Արխիվ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑԻ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի հանդիսությունների սրահում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ նշվեց Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի 20-ամյակը: Հանդիսությանը ներկա էր Վազգենյան դպրանոցի հովանավոր, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հոգաբարձուների խորհրդի անդամ Գառնիկ Յակուբյանն իր տիկնոջ` Անահիտ Յակուբյանի հետ, ՀԲԸՄ նախագահի տիկին Վերա Սեդրակյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Վահրամ Ներսիսյանցը, կառավարության ներկայա-ցուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան և Վազգենյան ճեմարանների սաներ, բազմաթիվ հյուրեր: “Դպրանոցը մեր ազգային կյանքում գրանցված 20-րդ դարի մեծագույն հաղթանակներից է։ Այն մեզ համար և՛ անցյալ է, և՛ ներկա, և՛ ապագա”,-նշեց Վազգենյան դպրանոցի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը։ 20 տարիների ընթացքում դպրանոցը տվել է 142 շրջանավարտ, որոնցից 2-ը դարձել են եպիսկոպոս, 4-ը՝ վարդապետ, 11-ը՝ աբեղա, 50-ը՝ քահանա և 75-ը սարկավագ։ Հանդիսությունն ավարտվեց Նորին Սրբության օրհնության խոսքով։ Նա իր գնահատանքի խոսքն ուղղեց դպրանոցի տեսչական ու դասախոսական կազմին, սաներին ու շրջանավարտներին: “Յուրաքանչյուր հոգևոր կրթական հաստատության առաքելությունն է կրթել աստվածասեր, եկեղեցասեր և հայրենասեր զավակներ: Ես պիտի աղոթեմ, հայցեմ ու մաղթեմ, որ մեր կրթական հաստատություններից այնպիսի եկեղեցականներ դուրս գան, ովքեր կարդարացնեն հույսը մեր ժողովրդի և կիրականացնեն այն ուխտը և երդումը, որ պիտի փառավորի Վազգեն Վեհափառի անունը: Թող Աստված օրհնի, որ այդ կրթական հաստատությունը միշտ լուսավոր պահի մեր ժողովրդի սիրեցյալ Հայրապետի անունը և նրա բարի հիշատակը”, - նշեց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունն իր գնահատանքի խոսքն ուղղեց նաև Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի բարերարներ Տեր և Տիկին Յակուբյաններին, ովքեր հավատացին կրթական հաստատության առաքելությանը և հանձն առան դպրանոցի վերակառուցման հովանավորությունը: Հանդիսության ընթացքում հնչեցին Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարումները` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ: Ելույթ ունեցավ նաև դպրանոցի երգչախումբը։ Ներկաները դիտեցին “Շողակաթ” հեռուստաընկերության պատրաստած “Վազգենյան դպրանոց-20. Ոգու պատմություն” ֆիլմը: Հանդիսությունը փակվեց “Պահպանիչ” աղոթքով:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2010 Նորություններ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑԻ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: