ՀԲԸՄ-ի մասին

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է, ԿՆՈՋ ՀԱՄԱՐ`ԱՄԵՆԱՄԵԾ ԶԵՆՔԸ». ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՈՎ ԿԱՐՈՂԱՑԱՎ «ՈՉ» ԱՍԵԼ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հեղ. Գայանե Մկրտչյան

Ինը տարի ամուսնու կողմից բռնության և խոշտանգումների ենթարկված երկու երեխաների մայր Հասմիկ Խաչատրյանի կյանքը փոխվեց այն պահից սկսած, երբ երեք տարի առաջ իր մեջ ուժ գտավ գիշերով փախչել ամուսնու տնից՝ սեփական կյանքը փրկելու և իր իրավունքներին տեր կանգնելու համար:

Այսօր արդեն բազմաթիվ փորձությունների, դատական գործընթացների ու դժվարությունների միջով անցած Հասմիկի համար ՀԲԸՄ-ի շնորհիվ նոր հնարավորություն է ստեղծվել շարունակել ուսումը Գավառի պետական համալսարանում, որը կիսատ էր թողել ամուսնու ընտանիքի ճնշումների պատճառով:

«Սովորեցի մինչև երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակը ու այդպես էլ կիսատ թողեցի: Քննություններս էլ չհանձնեցի, այդ ժամանակ արդեն հղի էի, ու ամուսինս թույլ չտվեց դասի գնալ: 2006 թվականին հեռացման դիմումով դուրս մնացի համալսարանից: Ափսոսանքս մեծ էր, ծանր էի տանում որ չեմ շարունակելու, դպրոցում շատ լավ էի սովորել ու իմ բոլոր երազանքներս ու նպատակներս կապված էին ապագա կրթությանս հետ: Երազում էի, որ կգա ժամանակ, երբ կշարունակեմ ուսումս, և կունենամ նախընտրած մասնագիտությունս», -պատմում է Հասմիկը:

Ամուսնալուծվելուց հետո ծնողների ու երեխաների հետ Գանձակ գյուղից Երևան տեղափոխված Հասմիկը նոր կյանք է սկսում, փորձելով հաղթահարել հոգեբանական ու սոցիալական տարբեր խնդիրներ: Նա սկսում է աշխատել «Կանանց աջակցման կենտրոն»-ում, «Մերձավոր Արևելք» հիմնադրամի աջակցությամբ տան պայմաններում ստեղծում է փոքրիկ քաղցրավենիքի արտադրություն:

«Սկսեցի տնտեսապես կայանալ ինքնուրույն, միայնակ քայլեր անել: Այդ ընթացքում էլ եմ շարունակել մտածել համալսարանում վերականգվելու մասին, բայց զուգահեռ մտածում էի դեռ չեմ կարող ինձ նման ճոխություն թույլ տալ, երբ տան վարձ էի տալիս, հոգում էի երեխաներիս հոգսերը, երբ աղջիկս հատուկ խնդիր ունի լսողության հետ կապված: Անցյալ ամառ վերականգնվեցի, մտածեցի թեկուզ դժվարությամբ, բայց ամեն ամիս 20 000 դրամ խնայողություն կանեմ, ուսմանս վարձը վճարելու համար, զուգահեռ նաև կրթաթոշակ էի փնտրում»,-պատմում է Հասմիկը:

ՀԲԸՄ տված կրթաթոշակը Հասմիկի համար մեծագույն օգնություն է լինում:

«Իմ ուսերից մի մեծ քար ասես ցած ընկավ, դա շատ մեծ, անսպասելի հնարավորություն էր ինձ համար», - ասում է Հասմիկը:

ՀԲԸՄ գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը նշում է. ամեն տարի ՀԲԸՄ տրամադրում է կրթաթոշակներ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներին: Հայաստանում 2016-2017 ուսումնական տարում կրթաթոշակ է տրվել 480 սիրիահայերի:

«ՀԲԸՄ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Գյուլբենկյան հիմնադրամը հոգում են այդ կրթավճարները, սակայն առյուծի բաժինը պատկանում է ՀԲԸՄ-ին: Կրթության ոլորտը խիստ կարևոր է 110 տարվա պատմություն ունեցող մեր կազմակերպության համար: ՀԲԸՄ հավատում է կրթության կարևորությանը, նրա արժեքներին, և տարիներ շարունակ երիտասարդներին տրամադրում է կրթաթոշակներ՝ ապահովելով կրթված ու հաջողակ հայորդիների սերունդ»,-ասում է Դալար Կազանջյանը:

Այնուհանդերձ Հասմիկ Խաչատրյանին կրթաթոշակ է տրամադրվել ՀԲԸՄ նոր ռազմավարության շրջանակներում, որով կազմակերպությունը փորձելու է իր աշխատանքներով ներգրավվել ու փոփոխություններ բերել սոցիալական ոլորտում` նպաստելով կանանց բռնության և սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ պայքարին, նաև կանանց իրավազորմանը:

«Հասմիկն անցել էր ընտանեկան բռնության միջով, ձեռք էր բերել ազատություն, պայքարելով սեփական իրավունքների համար, ոտքի էր կանգնել ինքնուրույն: Հասմիկը կարող է դառնալ օրինակ այն անձանց համար, ովքեր ապրում են ընտանեկան բռնության զոհի կարգավիճակով, և որոնց իրավունքները ոտնահարված են: Նրանից կարող են սովորել ինչպես դեմ կանգնել ու ոչ ասել բռնությանը, ինչպես հաղթահարել ճնշվածի հոգեբանությունը», -ասում է Դալար Կազանջյանը:

Այս պահին ՀԲԸՄ հետազոտություններ է իրականացնում այս դաշտում, ուսումնասիրում ոլորոտում աշխատող տարբեր կազմակերպությունների արդեն իսկ արված աշխատանքը`ՀԲԸՄ-ի համար նոր քաղաքականություն մշակելով:

«Մենք ուզում ենք հետևողական լինել, մեր ներդրումն ունենալ սոցիալական ոլորտում փոփոխությունների հասնելու համար: Սա այն փոքրիկ քայլն է, որով մտնում ենք այս դաշտ: Մենք մեզ տեսնում ենք իբրև կամուրջ Սփյուռքի ու Հայաստանի միջև: Տարբեր երկրներում գտնվող մեր մասնաճյուղերը կարող են մասնակիցը դառնալ այս գործում, առաջարկել իրենց ծրագրերը` ոլորտը բարելավելու համար», - նշում է Կազանջյանը:

Հասմիկ Խաչատրյանը ասում է, երբ երեք տարի առաջ իրեն հարցնում էին, թե ինչ է անելու ապագայում, միայն լաց էր լինում, հիմա պատասխանը մեկն է`առաջ է գնալու:

«Այնքան նպատակներ ունեմ, իսկ դրանց իրականացումը հնարավոր է միայն կրթության միջոցով: Առանց կրթության մարդուն ասոցացնում եմ կորած մարդու հետ: Հիմա առավել քան ինքնավստահ եմ: Կրթությունը` հարստություն է, կնոջ համար`ամենամեծ զենքը, որն հատկապես օգնության է հասնում կյանքիդ ամենածանր պահերին: Շնորհակալ եմ ՀԲԸՄ-ին, ինձ համար այսքան կարևոր աջակցության համար», - ասում է Հասմիկը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ-ի մասին Content FEATURED STORIES «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ Է, ԿՆՈՋ ՀԱՄԱՐ`ԱՄԵՆԱՄԵԾ ԶԵՆՔԸ». ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՈՎ ԿԱՐՈՂԱՑԱՎ «ՈՉ» ԱՍԵԼ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: