ՀԲԸՄ-ի մասին

ՀԲԸՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղը ջերմոցներով ապահովելու ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների Երևանյան խմբի ծրագրին անցյալ աշնանը միացան նաև ՀԲԸՄ ԵԱ խմբեր ամբողջ աշխարհից: Այսպիսով Բարեկամավանի զարգացման ծրագիրը դարձավ համաշխարհային ծրագիր` ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների ողջ ցանցի մասնակցությամբ: Արդյունքում հանգանակվեց մոտ 7000 ԱՄՆ դոլար, որով այժմ շարունակվում են ծրագրի իրականացման աշխատանքները: Այսօր Բարեկամավան գյուղում արդեն 5 ջերմոց կա, ինչը նշանակում է, որ 5 ընտանիք այլևս չունի օրահացի խնդիր: Սերմեր, տնկիներ, գյուղատնտեսական նյութեր, պարարտանյութ, մասնագիտական սեմինարներ` այս ամենը գյուղացին ստացել է ՀԲԸՄ երիտասարդներից: Գյուղացիներին մնում է միայն լինել հետևողական, և այդ հետևողականությունն էլ վերահսկում են ՀԲԸՄ երիտասարդները` պարբերաբար կազմակերպելով այցելություններ դեպի Բարեկամավան: Այդ այցերին մշտապես մասնակցում է նաև գյուղատնտեսության ոլորտի մասնագետը, որն էլ օգնում է գյուղացիներին իր խորհուրդներով, քանի որ ջերմոցային մշակման տեխնոլոգիաները համեմատաբար նոր են գյուղացիների համար: Հերթական այցը հունիսի 1-ին էր և այն առանձնահատուկ էր: ՀԲԸՄ երիտասարդներին միացան նաև Փոլ և Իզաբել Մանուկները Հյուսիսային Իռլանդիայից: 2011թ., երբ ծրագիրն առաջին քայլերն էր անում, Դուբայի և Հյ. Իռլանդիայի հայկական համայնքները ծրագրի առաջին աջակիցներից էին: Այժմ, մեկնարկից 2 տարի անց, Մանուկների ընտանիքը, օգտվելով Հայաստանում գտնվելու առիթից, ցանկություն հայտնեց այցելել Բարեկամավան` սեփական աչքերով տեսնելու իրենց իսկ հանգանակությունների արդյունքը: «Աննկարագրելի զգացողություն է տեսնել նման արդյունք: Իռլանդիայում հաճախ հարցնում են, թե ինչ եղավ իրենց նվիրաբերած գումարների հետ: Ահա թե ինչ եղավ. մարդիկ ստացան ապագայի հույս», - ասում է Իզաբելը: Բարեկամավանում ամեն ինչ հունի մեջ է: Գյուղացիները վայելում են տարվա առաջին բերքը և հյուրասիրում այցելուներին: Բայց Բարեկամավանը միայն սկիզբն էր: Նրան հետևեց հարևան Բերքաբերը, որտեղ այսօր առաջին քայլերն են արվում: Այստեղ գործի է անցել ՀԲԸՄ երիտասարդների հիմնած «Սահման» հ/կ-ն, և Բերքաբերն արդեն իսկ վայելում է առաջին երկու փորձնական ջերմոցները: Ընտանիքների ընտրությունն արվում է ըստ անդամների քանակի և կարիքի, նպատակը` ստեղծել ապրելամիջոց ու սահման պահող գյուղացուն պահել գյուղում: Բարեկամավանի զարգացման ծրագիրը նախաձեռնվեց 2011թ. 3 երիտասարդ հայրենադարձների` ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խմբի ղեկա-վար Աննա Աղաջանյանի, ՀԲԸՄ ԵԱ Երևանի խորհրդի անդամ Գայանե Գեվորգյանի և ՀԲԸՄ ԵԱ Դուբայի նախկին անդամ Ջորջ Թաբակյանի կողմից: Նախաձեռնության առաջին աջակիցներից էին Իռլանդիայի և Դուբայի հայկական համայնքները, որոնց նվիրատվությամբ կառուցվեցին առաջին երկու ջերմոցները Միրզոյան և Կարագյոզյան ընտանիքների համար: Նախաձեռնությանը աջակցեցին նաև Armenian Tree Project-ը, «Քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտը» (IPSC) և իհարկե ՀԲԸՄ-ն: Ծրագրի նպատակն է օգնել ադրբեջանական սահմանից ընդամենը 2կմ հեռու գտնվող այս գյուղի ազնիվ ու չափազանց հայրենասեր բնակիչներին, որոնք, անտեսելով ամենօրյա դժվարություններն ու դիպուկահարի մահացու վտանգը, չեն հեռանում իրենց հարազատ բնակավայրից: Ծրագրի հաջող մեկնարկը ստիպեց երիտասարդներին մտածել այն շարունակելու մասին` ներգրավելով սահմանամերձ այլ գյուղեր: Եվ ահա օգնության ձեռք մեկնեցին ՀԲԸՄ երիտասարդներն աշխարհի տարբեր ծայրերից: Ծրագրի հեղինակները հույս ունեն սփյուռքի և տեղական այլ կազմակերպությունների ու անհատների աջակցությամբ ավարտին հասցնել պետության սահմանների անվտանգության պահպանմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությունը:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք` www.facebook.com/pages/Barekamavan-Development-Project/325151650845353

 

Տեսանյութ

 

end faq