«ԵՍ ՍԻՐԵՑԻ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԲԸՄ Անդրանիկ սկաուտական ճամբարը հյուրընկալեց 150 սկաուտների

ՀԲԸՄ սկաուտական համազգեստն այս տարի առանձնանում էր նախորդներից. կարևոր հավելում ուներ` անմոռուկը: Այն կրելը ցանկալի էր, բայց ոչ պարտադիր: Եվ չնայած այն փաստին, որ «Անդրանիկ» ամենամյա սկաուտական բանակումի մասնակիցները Հայաստան էին ժամանել տարբեր երկրներից, նրանք բոլորը մեկ մարդու նման իրենց պարտք էին համարել կրել այն:

Ութերորդ անգամ Լոռու մարզը հյուրընկալեց ՀԲԸ Միության աշխարհասփյուռ սկաուտներին: Ավելի քան 150 պատանիներ ու աղջիկներ ԱՄՆ-ից, Լիբանանից, Վրաստանից, ԱՄԷ-ից, Սիրիայից ու Հայաստանից կրկին անգամ հավաքվեցին իրենց սիրելի բանակավայրում:

Արդեն ավանդաբար, բացման արարողությանն իր օրհնության խոսքն ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը. «Երանելի եք դուք, որ հայրենիքը տեսնում եք ձեր աչքերով: Սա հայրենաճանաչության լավագույն ուղին է: Հայրենաճանաչությունը ոչ միայն պատմության դասագրքերից պետք է քաղենք, այլ ռեալ, իրական կյանքով, ապրված կյանքով, քայլելով մայր հայրենիքի հողի վրա, գյուղերով ու քաղաքներով, ըմբոշխնելով մշակույթը, ճանաչելով ժողովրդին: Կօրհնեմ ձեզ ամենքիդ և կմաղթեմ բարի բանակում»:

Սկաուտներին ողջունեցին նաև ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական բանակումի ընդհանուր պատասխանատու Գևորգ Սանթուրյանը և ՀԲԸՄ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը:

«Մտերմությունը, որ ստեղծվում է այս օրերի ընթացքում տարբեր երկրներից ժամանած մեր հայրենակիցների միջև հայրենի հողի վրա ամենակարևորն է ու ամենաարդյունավետը: Մեր աշխատանքի ու նվիրվածության յուրաքանչյուր վայրկյանը հատուցվում է, երբ այս երիտասարդներն արտաբերում են 1-2 կարևոր նախադասություն. ես սիրեցի իմ հայրենիքը, ես պատրաստվում եմ կրկին վերադառնալ Հայաստան», - ասում է Գևորգ Սանթուրյանը:

Տարվա խորհուրդը հաշվի առնելով այս անգամ կազմակերպվել էր հանդիպումների ու քննարկումների շարք` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ու հետագա անելիքներին: Աշխարհի տարբեր ծայրերից հայրենիքում ամառն անցկացնող երիտասարդները միակարծիք են` Ցեղասպանության 101-րդ տարում զգացումը չի փոխվի, քանի արդարությունը չի վերականգնվել:

Ծրագրի շրջանակներում ճամբարականներն այցելեցին Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Սևան, Հաղպատ, Գոշավանք և Գոշի լիճ, Գյումրի, Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, Կոմիտասի թանգարան: Կազմակերպվեց նաև այցելություն ՀԲԸՄ-ի և Հայկական վիրտուալ համալսարանի Երևանյան գրասենյակներ, ինչպես նաև ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի հայորդյաց տուն:

Արդեն երկրորդ անգամ Գյումրի այցելության ընթացքում սկաուտներն առիթ են ունենում ներկա գտնվել «Գոհար» անսամբլի փորձին և ունկնդրել նրանց չքնաղ երաժշտության հնչյունները:

Մի ամբողջ օր սկաուտներն անց կացրին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որը սովորաբար ամենատպավորիչ ու հիշարժան օրերից մեկն է լինում: Շփվում են Թումոյի սաների ու աշխատակազմի հետ, ծանոթանում կենտրոնի ծավալած գործունեությանը, մասնակցում տարբեր հետաքրքիր դասընթացների: Համակարգչային խաղեր, անիմացիա և համակարգչային գրաֆիկա, երաժշտություն, ռոբոտաշինություն, վեբ դիզայն. այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր նախասիրություններին համապատասխան զբաղմունք:

«Անդրանիկ» բանակումի երկու հանգրվաններից յուրաքանչյուրն ավանդաբար ավարտվում է խարույկահանդեսով, որոնց ընթացքում բանակավայրը հյուրընկալում է ՀԲԸՄ բազմաթիվ անդամներին ու բարեկամներին, Միության այլ ծրագրերի շրջանակներում Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդներին, ՀԲԸՄ Հայաստանի անձնակազմին, սկաուտների ծնողներին ու ընկերներին, այլ հյուրերի: «Ցանկության դեպքում էլ չեմ կարողանա խոսքերով արտահայտել զգացածս: Ավելի քան վստահ եմ, յուրաքանչյուրի սիրտը զգում է նույնը, ինչ ես եմ զգում այս պահին, արձագանքում է, բայց անխոս: Արդեն չորրորդ անգամ է այցելում եմ հայրենիք, բայց ամեն անգամ կարծես առաջին անգամ լինի, նույնքան հուզվում եմ ու նույնքան տպավորվում», ասում էր սկաուտներից մեկը:

Խարույկահանդեսը հրաշալի առիթ էր Միության տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան ժամանած տարբեր տարիքի և նախասիրությունների սփյուռքահայ երիտասարդների համար միմյանց հետ ծանոթանալու, շփվելու և տպավորություններով կիսվելու համար:

Սկաուտական ամենամյա այս հավաքները հիանալի առիթ են սփյուռքահայ երիտասարդների համար իրենց սեփական աչքերով տեսնելու հայրենիքը, նրա պատմական հուշարձաններն ու տեսարժան վայրերը, ինչպես նաև շփվելու տարբեր երկրներից հայրենիք ժամանած իրենց հասակակիցների հետ: Բնության գրկում անցկացրած օրերն ու փորձություններն էլ ավելի են ամրացնում մեր երիտասարդների մեջ կարգապահության, միմյանց օգնելու և միասին դժվարություններ հաղթահարելու, ինչպես նաև տարբեր կամավոր համայնքային ծրագրերում ներգրավվելու ձգտումը:

Ճամբարն ավարտվեց ու ճամբարականները վերադարձան իրենց երկրներ: Հեռանալիս էլ խոստացան միմյանց ու իրենք իրենց` որքան հնարավոր է շուտ վերադառնալ:

Անցած 8 տարիների ընթացքում ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական ճամբարը հյուրընկալել է մոտ 2500 սկաուտ ամբողջ աշխարհից:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ 2015 «Անդրանիկ» սկաուտական ճամբար «ԵՍ ՍԻՐԵՑԻ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: