումը ոգեշնչեց երիտասարդներին ամրապնդել հայկական պետականությունը

Հայկական պետականության ամրապնդման գործում երիտասարդների ներգրավվածությունը խթանելու նպատակով՝ ապրիլի 2-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց #AGBUtalks՝ «ՀԲԸՄ զրույցներ»-ի երկրորդ ոգևորիչ և ինտերակտիվ քննարկումը: «ՀԲԸՄ զրույցներ»-ի՝ «Հայկական պետականության կերտման մարտահրավերները» խորագիրը կրող երկրորդ քննարկման ընթացքում Հայաստանի զարգացման խոչընդոտների շուրջ իրենց տեսակետները ներկայացրեցին և դրանց հաղթահարման հնարավոր տարբերակներ առաջարկեցին հայաստանցի և սփյուռքահայ շահագրգիռ երիտասարդներ: Քննարկումը խրախուսում էր երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը տարբեր զարգացման ծրագրերում՝ որպես պետականության ամրապնդման միջոց: Քննարկման խոսնակներն էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմողլուն, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ եպս. Գալստանյանը, Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանը և ՀԱՀ շարունակական կրթության ծրագրի տնօրեն Արփի Բալյանը:

«ՀԲԸՄ զրույցներ» եզրափակիչ հանդիպմանը քննարկվեց Հայության միջազգային դիրքերի ամրապնդումը

«ՀԲԸՄ զրույցներ»ի երրորդ հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 3-ին «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում: «Հայության միջազգային դիրքերի ամրապնդումը» խորագրով եզրափակիչ «ՀԲԸՄ զրույցներ» հանդիպմանը մասնակցեցին ավելի քան 250 ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից՝ սահմանելով այն մարտահրավերները, որոնց հաղթահարումը երկրի զարգացման գրավականը կարող են հանդիսանալ: «ՀԲԸՄ զրույցներ»-ը հրավիրում էին մասնակիցներին անդրադառնալու արդեն ձեռքբերված հաջողություններին, ինչպես նաև հանդես գալու ավելի բարեկեցիկ ապագա կերտելու գաղափարներով: Քննարկման թեմաներից էին նաև ՀԲԸՄ հիմնական նախաձեռնությունները, որոնք ուղղված են բացահայտելու Հայաստանի ներուժը և խթանելու երկրի միջազգային դիրքերի ամրապնդումը: Հանդիպման հիմնական խոսնակներն էին Ռուբեն Վարդանյանը՝ RVVZ հիմնադրամի համահիմնադիրը և նախագահը, Վազգեն Գալայջյանը՝ GK Brand-ի գործադիր տնօրենը, Թիմոթի Սթրայթը՝ ՀՀ-ում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոսը, ինչպես նաև Վիկտորիա Ասլանյանը՝ Golden Grape ArmAs ընկերության գլխավոր տնօրենը: ՀԲԸՄ Զրույցների վերջին երրորդ հանդիպումը եզրափակվեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի դիտարկումներով: «Ցեղասպանության 100-ամյակը պետք է նոր էջ բացի մեր կազմակերպության, ինչպես նաև ողջ սփյուռքի պատմության մեջ: Մենք շատ խոսեցինք այս օրերի ընթացքում, շատ բան ասվեց, և գիտեք ինչ, բոլորն էլ ճիշտ էին: Նման թեմաներում չկա ճիշտ ու սխալ: Կա բարի կամք, կա պրագմատիզմ և կա տեսլական: Մեր նպատակն էր մեր ընկերներին և գործընկերներին հավաքել միասին Հայաստանում, քանի որ ազգի կառուցումը չի կարող սահմանափակվել զուտ սփյուռքով, կամ զուտ Հայաստանով: Խնդիրներն ընդանուր են, սակայն այս փուլում մենք չենք կարող միանգամից երկու բան անել: Բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն Հայաստանի վրա, իհարկե առանց մոռացության մատնելու սփյուռքը: Ինչու՞ Հայաստան: Որովհետև մենք հավատացած ենք, որ սփյուռքի երրորդ սերնդին, որն արդեն իսկ բավական հեռացած է իր արմատներից, կարող ենք վերադարձնել միմիայն մեկ ճանապարհով` նրանց տալով հայ լինելու հպարտությունը: Իսկ հպարտությունը գալիս է պետությունից: Եթե Հայաստանը չդառնա հպարտության աղբյուր, նրա գոյությունը դառնալու է չափազանց անկարևոր նոր սերնդի համար: Մենք պետք է ունենանք տնտեսապես, քաղաքականապես և սոցիալապես հզոր Հայաստան և մենք դա կարող ենք անել: Մենք պետք է դուրս գանք մեր կաղապարներից, պետք է լինենք հաջողակ: Տեսեք, 80-ականներին ԱՄՆ-ում մենք ունեինք Կալիֆորնիայի նահանգապետ, ունեինք մեկ և կես կոնգրեսական` մեկ լրիվ և մեկ կիսով չափ հայ, ունեինք Մասաչուսեթսի ներկայացուցիչների պալատի խոսնակ, շատ հզոր և կարևոր մի պաշտոն, սենատի մեծամասնության նախագահ Նյու Ջերսիից, Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի մեծամասնության ղեկավար, Կալիֆորնիայի գերագույն դատարանի յոթ անդամներից երեքը: Այսօր, ընտրություններում ամենաբարձր պաշտոնի հասած միակ հայը Լոս Անջելոսի քաղաքային խորհրդի 24 անդամներից մեկն է: Ի՞նչ պատահեց մեզ: Ինչու՞ մենք այսքան հետ ընկանք: Սա և նման հարցերն են, որ հուզում են մեզ: ՀԲԸ Միությունը փնտրտուքի մեջ է: Մենք համագործակցում ենք Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի հետ, մեր կենտրոնական վարչական ժողովի անդամներ` Սեմ Սիմոնյանի, Ժոզեֆ Ուղուրլյանի հետ, մենք սկսել ենք միասնական մտածել, քանի որ, վերջին հաշվով մեզանից ոչ մեկը չունի սեփական շահ այս ամենի մեջ: Մենք բոլորս կարող ենք այլ բաներով զբաղվել: Բայց մենք հավատացած ենք, որ այս փնտրտուքի արդյունքները շատ կարևոր են և ավելի կարևոր է ձեր ներդրումն ու ներգրավվածությունն այս ամենում: Սա է պատճառը, որ մենք կազմակերպեցինք այս հավաքները, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին և յուրաքանչյուրին մասնակցության համար: Ես երբեք չէի էլ կարող ակնկալել այսքան մասնակցություն, սա իրոք տպավորիչ է: Մենք շատ խնդիրներ ունենք, բայց ես չափազանց լավատես եմ Հայաստանի ապագայի հանդեպ, որովհետև ես այլընտրանք չունեմ, եթե ես լավատես չլինեմ, ապա անիմաստ կլինի շարունակել անել այն ինչ ես անում եմ: Ես հավատում եմ և ուրախ եմ, որ հավատում է իմ կինը և հավատում են իմ երեխաները: Շնորհակալություն Ռուբենին և այս միջազգային դպրոցին, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանին ու Այբ դպրոցին, այս նախաձեռնությունները հյուրընկալելու համար: Շնորհակալություն մեր հաղորդավար Արտակին, կազմակերպչական հանձնաժողովին մեր ընկեր և գործընկեր Վազգեն Յակուբյանի ղեկավարությամբ, շնորհակալություն Դալար Քազանջյանին, որն այսօր այստեղ չէ ցավոք, ՀԲԸՄ Հայաստանի և Նյու Յորքի աշխատակազմերին, շնորհակալություն ողջ տեխնիկական անձնակազմին այս ամենն ապահովելու համար, և իհարկե շնորհակալություն ձեզ բոլորիդ: Մենք բարձր ենք գնահատում այն ամենը ինչ Ռուբենն է անում, արել ու անելու է դեռ: Նա մեր հսկաներից է և մի օր նույնիսկ ավելին կլինի քան ՀԲԸՄ-ն: Մենք շնորհակալ ենք, որ նա ընդունեց այս նախաձեռնության շրջանակներում համագործակցելու մեր առաջարկը: Եվ այս առիթով ես կուզենայի հայտարարել ՀԲԸՄ-ի որոշումը հաջորդ հինգ տարիների ընթացքում տարեկան 100,000 ԱՄՆ դոլարի չափով աջակցելու դպրոցի մշակութային, արվեստի և երաժշտության բնագավառաների զարգացմանը»:

