ՀԲԸՄ-ի մասին

ՀԲԸՄ -Անդրանիկ սկաուտական բանակումը Հայաստանում

ՀԲԸ Միության նախագահ Պերճ Սեդրակյանի 2007-ի աշնան Հայաստան կատարած այցելության ընթացքում, հայրենական այլ ծրագրերի շարքում, որոշվել էր նաև առաջին անգամ սկաուտական բանակում-ճամբար կազմակերպել Հայաստանում: Այդ նպատակով Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում ՀԲԸՄ-ը ձեռք էր բերել սեփական հողատարածք: Կարճ ժամանակահատվածում ավարտվել էին ճամբարի շինարարական աշխատանքները: Բանակումի ծրագրի պատասխանատվությունն ու բանակավայրի ընդհանուր խմբապետությունը ստանձնել էր ՀԲԸՄ Հայ Երիտասարդաց Ընկերակցության Լիբանանի Վարիչ-Տնօրեն Գևորգ Սանթուրյանը: Հալեպի, Դամասկոսի, Քամիշլիի, Թեհրանի, Լիբանանի ու Պաղտատի մասնաճյուղերի ու Հայաստանի նորակազմ խմբի շուրջ 300 սկաուտների ու արենուշների մասնակցությամբ բանակումը ընթացավ երկու հանգրվաններով` հուլիսի 22-ից օգոստոսի 5-ը և օգոստոսի 8-ից օգոստոսի 22-ը: Առաջին հանգրվանում մասնակցեցին Սիրիայի ու Իրանի մասնաճյուղերի սկաուտներն ու արենուշները, իսկ երկրորդ հանգրվանում` Լիբանանի ու Իրաքի մասնաճյուղերը: ՀԲԸՄ-Անդրանիկ սկաուտական բանակումի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 24-ին, մասնակցությամբ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի, Գուգարաց Թեմի Առաջնորդ Սեպուհ եպս. Չուլճյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Արարատ Եպս. Գալթաքճյանի, ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանի, Սոցիալական ներդրումների հիմնադրամի Տնօրեն Աշոտ Կիրակոսյանի, ՀԲԸՄ-ի Հայաստանի Ներկայացուցչության Տնօրեն Աշոտ Ղազարյանի, Փոխ-տնօրեն Հովիկ Եորտեքյանի, ինչպես նաև Լոռու մարզի տեղական իշխանությունների ներկայացուցիչների: Բանակավայրի օրհնության արարողությունը կատարել է Գուգարաց Թեմի Առաջնորդ Գերշ. Տեր Սեպուհ Եպս. Չուլջյանը, որը շնորհավորել է բանակումի մեկնարկը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի օրհնության ու բանակումի հաջողության խոսքը փոխանցել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Լուսարարապետ Գեր. Տեր Արարատ Եպս. Գալթաքճյանը: Բարի գալստյան, բանակումի միջոցով հայրենիքում համախմբվելու խորհրդի, ինչպես նաև բանակավայրի նախապատրաստության մասին խոսել են մարզպետ Արամ Քոչարյանն ու ՀԲԸՄ Հայաստանի Ներկայացուցչության Տնօրեն Աշոտ Ղազարյանը: ,Անդրանիկե բանակումի մասնակից սկաուտներն ու արենուշները, բանակավայրում կազմակերպած դաստիարակչական աշխատանքների ու զրույցների կողքին առիթ ունեցան նաև շրջելու հայրենի հիշարժան վայրերն ու այցելելու հուշարձաններն ու վանքերը:

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ-ի մասին Արխիվ 2008 Նորություններ ՀԲԸՄ -Անդրանիկ սկաուտական բանակումը Հայաստանում

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: