Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44
Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

Արխիվ

ՀԲԸ Միության նախագահ Պերճ Սեդրակյան մասնակցեց Էջմիածնում գումարված Թեմական ներկայացուցչական երրորդ ժողովին

 

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Թեմական ներկայացուցչական երրորդ ժողովը, որին մասնակցում էին Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Հայաստանի եւ Սփյուռքի հայոց թեմերի առաջնորդներ, բարձրաստիճան հոգեւորականներ, Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամներ: Ժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել նաև ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ժողովի հանդիսավոր բացումը` նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի: Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձավ Հայոց Եկեղեցու Ընդհանուր Կանոնադրության ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին եւ կանոնադրության մշակման ներկայիս ընթացքին: Այնուհետեւ ժողովի մասնակիցներին ողջունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ Վարչապետը մանրամասն անդրադարձավ պետություն-Եկեղեցի հարաբերություններին եւ սերտ համագործակցությանը` շեշտելով Հայ Առաքելական Եկեղեցու կարեւոր դերը ազգային ինքնության պահպանության գործում: Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Թեմական ներկայացուցչական ժողովը շարունակեց իր աշխատանքները, ներկայությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի: Նախագահ Սերժ Սարգսյանը` հաջողություն մաղթելով ժողովի աշխատանքներին, ողջունեց բոլոր այն քայլերը, որ ուղղված են Հայ Եկեղեցու առաքելության զորացմանը եւ աշխարհասփյուռ ժողովրդի հոգեւոր կարիքների բավարարմանը: Անդրադառնալով Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 10-ամյակին` ՀՀ Նախագահն երախտագիտություն հայտնեց Նորին Սրբությանը այն հսկայածավալ գործունեության համար, որ Նորին Սրբությունն իրականացրել է մեկ տասնամյակի ընթացքում: Վեհափառ Հայրապետին մաղթելով երկար հովվապետության տարիներ եւ նորանոր ձեռքբերումներ` Նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց ՀՀ բարձրագույն` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան` ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ունեցած բացառիկ ավանդի համար: Նիստին ներկա էր նաեւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Թեմական ներկայացուցչական ժողովին մասնակցող ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, հոկտեմբեր 3-ի իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, խոսեց նաև հայ ժողովրդի պատմության ընթացքում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դերակատարության և ազգային-քաղաքական կյանքում Մայր Աթոռ Ս.Էջմիածնի ու ՀԲԸՄ-ի միջև հարաբերությունների ու համագործակցության մասին: Նախագահ Սեդրակյանն ասաց. □Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, իբրև ազգային եկեղեցի, անփոխարինելի դեր ունեցած է մեր ժողովուրդի պատմության մեջ: Սփյուռքի նոր մարտահրավերներուն ընդառաջ, ազգային և եկեղեցական կյանքը նոր վերածնունդի մը պետք ունի: Այդ իմաստով նոր մոտեցումներով և արդիական լուծումներով գործունեություն մը պետք է տանինք բոլորս□: Խոսելով Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի միջև հարաբերությունների ու համագործակցության մասին, նախագահ Սեդրակյանն ասաց. □Մեր հարաբերությունները ավանդաբար եղած են ամուր, մնայուն և սերտ: Այդ համագործակցությունը հիմնված է այն իրողության վրա, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸ Միության միջև համադրված գործունեությունը միշտ ալ ազգանպաստ եղած է սփյուռքի մեջ: Առաջնորդվելով համահայկական շահերով և հստակ ուղեգիծով մը, պատմության ընթացքին միշտ Մայր Աթոռին հետ գալած ենք` սիրով, անշահախնդիր և անսակարկ□: Նախագահ Սեդրակյան ավելացրեց. □Մենք միասնական ենք մեր ձգտումներուն և նպատակներուն մեջ, հետևաբար մենք միասին ավելի զորավոր ենք□: Պերճ Սեդրակյանը բարձր գնահատեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.ի գահակալության անցնող տասը տարիները:Նա ասաց. □Ձեր հովվապետության անցնող տաս տարիներուն ընթացքին կարևոր իրագործումներ արձանագրվեցան հոգևոր զարթոնքի և հավատքի տարածման ասպարեզներուն մեջ: Դուք եղաք ոչ միայն շինարար Կաթողիկոս` մայր հողի վրա բարձրացնելով նոր եկեղեցիներ, այլ եղաք Հոգեւոր Պետ` ազգային-եկեղեցական ծառայության նպատակով ձեռնադրելով 240 երիտասարդ հոգևորականներ: Կազմակերպչական Ձեր աշխուժ գործունեության շնորհիվ Դուք արժանացած եք բոլորին սիրույն, հարգանքին և գնահատանքին և իբրև արժանավոր Գահակալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ձեզի կը մաղթեմ քաջառողջություն և արևշատություն, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` անսասանություն:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2009 Նորություններ ՀԲԸ Միության նախագահ Պերճ Սեդրակյան մասնակցեց Էջմիածնում գումարված Թեմական ներկայացուցչական երրորդ ժողովին

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: