ՀԲԸՄ ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾՐԱԳՐԻ 12-ՐԴ ՇՐՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԲԵՐՈՒՄ 50 ՄԱՍՆԱԿՑԻ 8 ԵՐԿՐՆԵՐԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանն իր բոլոր կողմերով, առօրյայով ու անցուդարձով բացահայտելու ու ճանաչելու լավագույն տարբերակը թերևս մասնակցությունն է ՀԲԸ Միության ամառային տարբեր երիտասարդական ծրագրերին, որոնցից մեկը հենց այդպես էլ կոչվում է` «Բացահայտի՛ր Հայաստանը»: Այս տարի, «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի 12-րդ շրջանը Հայաստան էր բերել 50 մասնակցի աշխարհի 7 երկրներից` ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Լիբանան, Կանադա, Դոմինիկյան Հանրապետություն, Թուրքիա: Ծրագրի շրջանակներում երիտասարդները 3 շաբաթ անցկացրին Հայաստանում` հյուրընկալվելով մեկ հարկի տակ` նորաբաց ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում, այցելելով տարբեր տեսարժան վայրեր, մասնակցելով հայկական երգի ու պարի, ինչպես նաև կավագործության դասընթացների:

Ծրագիրը նախատեսված է 15-18 տարեկան երիտասարդների համար: Երեքշաբաթյա ծրագրի կարևոր բաղադրիչներից է կամավոր համայնքային աշխատանքը: «Բացահայտի՛ր Հայաստանը» երկար տարիներ համագործակցում է Fuller Armenia ընկերության հետ` օգնելով կացարանի խնդիր ունեցող անապահով ընտանիքներին: Այս տարի ՀԲԸՄ-ականներն օգնեցին Խոր Վիրապ գյուղում ապրող Հայրապետյաններին: Ընտանիքը 20 տարի սեփական 4 պատի մասին էր երազում:

«Տարիներ շարունակ երազել եմ այս օրվա մասին: Հիմա իմ թոռնիկն էլ բոլորի հետ կառուցում է մեր տունը, մեր սեփական տունը: Ես շատ երկար եմ սպասել իմ սեփական տունն ունենալուն: Անչափ շնորհակալ եմ բոլորին, բոլոր կազմակերպիչներին, հովանավորներին, այս երիտասարդներին», - ասում է տանտիրուհին` Ռայա Հայրապետյանը:

14-ամյա Իսահակ Քարադանյանի արարքն էլ դեռ երկար կհիշեն բոլոր ներկաները: Հայրապետյանների տան շինարարական աշխատանքների ընթացքում Իսահակը մոտենում է ծրագրի ղեկավար Հերմինե Դուզյանին ու խնդրում կատարել իր ցանկությունը: Ծնողները Իսահակին գրպանի գումար էին տվել, վերջինս էլ որոշել էր այդ գումարը տալ Հայրապետյաններին: Ուզում էր օգտակար լինել:

«Տեսա, որ օգնության կարիք ունեն ու որոշեցի մի քիչ դրամ տալ իրենց, որ ուրախանան: Ցավալի է տեսնել հայ ընտանիքներ, որոնք կարիքի մեջ են, աղքատ են: Շատ կարևոր է, որ օգնենք միմյանց, որ իրենք էլ ուրախանան ու իրենց կյանքն էլ հաճելի լինի», - ասաց Իսահակը:

Ծրագրի մասնակից Մելանի Էքիզյանն ԱՄՆ-ից էր ժամանել. «Երբեք նախկինում չէի մասնակցել շինարարական աշխատանքների: Սա հրաշալի նախաձեռնություն է, շատ լավ փորձառություն թիմային աշխատանքի, շփվելու, ճանաչելու, ընկերներ ձեռք բերելու և իհարկե այս մարդկանց օգնելու: Սա մեծագույն հոգեկան բավարարվածություն է մեզ համար: Մենք շատ բան ենք սովորում թե՛ ծրագրից, թե՛ միմյանցից: 2-րդ այցելությունս է Հայաստան, բայց այս մեկը լիովին տարբերվում է առաջինից, երբ ծնողներիս հետ էի»: Օգոստոսի 15-17-ը, ծրագրի մասնակիցներն Արցախում էին, այցելեցին տեղի պատմամշակութային կոթողներ, Շուշի, Գանձասար: Ավանդույթի համաձայն երիտասարդները նոր գրքեր նվիրեցին Ստեփանակերտի մանկական գրադարանի օտարալեզու գրականության տաղավարին: Այդ տաղավարը հիմնվել է «Բացահայտի°ր Հայաստանը» ծրագրի 2009թ. մասնակիցների կողմից և ամեն տարի համալրվում է նոր գրականությամբ: Խումբն Արցախում մասնակցեց նաև խաղողօրհնեքի արարողությանը:

Արցախից վերադարձան ու հաջորդ առավոտյան մեկնեցին Վանաձոր` այցելելու տեղի մանկատան սաներին: Երիտասարդները գրենական պիտույքներով, մանկական հագուստով ու այլ նվերներով էին եկել մանկատուն: ԱՄՆ-ում բնակվող Վիկտորն ու Քեթրինն էլ սեփական նախաձեռնությամբ առանձին դրամահավաք էին կազմակերպել նախքան Հայաստան գալը: Հավաքված 3850 ԱՄՆ դոլարով Վանաձորի մանկատան համար կգնվեն նոր անկողնային պարագաներ:

Հիշարժան էր սփյուռքահայ երիտասարների այցելությունը Շիրակի մարզ, որտեղից տեսանելի են Անիի ավերակներն ու արևմտյան Հայաստանի մեր պատմական հողերը:

Ծրագրի ընթացքում մասնակիցները հաճախում էին նաև հայկական երգի, պարի և կավագործության դասերի: Իսկ վերջում հանդես եկան նաև համերգով ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի Հայորդյաց տանը: Խումբն այցելեց նաև Էջմիածին, Ծաղկաձոր, Սարդարապատ, Ծիծեռնակաբերդ, Խոր Վիրապ, Գեղարդ, Գառնի, Սևան և Վազգենյան ճեմարան, Նորավանք, Մատենադարան, ՀԲԸՄ Հայաստան և Հայկական վիրտուալ համալսարան: Երիտասարդները բազմիցս ներկա եղան նաև այդ օրերին Հայաստանում ընթացող Համահայկական 6-րդ խաղերին` քաջալերելով տարբեր երկրներից ժամանած մեր հայրենակիցներին:

Ինչպես ՀԲԸ Միության մյուս բոլոր երիտասարդական ծրագրերը, «Բացահայտի՛ր Հայաստանը» նույնպես միտված է հնարավորություն տալու սփյուռքահայ մեր երիտասարդներին ճանաչել իրենց հայրենիքն ու արմատները, ուղիղ մասնակցություն ունենալ խնդիրների առերեսման ու լուծման գործում, ինչպես նաև հրաշալի առիթ ստեղծել տարբեր հայկական համայնքներից ժամանած անհատներին շփվել միմյանց հետ, ճանաչել ու բացահայտել միմյանց մշակույթն ու ավանդույթները:

ՀԲԸՄ-ի «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագիրն առաջին անգամ իրականացվեց 2003-ին: Իր պատմության 12 տարիների ընթացքում ՀԲԸՄ-ի «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագիրը հայրենիք է բերել ավելի քան 400 սփյուռքահայ երիտասարդների ավելի քան 25 երկրներից: Ծրագիրը վարում է ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 Բացահայտի՛ր Հայաստանը ՀԲԸՄ ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾՐԱԳՐԻ 12-ՐԴ ՇՐՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԲԵՐՈՒՄ 50 ՄԱՍՆԱԿՑԻ 8 ԵՐԿՐՆԵՐԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: