ՀԲԸՄ-ի մասին

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ ՆՎԱՃՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ

ՀՈՒՆԻՍԻ 15-Ը` ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ՕՐ

Ամենամյա «Անդրանիկ» սկաուտական բանակումի նախապատրաստական աշխտանքները չխանգարեցին ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման անդամներին, հավատարիմ իրենց առաքելությանը, կազմակերպել մի շարք հետաքրքիր արշավներ ու դասընթացներ և մասնակցել տարբեր միջոցառումների: Ավանդական է դարձել ՀԲԸՄ Երևանի սկաուտների մասնակցությունը ՀՀ Պետական խորհրդանիշների` եռագույն դրոշի, զինանշանի և օրհներգի օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումներին: Այն Հայաստանում նշվում է հունիսի 15-ին: Միջոցառումների առանցքային մասը տոնական քայլերթն է, որին մասնակցում են ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներ, «Վազգեն Սարգսյան» ռազմական ակադեմիայի սաներ, ոստիկանության մոտոցիկլիստներ, ՀՀ օդուժն ու տարբեր երաժշտական ու պարարվեստի խմբեր: Արդեն 3 տարի շարունակ այս գեղեցիկ տոնին մասնակցության հրավեր է ստանում նաև ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը: Հարգանքն ու ակնածանքը պետական խորհրդանիշների հանդեպ սկաուտական գաղափարախոսության առանցքային բաղադրիչներից է և սերմանվում է սկաուտների մեջ փոքր տարիքից: Խմբի անդամները կարևորում և գնահատում են ՀՀ պետական խորհրդանիշները և հպարտությամբ մասնակցում միջոցառմանը: Սա համազգային նշանակության ձեռնարկ է և լավ առիթ երիտասարդ սերնդի համար համախմբվելու պետության շուրջ և արտահայտելու իրենց հարգանքը պետական արժեքների հանդեպ: Երևանն այդ օրը լեփ լեցուն է պետական դրոշներով ու զինանշաններով զինված հազարավոր երիտասարդներով` եռագույն շապիկներով ու գլխարկներով:

ՓՈՂԵՐԱԽՈՒՄԲ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման 5-րդ տարին նշանավորվեց սկաուտական փողերախմբի ստեղծմամբ, որի առաջին փորձը տեղի ունեցավ մայիսին Երևանում: Խումբը կազմված է հալեպահայերից և ինչպես նախկինում Հալեպում, այժմ էլ Երևանում այն ղեկավարում է Կարեն Տիրարյանը: Հալեպի ՀԵԸ-ի փողերախումբը մասնակցել է բազմաթիվ մրցույթների ու հաղթել: Այժմ, տարիներ անց, խմբի անդամները վերամիավորվում եմ հայրենիքում` շարունակելու իրենց ելույթները: Փողերախումբն արդեն իսկ փայլեց իր ելույթներով ,Անդրանիկե սկաուտական բանակումի օրերին, որը Հայաստան էր բերել մոտ 300 սկաուտներ ողջ աշխարհից: Փողերախմբի անդամներն արդեն սկսել են իրենց գիտելիքներն ու հմտությունները փոխանցել երիտասարդ սկաուտներին` հետագայում նրանց էլ խմբում ընդգրկելու նպատակով: Խմբի ստեղծմանը մեծապես նպաստեցին բարերարները, որոնք նվիրաբերեցին երաժշտական գործիքներ նորաստեղծ խմբին: Երկար տարիներ այս փողերախմբի հնչյունները լցրել են Հալեպի փողոցները, այժմ այդ նույն հնչյունները գալիս են տարածվելու հայրենի հողի վրա:

ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Իրենց գիտելիքներն ու հմտությունները հարստացնելու ու կատարելագործելու նպատակով ՀԲԸՄ Երևանի սկաուտները պարբերաբար մասնակցում են տարբեր դասախոսությունների ու գործնական պարապմունքների: Ավելի մեծ բարձունքներ նվաճելու ձգտումն այս անգամ սկաուտներին ոգևորեց մասնակցելու լեռնագնացության դասընթացների: ,Սպիտակե փրկարարական ջոկատի օգնությամբ սկաուտները սովորում են առաջին օգնության ձևերը, պարանների, հանգույցների ու լեռնագնացության այլ պարագաների ճիշտ օգտագործումն ու անվտանգության կանոնները: Դասախոսությունների միջոցով տեսական մասն ամբողջությամբ յուրացնելուց հետո սկաուտները մասնակցեցին նաև գործնական դասընթացի: Վերջում սկաուտներն արժանացան լեռնագնացության կրծքանշանների, սովորեցին գնահատել ռիսկն ու չվախենալ բարձրությունից: