ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՏ

 

«Հայության առաջնահերթությունները, հնարավորություններն ու մարտահրավերները»

Հունվարի 30-ին` ժամը 17:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Պերճ Սեդրակյանը հանդիպեց Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսների, ուսանողների ու աշխատակազմի հետ: «Հայության առաջնահերթությունները, հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով դասախոսությունն անցկացվեց ՀԱՀ Մանուկյան սրահում: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԱՀ նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը, փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը և այլ հյուրեր: Շնորհակալություն հայտնելով ՀԱՀ նախագահին հրավերի համար, ինչպես նաև բոլոր ներկաներին իրենց ժամանակի և մասնակցության համար` ՀԲԸՄ նախագահը խոսեց Հայաստանի ներկայիս վիճակի, ապագա ակնկալիքների, այդ ապագայի կերտման գործում հայաստանցի և սփյուռքահայ երիտասարդների դերի ու անելիքների, ինչպես նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումների մասին: «Մեր երազանքն է կառուցել ուժեղ Հայաստան: Այնպես չէ, որ միայն մենք խնդիրներ ունենք: Այսօր ողջ աշխարհը լրջագույն խնդիրների առջև է կանգնած: Իհարկե, Հայաստանում մեզ շատ բաներ են մտահոգում: Մեզ չի ուրախացնում կոռուպցիան: Միաժամանակ, մենք իրատես ենք, և շատ բաներով հպարտանում ենք: Քաղաքական ռեժիմներն ու կուսակցությունները գալիս ու գնում են, բայց մենք ներգրավված ենք մեր երկրի կառուցման երկարատև ծրագրերի մեջ: Մենք կառավարությանը քննադատելու խնդիր չունենք, քանի որ մենք ընդդիմադիր քաղաքական ուժ չենք, որ այդպիսով միավորներ հավաքենք մեր օգտին: Բայց նաև հավաստիացնում եմ, որ մենք խոսում և քննարկում ենք իշխանությունների հետ Հայաստանի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները: Այդ իսկ պատճառով, Հայաստանի անկախությունից ի վեր ցանկացած կառավարություն մեզ վստահել է: Պետք է շարունակենք պայքարել Հայաստանի ավելի լավ ապագայի համար, և ես շարունակում եմ լավատես մնալ: Պետք է դիմակայենք խնդիրներին և փորձենք լուծումներ գտնել: Որպես սփյուռքի ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ սփյուռքը չի կարողանա երկար գոյատևել, եթե Հայաստանը մեզ համար հպարտության առարկա չդառնա»: Պերճ Սեդրակյանը խոսեց նաև կրթության և արվեստի կարևորության, երիտասարդների անելիքների, հայրենադարձության և ներգաղթի խրախուսման, տաղանդավոր ու առաջնորդ անհատների ու հերոսների բացահայտման, ՀԲԸ Միության հարյուրամյա գործունեության ու նոր հարյուրամյակի շեմին անելիքների ու ծրագրերի վերաիմաստավորման ու վերանայման մասին: «Մի պահ մոռանանք բարեգործության մասին: Այսօր ՀԲԸՄ-ի գլխավոր ուղղություններից է համագործակցությունը այնպիսի անհատների հետ, ինչպիսիք են Ռուբեն Վարդանյանը, Սեմ Սիմոնյանը, Էդուարդո Էռնեկյանը՝ մարդիկ, ովքեր ջանք չեն խնայում Հայաստանին օգնելու համար: Եթե ևս երեք Վարդանյաններ, Սիմոնյաններ ու Էռնեկյաններ ունենայինք, ապա այս երկրի տնտեսությունն աննախադեպ աճ կգրանցեր: Մեր գլխավոր անելիքներից է նոր աշխատատեղերի ստեղծումը Հայաստանում: Այսօր մեր բոլոր ջանքերը դրան են ուղղված»: ՀԲԸՄ նախագահը պատասխանեց նաև ներկա ուսանողության բազմաբնույթ հարցերին: Պերճ Սեդրակյանը ծնվել է Բեյրութում 1949թ.: 1976-ից ապրում է ԱՄՆ-ում: Մասնագիտությամբ իրավաբան է: 2011թ. ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է ՀՀ Պատվո շքանշանով: ՀԲԸ Միության 7-րդ նախագահն է 2002թ. ի վեր: Անդամ է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Հոգաբարձուների խորհրդի: ՀԲԸՄ-ն հանդիսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիրներից և առ այսօր ֆինանսական աջակցություն է ցուցաբերում համալսարանին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Նորություններ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՏ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: