ՀԲԸՄ-ի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

 

Կարևորելով Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի յուրահատուկ տեղն ու դերը հայրենական դասական երաժշտության լավագույն ավանդույթների պահպանման գործում, միությունը 1992-2011 թթ. ֆինանսավորել է 110 երաժիշտներից բաղկացած Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Տարեկան դրամաշնորհներ են հատկացվել ամենշաբաթյա համերգների, նոր երաժշտական գործիքների, վարչական ծախսերի, հավելյալ աշխատավարձերի, միջազգային համբավ ունեցող հրավիրված երաժիշտների և հատուկ տոնակատարությունների համար։ 2011 թ. ՀՖՆ-ն նշել է իր 85-ամյակը։ Այդ առիթով Հայաստան են հրավիրվել երաժիշտներ և դիրիժորներ Ֆրանսիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից ու ԱՄՆ-ից։ 2007 թ., Հայաստանի Տարի Ֆրանսիայումե անունը կրող տոնակատարությունների շրջանակներում ՀՖՆ-ն մեկնել է Ֆրանսիա և համերգներով հանդես եկել Լիոնում, Մարսելում, Նիսում, Սենթ Էթիենում, Վալանսում ու Փարիզում։ ՀՖՆ-ն հյուրախաղերով հանդես է եկել նաև ԱՄՆ-ում, Անգլիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Թուրքիայում, Իսպանիայում, Իրանում, Լիբանանում, Կանադայում, Կիպրոսում, Հունաստանում, Ճապոնիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Չեխիայում, Պորտուգալիայում, Ռուսաստանում և Սլովակիայում, ինչպես նաև թողարկել է ավելի քան 50 լազերային ձայնասկավառակ և տեսասկավառակ։ ՀՖՆ-ն արդեն 6-րդ տարին անընդմեջ աշնան ամիսներին հաջողությամբ անց է կացնում Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որը դարձել է քաղաքի մշակութային ամենամյա խոշորագույն իրադարձություններից մեկը։