Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

Արխիվ

ՆՇՎԵՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 10-ԱՄՅԱԿԸ

«Այս շենքը վերակառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության տրամադրած եւ Լորիս Ճգնավորյանի 1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ընթացքում ժողովրդի հավաքած գումարներով».այս ցուցանակը փակցված է Արվեստների ակադեմիա (ոչ պաշտոնական անվանմամբ) կոչվող այն շենքի վրա, որտեղ հետերկրաշարժյան դժվարին տարիներից բացվել եւ գործում են արվեստի երեւանյան երեք պետական բուհերի Գյումրու մասնաճյուղերը: Նրանցից Երեւանի գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղը երեկ հանդիսավոր նշեց իր 10-ամյակը: Սկզբում մեկ տասնյակից պակաս ուսանողներով հիմնադրված բուհական այս օջախի այսօրվա վեց բաժիններում սովորում է 192 ապագա մասնագետ, որոնցից ոչ քչերն արդեն իսկ ճանաչում են ձեռք բերել: Տոնական օրը մասնաճյուղի սրահներում բացվել էր բուհի ուսանողների դիպլոմային աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացված մեծաթիվ գործերը՝ գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, մետաղադրվագում, կենցաղային զարդաքանդակ, հագուստի մոդելավորում եւ այլն, այստեղ անցած տարիներին կատարված արդյունավետ աշխատանքի խոսուն վկայություն էին: Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցած հոբելյանական հանդիսությանը մասնակցում էին եւ ելույթ ունեցան ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, ՀԲԸՄիության Հայաստանի գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանի, տեղի բուհերի, իշխանության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Կարեւորելով այն տարիներին քաղաքի վերածննդի գործում մշակութային այս օջախի ստեղծումն ու այդ համարձակ ձեռնարկի երախտավորների մեծ ներդրումը, նախարար Լեւոն Մկրտչյանը գոհունակությամբ նշեց, որ ի դեմս Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղի այսօր ունենք համապատասխան կրթական չափորոշիչներին լիովին համապատասխանող բուհ: Մայր բուհի ռեկտորը դոցենտի գիտական կոչման վկայագրեր հանձնեց մասնաճյուղի դասախոսներից մի քանիսին, որոնց նվիրումով է իր առաջին քայլերն արել կրթօջախը: «Ուրախ եմ, որ 94 թվականին դեռ կիսաքանդ, քարերի կույտ հիշեցնող այս շենքը այսօր արդեն շունչ ունի մեջը, արվեստ է կերտում,- «Ազգի» թղթակցին ասաց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը:- Սա գյումրեցու հոգին է փաստորեն ներառում, այս շենքը՝ գեղարվեստը, երաժշտությունը եւ թատերական արվեստը: Սրանք այն բաներն են, որ գյումրեցու մոտ միշտ արտահայտված են եղել եւ սնել են մեր մշակույթը... Հիշում եմ՝ այն ծանր օրերին, երբ այս դեռ կիսաքանդ շենքի պաստառին գրված էր՝ «Այստեղ կառուցվելու է արվեստի ակադեմիա», մարդիկ տնակներից երեխաների ձեռքը բռնած գալիս նայում էին, ու մի անգամ լսեցի՝ մի կին ասում էր «Իմ երեխան այստեղ է սովորելու»: Փառք Աստծո, որ ՀԲԸՄ-ին առիթ տրվեց այստեղ իր միջոցները ներդնելու եւ մյուսների հետ հիմնեցինք, այսօր ունենք այս կենտրոնը, այս արվեստի, մշակույթի օջախը»:

 

 

Տեսանյութ

 

end faq