ԹՈՒՄՈ X ՀԲԸՄ ԼՂՀ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Շուտով իր դռներն է բացելու Ստեփանակերտի ԹՈՒՄՈ x ՀԲԸՄ ԼՂՀ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որն իրականություն է դառնում ՀԲԸՄ ֆինանսավորմամբ: Կենտրոնը մեծապես նպաստելու է Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: ԼՂՀ կառավարության աջակցությամբ ստեղծվող կենդրոնի նպատակն է Արցախի երիտասարդության շրջանում ստեղծարար արվեստների, հաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումն ու կատարելագործումը:

 

ՆՈՒՌ. «ՄԵԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱՅԻՆ» ԾՐԱԳԻՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

 

2011 թ. հունվարին, «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը` արգենտինահայ բարերար պարոն Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությամբ ու Հայկական բարեգործական ընդհանուր միության ու ԼՂՀ կառավարության հետ համատեղ, սկիզբ դրեցին ՆՈՒՌ (Նոր Ուսումնական Ռազմավարություն) ծրագրին Արցախում: Ծրագրի նպատակն է Արցախի միջնակարգ դպրոցների 1-4 դասարանների աշակերտներին և նրանց ուսուցիչներին ապահովել հատուկ կրթական նպատակներով ստեղծված XO լափթոփ համակարգիչներով և ինտերնետով: ՆՈՒՌ-ը կառուցվեց OLPC: One Laptop Per Child (Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային) ծրագրի հիմքի վրա: Այս կրթական ծրագիրը մշակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) կողմից, որի նպատակն է զարգացող երկրների դպրոցականներին ապահովել առաջնակարգ կրթական ծրագրերով` հագեցած ժամանակակից համակարգիչներով: Ծրագրի շրջանակներում անցկացվում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Մինչ օրս ավելի քան 8.000 աշակերտներ ապահովվել են լափթոփներով, որի շնորհիվ ստեղծվել են հավասար հնարավորություններ բոլորի համար ու նոր տեխնոլոգիաները ներգրավվել են դպրոցական ամենօրյա դասերում:

ՆՈՒՌ (Նոր Ուսումնական Ռազմավարություն) ծրագիրն ընդլայնվում է Արցախում՝ ներառելով ևս յոթ գյուղ՝ Հաթերք, Հացե, Ուղտասար, Մեծ Թաղլար,Նոր Սեյսուլան:

ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

 

ՀԲԸՄ-ի անմիջական նախաձեռնությամբ 2004 թ. ստեղծվեց Ղարաբաղի կամերային նվագախումբը։ Նվագախումբը մեծապես նպաստում է դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության աճին։ Նվագախմբի Գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ ու 12 հայաստանցի երաժիշտների մասնակցությամբ ստեղծված այս նվագախմբին ավելի ուշ միացան նաև 6 երաժիշտներ Ղարաբաղից։ Հետագայում այս համամասնությունը փոխվեց հօգուտ տեղաբնակների: Արցախցի երաժիշտների թիվն այժմ կազմում է 17 հոգի։ Համագործակցելով Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում բացված ուսումնարանի ու Շուշիի Դանիել Ղազարյանի անվան դպրոցի հետ, նվագախմբի երաժիշտները պատրաստում են նվագախմբի ապագա երաժիշտներ։ Հանդիսանալով լավագույններից մեկը Հարավային Կովկասում` նվագախումբը ստանում է արտասահմանյան հյուրախաղերի բազմաթիվ հրավերներ։ Նվագախմբի հետ Արցախի բեմում հանդես են եկել աշխարհահռչակ մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը, ինչպես նաեւ հայրենի ճանաչված մեներգիչներ: 2012-ին, նվագախումբը մեկնեց Նորվեգիայի Բերգեն քաղաք, որտեղ ելույթ ունեցավ մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված համերգներին: Իսկ 2013-ին համերգով հանդես եկավ Մոսկվայում: Նվագախմբի հյուրախաղերին մշտապես աջակցում է նաեւ ՀԲԸՄ-ն: 2014-ին Արցախի կամերային նվագախումբը տոնեց իր գործունեության 10-ամյակը:

ՀԲԸՄ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

 

Անցած տարիներին ՀԲԸ Միության աջակցությամբ Ղարաբաղում կառուցվել է պատերազմի վետերանների և այրիների համար նախատեսված շենքը, վերակառուցվել է Ստեփանակերտի թիվ 7 դպրոցը և վերանորոգվել Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցը Ստեփանակերտում, որտեղ կանգնեցված է մեծ բարերարի արձանը։ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ 2002 թ. սկսվեց Ղարաբաղի Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը։ Հետագայում այս ձեռնարկը վերածվեց ՀԲԸ Միության Արցախի վերաբնակեցման ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել և վերաբնակեցնել 1988-1994 թթ. պատերազմի հետևանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։ 22 տների և մանկապարտեզի վերակառուցումն ավարտվեց կարճ ժամանակում։ Ավելի ուշ Նորաշենում կառուցվեցին նաև բուժկետ և 80 աշակերտի համար նախատեսված դպրոց։ Դպրոցն ունի ութ դասասենյակ, դահլիճ` նախատեսված տարբեր միջոցառումների համար և համակարգչային սենյակ։ Հետագայում ՀԲԸՄ-ն դպրոցին նվիրաբերեց նաև կահույք։ ՀԲԸՄ Լոս Անջելեսի, Լոնդոնի, Մոնրեալի, Տորոնտոյի ու Սիդնեյի մասնաճյուղերն իրենց մասնակցությունն են բերել վերաբնակեցման ու վերակառուցման ծրագրերին։ Այսօր, Ղարաբաղում ՀԲԸՄ-ի կառուցած 35 տներում ընդհանուր առմամբ ապրում են շուրջ 150 բնակիչներ, այդ թվում երիտասարդ ընտանիքներ։ ՀԲԸՄ-ն աջակցել է նաև Լեռնային Ղարաբաղի կառավարության պաշտոնյաների վերապատրաստման դասընթացների ծրագրին, որն իրականացվել է «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպության հետ համատեղ։ Այդ դասընթացներին հետևել են Արցախի տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներն ու աշխատակիցները, որոնք հմտացել են կառավարության հասարակայնության հետ կապերի, մրցակցային ազգային ինքնության ռազմավարությունների մշակման, տնտեսության և ժողովրդավարության զարգացման, ինչպես նաև մշակութային ինքնության պահպանման բնագավառներում։

 

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: