Արխիվ

ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԻՐ ՏԵՂԸ ՀԲԸՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Նյու Յորքի, Փարիզի և Երևանի ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագրերի շարքում իր ուրույն տեղն է գրավում նաև ՀԲԸՄ Մոսկվայի ամառային փորձառության ծրագիրը: Այն մեկնարկեց 2010-ին և առաջին տարում ունեցավ ութ մասնակից: Այս տարի, ՀԲԸՄ Մոսկվայի ամառային փորձառության թվով երկրորդ ծրագիրը տեղի ունեցավ հունիսի 26-ից օգոստոսի 5-ը, և Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք բերեց այս անգամ արդեն 19-23 տարեկան 13 երիտասարդների 4 երկրներից` Հայաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Կանադա: Վեց շաμաթ շարունակ, աշխարհի տարբեր մասերում ապրող, տարբեր համալսարաններում սովորող ու տարբեր միջավայրերում մեծացած հայ երիտասարդներ ապրեցին մեկ հարկի տակ, միասին հաճախեցին տարբեր դասընթացների ու հանդիպումների, կիսեցին միմյանց հետ իրենց փորձն ու գիտելիքները: Այս տարվա մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց աշխատել Ռուսաստանյան այնպիսի առաջատար կազմա-կերպություններում ինչպիսիք են “Դիլիջան միջազգային բարձրագույն դպրոց” նախագիծը, “Star Expo” ընկերությունը, “Մեդիակրատ” հրատա-րակչությունը, “CP DVD” ընկերությունը, “Տրոյկա դիալոգ” ներդրումային բանկը, “Սկոլկովո” կառավարման դպրոցը, Բանկերի Ռուսաստանյան Ընկերակցությունը, “Սիգար Կլան” ամսագիրը, “Պարադիզ” ընկերությունը, “Moscow Times” թերթը, “Հենդերսոն և Հայաս” ընկերությունը, Ռուսաստանի վիրաբուժության հետազոտման կենտրոնը, Բժշկության և վերականգնողական դաշնային կենտրոնի ռադիոլոգիայի բաժինը: Հարկ է նշել նաև, որ, օգտվելով ընձեռված հնարավորությունից և ցանկանալով քաղել առավելագույնը այդ վեց շաբաթների ընթացքում, մասնակիցներից մի քանիսն իրենց փորձառությունն անցկացրին միանգամից երկու ընկերություններում: Այս տարի նույնպես մասնակիցների համար կազմվել էր հարուստ և հետաքրքիր ծրագիր` լի անմոռանալի այցելություններով ու հանդիպումներով, մշակութային միջոցառումներով ու ժամանցային երեկոներով: Աշխատանքային ժամերից հետո երիտասարդները հաճախում էին ռուսերեն լեզվի և հայկական ժողովրդական պարերի դասընթացների, այցելում տարբեր տեսարժան վայրեր, պատմա-մշակութային հուշարձաններ, ծանոթանում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Օգոստոսի 7-10-ը, երիտասարդներն անցկացրին Սանկտ Պետերբուրգում, այցելեցին Էրմիտաժ, Սբ. Կատերինա հայկական եկեղեցի, Պետրոպավլովսկի ամրոց, Պետերհոֆ ցարական ամառային նստավայր, Մարիինյան և Ալեքսանդրյան թատրոններ, որտեղ դիտեցին “Սպարտակ” և “Կարապի լիճ” բալետները, իսկ Սանկտ Պետերբուրգի կիրակնօրյա հայկական դպրոցում հանդիպեցին տեղի հայ երիտասարդներին: Անմոռանալի էին սպիտակ գիշերները և նավով ուղևորությունը Նևայի վրա: Հուլիսի 22-ին երիտասարդներին ընդունեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Մոսկվայում խումբն այցելեց նաև Կրեմլ, Կարմիր հրապարակ, Տրետյակովյան պատկերասրահ, Պուշկինի թանգարան, Սբ. Բազիլ և Սբ. Փրկիչ եկեղեցիներ, ինչպես նաև Մոսկվայից քիչ հեռու գտնվող Սերգիև Պոսադ, որը հայտնի է իր հինավուրց ու գեղեցիկ պատմամշակութային կոթողներով: Օգոստոսի 2-ին, տեղի ունեցավ Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի և AGBU Academics-ի համատեղ միջոցառումը: AGBU Academics-ը հայ ուսանողների համաշխարհային ցանց է, որի հիմնադիր Քամիլիո ԱզուզԿիվանյանը նույնպես այս տարի մասնակցում էր ՀԲԸՄ ամառային փորձառության մոսկովյան ծրագրին: Հիշարժան էր նաև ծրագրի մասնակիցների հանդիպումը Արևմտահայոց ազգային համագումարի նախա-պատրաստման միջազգային կազկոմիտեյի գործադիր տնօրեն Կարեն Միքայելյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայ դատին, Հայոց Ցեղասպանությանը և ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Ծրագիրն իրականացրին ծրագրի համակարգող Անժելա Սարգսյանն ու նրա օգնական Անահիտ Խաջաբեկյանը: