ՀԲԸՄ-ի մասին

ՀԲԸՄ ԵԱ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՆՑՅԱԼԸ, ՆԱԽԱԳԾՈՒՄ ԱՊԱԳԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 8-ին, ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների (ԵԱ) Երևանյան թիմը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության դահլիճում, անցկացրեց Բաց դռների օր` ամփոփելու արված աշխատանքն ու ներկայացնելու ապագա ծրագրերը, ինչպես նաև համալրելու թիմը նոր անդամներով: Բացման խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ ԵԱ Երևանի նախագահ Հարություն Պողոսյանը, որը ներկայացրեց թիմի ռազմավարությունը, անցած ուղղին ու սպասվող նախաձեռնությունները: ԵԱ համակարգող խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանը խոսեց առաջիկա ծրագրերից մեկի` «Բանկային գործ և ֆինանսներ» եռամսյա դասընթացի մասին, որը շուտով պիտի մեկնարկեր և դասավանդվեր ոլորտի լավագույն մասնագետների կողմից: Անդրադարձ եղավ նաև ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի զարգացման ծրագրին, որը մեկնարկել էր 2011թ. և անցյալ տարի համալրեց ՀԲԸՄ ԵԱ համաշխարհային ցանցի ծրագրերի շարքը: ՀԲԸՄ ԵԱ Երևանի Բաց դռների օրը հյուրընկալեց մոտ 50 երիտասարդների, որոնք հետաքրքրված էին ԵԱ գործունեությամբ և պատրաստ են համալրել և իրենց ներդրումն ունենալ երիտասարդական շարժման աշխատանքներում: Երեկոն մեծ հնարավորություն էր երիտասարդների համար հաստատելու նոր կապեր, ձեռք բերելու նոր ընկերներ ու համախոհներ և հանդես գալու նոր գաղափարներով:

ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ ԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐ

Խոստացված դասընթացը երկար սպասեցնել չտվեց: Վերոհիշյալ միջոցառումից երկու շաբաթ անց նույն դահլիճում տեղի ունեցավ բանկային գործ և ֆինանսներ թեմայով առաջին դասախոսությունը: Անվճար դասընթացին գրանցված 25 երիտասարդները տարբեր համալսարանների ուսանողներ և շրջանավարտներ են: Դասընթացներն անցկացվում են դասավանդման բրիտանական ոճով և ներառում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ֆինանսական համակարգերի տեսակներն ու տարբերությունները, դրանց դերը տնտեսության զարգացման գործում, կենտրոնական բանկերի կառուցվածքը, առևտրային բանկերն ու նրանց դերը ֆինանսական համա-կարգում, շուկայական հարաբերությունները, մանրածախ և կորպորատիվ ֆինանսները, և համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառները: Դասընթացի հիմնական նպատակն է մասնակիցներին տալ բանկային և ֆինանսական ոլորտի գործնական և տեսական կարևոր գիտելիքներ, որոնք էլ ավելի մրցունակ կդարձնեն նրանց ներկա աշխատանքային շուկայում: Դասընթացն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով դասախոսություններին հրավիրվում են ոլորտի լավագույն մասնագենտերը, որն ուսանողներին հնարավորություն է ընձեռում շփվել և նոր կապեր հաստատել ֆինանսական աշխարհի ներկայացուցիչների հետ: Խումբն ունի նաև իր օնլայն էջը, որը հնարավոր է դարձնում դասերից դուրս միմյանց հետ շփումը, քննարկումներն ու կարծիքների փոխանակումը, և որտեղ մասնակիցները տեղադրում են իրենց ուսումնասիրությունների արդյունքները: Ուսանողները հնարավորություն ունեն նաև գնահատել դասընթացի տարբեր ասպեկտները:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Զուգահեռ շարունակվում են ՀԲԸՄ երիտասարդների այլ նախաձեռնություններ: Դրանցից մեկը մայիսի 22-ին կայացած հանդիպումն էր «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանի հետ, որին բացի ԵԱ-նե-րից ներկա էին նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ և ուսանողներ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ԼՂՀ հարցի կարգավորման հիմնախնդիրները, առկա մարտահրավերները և Հայաստանի եվրոպական ինտեգրման արդի խնդիրները: Հանդիպումն անցավ աշխույժ և դինամիկ մթնոլորտում, մասնակիցները ուղղեցին բազմաթիվ հարցեր պարոն Բեքարյանին, որոնց տրվեց սպառիչ պատասխաններ: ԵԱ խումբն իր խորին երախտագիտությունն է հայտնում Կարեն Բեքարյանին հատկացրած ժամանակի ու հետաքրքիր զրույցի համար:

 

Տեսանյութ

 

end faq