Շրջայցեր Ու Հանդիպումներ

ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր Ժողովի ծրագրի շրջանակում պատվիրակները՝ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ, Ապրիլի 2-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ու ծաղկեպսակ դնելու անմառ կրակի մոտ: Տպավորիչ ու հիշարժան էր այցելությունը ՀՀ Պաշտպանության նախարարություն, որտեղ Միության անդամներին հյուրընկալեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարի և բարձրաստիճան սպայական կազմի հետ հանդիպումից հետո ՀԲԸՄ պատվիրակները ներկա եղան նախարարության տարածքում կազմակերպված զորավարժանքներին: Միջոցառման ավարտին, ի գնահատումն հայապահպան և ազգանվեր գործունեության՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀԲԸ Միությանը պարգևատրեց ՀՀ զինված ուժերի զինանշանով: ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանն իր հերթին Սեյրան Օհանյանին պարգևատրեց Միության ոսկե մեդալով: Ընդհանուր ժողովի նպատակներից մեկը Միության անդամներին Հայաստանում հաջողության հասած անհատների ու հաջողությամբ գործող ընկերությունների հետ ծանոթացնելն էր: Այս նպատակի շրջանակներում ՀԲԸՄ անդամներն այցելեցին «Այբ» դպրոց, Հայաստանի ամերիկյան համալսարան, National Instruments և Synopsys ընկերությունների Հայաստանյան գրասենյակներ, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ու Դիլիջանի միջազգային դպրոց: Ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետարանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի համագործակցության շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը: Հարուստ տեղեկատվությամբ ու գեղեցիկ մատուցմամբ «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը կազմվել է՝ օգնելու զբոսաշրջիկներին՝ արդյունավետ և հաճելի անցկացնել իրենց ժամանակը Երևանում և մայրաքաղաքի շրջակայքում: Գրավիչ տեսահոլովակները, լուսանկարների և եռաչափ պատկերների հավաքածուները, քաղաքի մասին գրավիչ պատմությունները և ինտերակտիվ քարտեզները լրացնում են գրքի բովանդակությունը, որը ներկայացրեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչական Ժողովի անդամ Երվանդ Զորյանը: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի մասնակիցներ: Շնորհանդեսի շրջանակում միջազգային կազմակերպությունների հետ սերտ կապերի ստեղծման ու հարաբերությունների պահպանման, ինչպես նաև Երևանի բարեկարգման գործում ունեցած մեծ դերի և արդյունավետ գործունեության համար Պերճ Սեդրակյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրեց ՀԲԸՄ Ոսկե մեդալով, որն իր հերթին Պերճ Սեդրակյանին հանձնեց Երևանի զինանշան խորհրդանշական նվերը: Պատվիրակներն այցելեցին նաև Կոմիտասի նորաբաց թանգարան, որտեղ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ ներկա գտնվեցին հատուկ համերգի: Ապրիլի 4-ին, ՀԲԸՄ պատվիրակները մասնակցեցին նաև Երևանում աշխարհահռչակ ֆրանսիահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի անունը կրող փողոցի բացման արարողությանը:

ՀԲԸՄ-ի Երևանի նորակառույց շենքի բացումը

ՀԲԸ Միության նորակառույց շենքը Երևանում արդիական և պատմական ճարտարապետական ոճերի համադրություն է: Քաղաքի ճարտարապետական դիմագիծը պահպանելու նպատակով՝ ՀԲԸՄ-ի շենքի կառուցման համար օգտագործվել են 1906թ. կառուցված և 2000 թ. ապամոնտաժված Էրիվանի քաղաքային դումայի շենքի քարերը: Ներքին հարդարանքն առանձնանում է արդիական ոճով և առաջնակարգ հարմարություններով: Հինգհարկանի շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2011թ. և ավարտվել 2015թ: Հիմնարկեքի արարողությունը տեղի էր ունեցել 2012թ.՝ ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր ժողովի ընթացքում: ՀԲԸՄ նորակառույց շենքի հանդիսավոր բացման և ժապավենի կտրման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 4-ին՝ ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակներում: Հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք ու բազմաթիվ հյուրեր ու միության անդամներ: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ կարմիր ժապավենը կտրեցին շենքի բարերարներ Նազար և Արտեմիս Նազարյանների որդին՝ Լևոն Նազարյանն ու դուստրը՝ Սեդա Նազարյանը: Նորակառույց շենքն օրհնեց ու հավուր պատշաճի խոսք ասաց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը: Ելույթ ունեցան ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ու շենքի բարերար Նազար և Արտեմիս Նազարյանների դուստր Սեդա Նազարյանը: Շենքը կառուցվել է ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ, ազգային բարերար Նազար Նազարյանի և նրա տիկնոջ՝ Արտեմիս Նազարյանի բարերարությամբ: Շենքի ճարտարապետներն են ՀԲԸ Միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ Արիս Ադամյանը և Նարեկ Սարգսյանը: Շինարարական աշխատանքների հանձնաժողովի ղեկավարն է ՀԲԸՄ Կենտրոնական վարչական Ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը: Շենքի ներքին ճարտարապետության հեղինակն է «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը: Շինարարական աշխատանքները տարվել են «Հորիզոն-95» ընկերության կողմից: Շենքի ճակատն ապակեպատ դիզայնի և հին Երևանի ճարտարապետական տարրերի միահյուսում է: Ապակեպատ ճակատը արևի լույսի առավելագույն ներթափանցման հնարավորություն է տալիս՝ ստեղծելով հարմարավետ ու ոգեշնչող աշխատանքային միջավայր: Կենտրոնում տեղակայված են գրասենյակներ, համաժողովների սրահներ ու ցուցասրահներ, երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի: Ներքին հարդարանքը հագեցած է ժամանակակից հարմարություններով ու արդիական դիզայնի տարրերով: Այս գերժամանակակից շինությունը համապատասխանում է շինարարական բոլոր առաջատար չափանիշներին, իսկ նորագույն տեխնոլոգիաների՝ ջերմամեկուսիչ երեսապատման և արևային մարտկոցների շնորհիվ շենքը դասվում է միջավայրակայուն կառույցների շարքին: ՀԲԸՄ նորակառույց շենքը հնարավորություն կտա ընդլայնել միության կրթական, մշակութային և երիտասարդական տարաբնույթ ծրագրերը՝ դառնալով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման նոր օջախ: ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովը եզրափակվեց Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած գալա համերգով, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և բարձրաստիճան այլ հյուրեր ու հարյուրավոր հանդիսականներ: Գալա համերգին բացման պաշտոնական ելույթներով հանդես եկան ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի ուղերձն ընթերցեց Բագրատ եպս. Գալստանյանը: Ելույթ ունեցան հայտնի գեղարվեստական խմբեր ու անհատ կատարողներ:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

 

 

 

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ 88-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: