ՀԲԸՄ-ի մասին

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ԱՄԱՆՈՐՅԱ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ

2012թ. դեկտեմբերի 1-ին, տեղի ունեցավ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի ամանորյա պարահանդեսը, որը դարձել է գեղեցիկ ավանդույթ և ամենասպասվածներից է սկաուտական բազմաթիվ միջոցառումների շարքում: Այս տարվա պարահանդեսն այնուամենայնիվ տարբերվում էր նախորդներից, քանի որ զուտ տարին ամփոփելուց և միմյանց շնորհավորելուց բացի հետապնդում էր նաև մեկ այլ, շատ ավելի կարևոր ու վեհ նպատակ` առիթն օգտագործել հանգանակությունների միջոցով օգնելու ծանր վիճակում հայտնված սիրիահայությանը: Սա էլ արդեն որերորդ անգամ վերջին ամիսների ընթացքում ՀԲԸՄ-ն առիթը բաց չի թողնում իր աջակցության ձեռքը մեկնելու սիրիայի մեր հայրենակիցներին: Եվ ահա այս նախաձեռնությունից անմասն չմնացին նաև ՀԲԸՄ Երեվանի սկաուտները: Պարահանդեսին ներկա էին ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի անդամ Գառնիկ Յակուբյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ Վազգեն Յակուբյանը և Արիս Ադամյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանը և փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, ՀԲԸՄ սիրիահայերի օգնության օժանդակ հանձնախմբի ղեկավար Արուշ Եսայանը, բազմաթիվ սիրիահայեր, հյուրեր և հրավիրյալներ: ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հայորդյաց տների հոգևոր տեսուչ Կոմիտաս վարդապետի տերունական աղոթքով սկսեց բարեգործական ճաշկերույթ-պարահանդեսը: Առաջին անգամ իր ելույթով ներկաներին զարմացրեց Միության Երևանի սկաուտական շարժման նորաստեղծ պարախումբը: Երեկոն լի էր հաճելի պահերով, գեղեցիկ անակնկալներով, մեծաթիվ նվիրատվություններով, զվարճալի խաղերով և ուրախ պարերով: Երեկոյի ընթացքում հանգանակվեց 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որի կեսը կնվիրաբերվի սիրիահայության օգնության ֆոնդին, իսկ մյուս կեսը` սկաուտական շարժմանը:

ՆՎԱՃԵԼՈՎ ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ

Արշավները սկաուտության անբաժանելի մասն են: Դեկտեմբերի 9-ին, ՀԲԸՄ Երևանի սկաուտներն ուղևորվեցին հաղթահարելու Արայի լեռը (2577մ): Նախորդ տարիներին հաղթահարված Թեղենիսի ու Հատիսի լեռներին այս տարի ավելացավ ևս մեկ նվաճված բարձունք` Արայի լեռը: Վաղ առավոտյան սկաուտները ճամփա ընկան Արաբկիրի հայորդյաց տնից: Լեռան ստորոտում կատարվեց դրոշակի արարողություն, որից հետո, հայրենասիրական երգերի ուղեկցությամբ, սկաուտներն սկսեցին վերելքը: Խումբը մեծ չէր, բայց գրեթե մարդ ծածկող ձյան շերտը մի փոքր դժվարացնում էր առաջընթացը: 4 ժամ անց, հաղթահարելով բոլոր փորձություններն ու խոչընդոտները, խումբն արդեն Արա լեռան գագաթին էր: Անյտեղից երևում էին մոտակա գյուղերը` Նոր Երզնկան, Եղվարդը, Զորավանը: Մոռանալով բոլոր դժվարությունները խումբը սլացավ դեպի ստորոտ: Այս օրը հավերժ կմնա սկաուտների հիշողության մեջ: Նրանք վերադարձան ինքնավստահության նոր զգացումով և նոր բարձունքներ նվաճելու հստակ միտումով:

ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խումբը միշտ էլ ցանկալի հյուր է տարբեր տոների առիթով մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների ու տոնախմբությունների ժամանակ: Ձմեռն իր հետ բերեց այդպիսի միջոցառումների մի նոր շարք: Ձմեռային Փառատոն Հայաստանը Deem Communications ընկերության նախաձեռնությունն է և իրականացվում է 2007թ-ից: Ձմեռային Փառատոն Հայաստանը, առաջնորդվելով "Միասին գունավորենք ձմեռը" կարգախոսով, կոչված է ստեղծել տոնական տրամադրություն Երևանի, մարզերի բնակիչների, ինչպես նաև զբոսաշրջիկների համար: Փառատոնն անց է կացվում Երևանի Քաղաքապետարանի հետ համատեղ: Այս տարի այն անցկացվեց Ազատության Հրապարակում դեկտեմբերի 22-ից հունվարի 13-ը: Այդ օրերին Ազատության Հրապարակը լցված էր գույներով ու ամանորյա տրամադրությամբ: Հարյուրավոր երեխաներ, երիտասարդներ ու մեծահասակներ ամեն օր մասնակցում էին փառատոնի ուրախ նախաձեռնություններին ու մրցույթներին: Եվ այս տարի փառատոնն իրենց մասնակցությամբ գեղեցկացրին նաև ՀԲԸՄ Երևանի սկաուտները, որոնք մասնակցեցին փառատոնի շրջանակներում կազմակերպված քայլերթին: Այն սկսեց Երևանի Քաղաքապետարանից և ավարտվեց Ազատության հրապարակում: Ներկա էին տարբեր անհատներ ու կազմակերպություններ, հեքիաթային ծաղրածուներ ու հերոսներ, հարյուրավոր Ձմեռ Պապեր: Փառատոնի շրջանակներում այս տարի անցկացվեցին բազում հետաքրքիր միջոցառումներ, ներառյալ խաղեր ու մրցույթներ, Ձմեռ Պապերի մրցավազք և այլն: Փառատոնի պաշտոնական փակմանը տեղի ունեցավ նաև "Կաղանդ Պապ. վերադարձ Ռիգելից" քառալեզու գրքի շնորհանդեսը: Փառատոնին մասնակցում են բոլորը` առանց տարիքային սահմանափակման:

ՍԲ. ԾՆՆԴՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ ԵՎ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 23-ին, ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Արաբկիրի հայորդյաց տանը տեղի ունեցավ ՀԲԸՄ Երևանի սկաուտների երդման հանդիսավոր արարողությունը: Շարժմանն նդամագրված և արդեն իսկ սկաուտական բանակումներին իրենց դրսևորած սկաուտների համար երդման արարողությունը պարտադիր պայման է: Այսպիսով նրանք դառնում են ՀԲԸՄ սկաուտական շարժման լիիրավ անդամ: 30 նոր անդամներ այդ օրը համալրեցին սկաուտների շարքերը: Նրանք երդվում են իրենց պատվով հավատարիմ լինել Աստծուն, ազգին և ընտանիքին, օգնել ուրիշներին և լինել արի ու վեհանձն: Նույն օրը կազմակերպվեց նաև ՀԲԸՄ Երևանի սկաուտների ամենամյա Սբ. Ծննդյան ցուցահանդես վաճառքը: Իրենց ամենշաբաթյա հավաքների ժամանակ սկաուտները սովորում են տիրապետել տարբեր արհեստների` կար, փայտամշակում, նկարչություն, խեցեգործություն և այդ ավանդական ցուցահանդես-վաճառքների ժամանակ ներկայացնում են իրենց իսկ պատրաստած ձեռքի աշխատանքները: Ցուցահանդեսին մասնակցում է սկաուտական ամբողջ խումբը, ներկա են ծնողները, ընկերները և այլ հրավիրյալներ:

ԱՅՑ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման խմբապետական կազմը շատ հաճախ հետաքրքիր ու դաստիարակչական միջոցառումներ է կազմակերպում շարժմանը նոր անդամագրված փոքրիկ սկաուտների` գայլիկ-արծվիկների համար: Նմանատիպ նախաձեռնություն էր նոյեմբերի 4-ին կազմակերպված մանուկների այցը Մանկական ստեղծագործությունների թանգարան: Այստեղ ցուցադրված են տարբեր երկրների մանուկների ստեղծագործություններ, այդ թվում իհարկե նաև հայազգի մանուկների գեղեցիկ աշխատանքները: Առանձնահատուկ ուշադրության արժանացան Նոյան Տապանին վերաբերող աշխատանքները, ինչպես նաև Երազանքների անկյունը, որտեղ երեխաներն առիթ ունեցան երազանք պահել, որն, ըստ թանգարանի աշխատակիցների, անպայման իրականանալու է: Այցը ոգևորիչ ու անմոռանալի տպավորություն թողեց երեխաների վրա:

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ-ի մասին Արխիվ Արխիվ 2013 Սկաուտական շարժում ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: