Արխիվ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հունիսի 25-ից օգոստոսի 5-ը, արդեն 5-րդ տարին անընդմեջ, Հայաստանում անցկացվեց ՀԲԸՄ ամառային փորձառության Երևանյան ծրագիրը: 21 երիտասարդներ աշխարհի չորս երկրներից` ԱՄՆ, Ռուսաստան, Կանադա և Սիրիա, վեց շաբաթ շարունակ իրենց ամառային փորձառությունն անցկացրին Երեվանյան առաջատար կազմակերպություններում ու հաս-տատություններում. ՀՀ ֆինանսների նախարարություն, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP), “Ստորակետ” ճարտարապետական ընկերություն, “Ազգ” օրաթերթ, Նորարար փորձառական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ), Սբ. Ներսես Մեծ հիվանդանոց, Global SPC իրավաբանական գրասենյակ, “Լրագիր” և “Հետք” օնլայն լրատվական գործակալություններ, Deem Communications, Երևանի թիվ 1 և 8 հիվանդանոցներ, “ԱրԲես” բժշկական կենտրոն: Ծրագիրը մի քանի նպատակ է հետապնդում. նախ` աշխարհի տարբեր ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներ հնարավորություն են ունենում ավելացնելու իրենց մասնագիտական փորձառությունը, մոտիկից ծանոթանալու հայրենիքի հետ և ակտիվորեն ներգրավվելու Հայաստանյան կյանքին ու անցուդարձին, ինչպես նաև շփվելու թե հայաստանաμնակ և թե հայկական տարμեր համայնքներից հայրենիք ժամանած իրենց հասակակիցների հետ: Ծրագիրը ներառում է նաև հայոց լեզվի և հայկական ժողովրդական պարերի դասընթացներ, այցելություններ Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր և պատմա-մշակութային կոթողներ, ինչպես նաև հանդիպումներ տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Այս տարի երիտասարդները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հանդիպեցին ՀՀ նախկին արտգործնախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր և “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Կազմակերպվեց նաև հանդիպում երիտասարդ ձեռներեցների` հայաստանցի Հայկ Վարդանյանի, որը համահիմնադիրն է “Wise Business” ընկերության, և արտերկրից Հայաստան տեղափոխված և հաջողությամբ իրենց անձնական գործն սկսած Ջորջ Տաբակյանի և Թալար Գազանջյանի հետ: Հուլիսի 23-ին, ծրագրի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Խումբն այցելեց նաև ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն, ծանոթացավ ՀՀ-ում և Արցախում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև Հայկական վիրտուալ համալսարանի գործունեությանը: Տեղի ունեցավ նաև կենդանի վիդեո զրույց ՀՎՀ Հիմնադիր Նախագահ Դր. Երվանդ Զորյանի հետ: Հուլիսի 15-18-ը խումբն անցկացրեց ԼՂ-ում, այցելեց Շուշի, Գանձասար, ներկա եղավ Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնի սաների համերգին: Հուլիսի 24-ին, երիտասարդները հյուրընկալվեցին Լոռու մարզում տեղակայված ՀԲԸՄ “Անդրանիկ” սկաուտական ճամբարում, որտեղ ներկա եղան սկաուտական անմոռանալի խարույկահանդեսին: Ծրագրի ավարտին տեղի ունեցավ ընդունելություն Երևանի Ժողովրդական Արվեստի թանգարանում` ծրագրի մասնակիցների, նրանց անմիջական ղեկավարների և ՀԲԸՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Անմոռանալի էր “Դեպի Հայք” կազմակերպության հետ համատեղ կազմակերպված ”Արկածների օր”-ը: Մի քանի խմբերի բաժանված` երիտասարդները Երևանի տարբեր ծայրերում կատարում էին կազմակերպիչների առաջադրանքները` այսպիսով ավելի մոտիկից շփվելով տեղի բնակիչների հետ: Խումբն անմասն չմնաց նաև մշակութային միջոցառումներից. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, երիտասարները ներկա եղան “Անուշ” օպերայի ներկայացմանը: ՀԲԸՄ ամառային փորձառության Երևանյան ծրագիրը վարեցին ծրագրի համակարգող Աննա Աղաջանյանը և նրա օգնական Ալին Զորյանը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2011 Երևանյան ամառային պրակտիկայի ծրագիր ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: