{source}<iframe width="350" height="200" src="http://www.youtube.co" />

ՀԲԸՄ-ի մասին

ՀԲԸՄ 5-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

 

 

 

Հինգ տարի առաջ, 2008թ.-ին սկիզբ դրվեց ՀԲԸՄ սկաուտական շարժմանը Հայաստանում: Նախնական մի քանի հոգուց բաղկացած շարժումն այսօր ունի ավելի քան 150 անդամ: Նույն տարվա ամռանը Լոռու մարզի Լեռմոնտովո համայնքի ՀԲԸՄ սեփական բանակավայրում անցկացվեց ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական առաջին բանակումը: Անցած հինգ տարիների ընթացքում «Անդրանիկ» սակուտական բանակումներին մասնակցել են ավելի քան 1500 ՀԲԸՄ սկաուտներ ամբողջ աշխարհից: 5-րդ հոբելյանական սկաուտական ճամբարն իր դռները բացեց հուլիսի 2-ին` դրոշակի օրհնության հանդիսավոր արարողությամբ` այս տարի հյուրընկալելով 200 սկաուտների Լիբանանից, Սիրիայից, Վրաստանից, Հայաստանից ու Արցախից: Սկաուտական առօրյան սկսում է առավոտյան մարզանքով ու դրոշակի արարողությամբ, այնուհետև նախաճաշ, վրանի և տարածքի մաքրություն, արշավներ, դասախոսություններ, խաղեր, իսկ երեկոյան ընթրիք, երգ ու պար խարույկի շուրջ և կրկին դրոշակի արարողություն: Ճամբարային օրերը հագեցած են նաև այցելություններով տարբեր տեսարժան վայրեր ու ՀԲԸՄ Հայաստանում իրականացվող ծրագրեր: Սկաուտներն այցելեցին Էջմիածին, Հաղարծին, Գոշավանք, Գառնի, Գեղարդ, Սարդարապատ, Գյումրի, Մատենադարան ու Ծիծեռնակաբերդ, կազմակերպվեցին արշավներ դեպի Դսեղ, Մարգահովիտ և Գոշի լիճ: Սկաուտական ամենամյա այս հավաքները հիանալի առիթ են սփյուռքահայ երիտասարդների համար իրենց սեփական աչքերով տեսնելու հայրենիքը, նրա պատմական հուշարձաններն ու տեսարժան վայրերը, ինչպես նաև շփվելու տարբեր երկրներից հայրենիք ժամանած իրենց հասակակիցների հետ, միասին պատրաստելու օրվա ճաշն ու միասին անցնելու տարբեր փորձությունների միջով, իսկ օրվա վերջում հավաքվելու խարույկի շուրջ ու կիսվելու իրենց տպավորություններով: Բնության գրկում անցկացրած օրերն ու փորձություններն էլ ավելի են ամրացնում մեր երիտասարդների մեջ կարգապահության, միմյանց օգնելու և միասին դժվարություններ հաղթահարելու, ինչպես նաև տարբեր կամավոր համայնքային ծրագրերում ներգրավվելու ձգտումը: Սկաուտներն այցելեցին ՀԲԸ Միության և Հայկական վիրտուալ համալսարանի Երևանյան գրասենյակներ, ներկա եղան ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Նորքի Հայորդյաց տան սաների պատրաստած համերգին: Այս տարվա առաջին խարույկահանդեսը տեղի ունեցավ հուլիսի 15-ին: