Արխիվ

ՀԲԸՄ "ԱՆԴՐԱՆԻԿ" 4-ՐԴ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հուլիսի 3-ին, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի ՀԲԸՄ սկաուտական ճամբարում, դրոշակի օրհնության հանդիսավոր արարողությամբ, մեկնարկեց ՀԲԸՄ “Անդրանիկ” սկաուտական 4-րդ բանակումը: Նախորդ տարվա 120-ի փոխարեն, այս տարի բանակումին մասնակցում էին ավելի քան 400 սկաուտներ Հալեպից, Քամիշլիից, Դամասկոսից (Սիրիա), Բեյրութից (Լիբանան), Մոնտեվիդեոյից (Ուրուգվայ), Կալիֆոր-նիայից (ԱՄՆ), Թեհրանից (Իրան) ու Երևանից (Հայաստան), որոնց միացավ նաև “Հայկի սերունդ” սկաուտական ներկայացուցչական խումբը Արցախից: Բանակումն այս տարի անցկացվեց 3 հանգրվաններով: Բացմանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Թորգոմ վրդ. Տոնիկյանը, Լոռու մարզի պաշտոնյաներ և հյուրեր: Առաջին հանգրվանին մասնակցեցին Թեհրանի, Մոնտեվիդեոյի, Բեյրութի և Երևանի սկաուտական խմբերը: Երկրորդ հանգրվանին մասնակցեցին Կալիֆորնիայի, Հալեպի, Դամասկոսի, Քամիշլիի և Երևանի, իսկ երրորդին` Երևանի և Արցախի խմբերը: ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Լիբանանի վարիչտնօր են Գևորգ Սանթուրյանի ընդհանուր խմբապետությամբ` “Անդրանիկ” բանակումն այս տարի նույնպես հաջողությամբ պսակվեց: Սկաուտական ամենամյա այս հավաքները հիանալի առիթ են սփյուռքահայ երիտասարդների համար իրենց սեփական աչքերով տեսնելու հայրենիքը, նրա պատմական հուշարձաններն ու տեսարժան վայրերը, ինչպես նաև շփվելու տարբեր երկրներից հայրենիք ժամանած իրենց հասակակիցների հետ: Հիշարժան էր ՀԲԸՄ Մոնտեվիդեոյի սկաուտական խմբի “Ուրախ ավանում” երաժշտական թատերականացված ներկայացումը, որով նրանք հանդես եկան Վանաձորի հայորդյաց տանը: Հատուկ “Անդրանիկ” սկաուտական բանակումի համար նրանց գրած նոր երգը դարձավ այս տարվա բանակումի քայլերգը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես սկաուտներն անմոռանալի օրեր անցկացրին հայրենիքում. կազմակերպվեցին արշավներ, այցելություններ, տարբեր մարդասիրական և համայնքային ծրագրեր, ծանոթացան հայրենի մշակութային կյանքին, ՀԲԸՄ ծրագրերին ու գործունեությանը Հայաստանում: Հուլիսի 15-ին, սկաուտական խմբերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որը մտերմիկ զրույց ունեցավ երիտասարդների հետ` նրանց փոխանցելով իր հայրապետական պատգամն ու օրհնությունը: Բանակումի ավանդական խարույկահանդեսները, որոնց ներկա էին մեծ թվով հյուրեր և ծնողներ, վերածվեցին գեղեցիկ ու անմոռանալի տոնախմբությունների: Երրորդ հանգրվանի խարույկահանդեսին տեղի ունեցավ ավանդական հարիսայի հյուրասիրություն: Հուլիսի 24-ին ճամբար այցելեցին և մի ամբողջ օր այնտեղ անցկացրին նաև ՀԲԸՄ ամառային փորձառության Երևանյան ծրագրի մասնակիցները: Անկրկնելի տպավորություններով և հուզված գրկախառնությամբ` սկաուտները հրաժեշտ տվեցին միմյանց` մոտ ապագայում դարձյալ հանդիպելու ակնկալիքով:

 

 

FAQ header 1

 

end faq