ՀԲԸՄ-ի մասին

21 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Արդեն հինգերորդ անգամ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքահայ երիտասարդների համար կազմակերպում է ամառային փորձառության 6-շաբաթյա ծրագիր Երևանում: Ծրագրի նպատակն է սփյուռքահայ երիտասարդությանն ավելի մոտիկից ծանոթացնել և կապել հայրենիքի հետ, նրանց ընդգրկել ազգային կյանքի և իրադարձությունների մեջ: Այս տարվա ՀԲԸՄ ամառային փորձառության Երեվանյան ծրագիրը մայր հայրենիք է բերել 21 երիտասարդների չորս երկրներից` Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Կանադա և Սիրիա, որոնք վեց շաբաթ շարունակ իրենց ամառային փոր-ձառությունը կանցկացնեն Երևանում` աշխատելով այնպիսի կազմակերպություններում ու հաստա-տություններում ինչպիսիք են ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Հայաստանում (UNDP), "Ստորակետ" ճարտարա-պետական ընկերությունը, "Ազգ" օրաթերթը, Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ), Սբ. Ներսես Մեծ հիվանդանոցը, Global SPC իրավաբանական խորհրդատվական ընկերությունը, Deem Commu-nications ընկերությունը, "Լրագիր" և "Հետք" օնլայն լրատվական գործակալությունները, Երևանի թիվ 1 և 8 հիվանդանոցները, "ԱրԲես" բժշկական կենտրոնը: Սա մշակութային հարստացման և փորձի փոխանակման միամսյակ է, որի շնորհիվ մեր սփյուռքահայ երիտասարդները ակտիվորեն շփվում են իրենց հասակակիցների հետ և մոտիկից զգում հայրենի պետականության իրողությունը: Մասնագիտական փորձառություն ձեռք բերելուց բացի, երիտասարդները մասնակցում են նաև մի շարք մշակութային միջոցառումների, հաճախում հայերեն լեզվի և հայկական ժողովրդական պարերի դասընթացների: Ծրագրի ընթացքում երիտասարդներն այցելելու են նաև Հայաստանի պատմամշակութային կոթողներ, Արցախ, ինչպես նաև ծանոթանալու են Հայաստանում և Արցախում ՀԲԸՄ-ի իրականացրած ծրագրերին, այցելելու են ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան ծանոթանալու համալսարանի առանձ-նահատկություններին ու ձեռքբերումներին: Ծրագրի շրջանակներում երիտասարդներն արդեն իսկ հյուրընկալվել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ: Սպասվում է նաև հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հուլիսի 15-18-ը երիտասարդներն անց են կացնելու Արցախում, հանդիպելու են ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Երիտասարդները հյուրընկալվելու են նաև Լոռու մարզում տեղակայված ՀԲԸՄ "Անդրանիկ" սկաուտական ճամբարում` մասնակցելու սկաուտական անմոռանալի խարույ-կահանդեսին: 2011 թվականի ՀԲԸՄ ամառային փորձառության Երևանյան ծրագիրը վարում են ծրագրի համակարգող Աննա Աղաջանյանը և նրա օգնական Ալին Զորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից: