Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44
Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

ՀԲԸՄ-ի մասին

Հայրենիք բերվեցին Ալեք և Մարի Մանուկյանների մարմինները

Հայրենիք բերվեցին Ալեք և Մարի Մանուկյանների մարմինները Հուլիսի 13-ին Դիթրոյթից Հայրենիք բերվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ցկյանս նախագահ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազգային բարերար լուսահոգի Ալեք Մանուկյանի և նրա կողակից Մարի Մանուկյանի մարմինները: □Զվարթնոց□ օդանավակայանում ՀՀ Պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի ուղեկցությամբ Մանուկյանների մարմինները դուրս բերվեցին օդանավից, ապա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք մատուցեց բարեհիշատակ բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների հոգիների հանգստության և խաղաղության համար: Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Ալեք և Մարի Մանուկյանի դուստր Լուիզ Մանուկյան Սիմոնը, Մանուկյան ընտանիքի անդամներ, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ: Աղոթքից հետո սգո թափորն ուղղվեց Սբ. Գայանե վանք, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն: Հավարտ արարողության Նորին Սրբությունն իր խոսքն ուղղեց ներկաներին: Մեծանուն հայորդիների մարմինները մինչև հուլիսի 17-ը կմնան Սուրբ Գայանե վանքում, ուր հայորդիք հնարավորություն կունենան հարգանքը մատուցել հայ ժողովրդի արժանավոր զավակներին: Հուլիսի 17-ին` ժամը 10.00-ին, Ալեք և Մարի Մանուկյանների մարմինները պետական բարձր պատիվներով և եկեղեցական ծիսակարգով կամփոփվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` իրենց բարերարությամբ կառուցված Գանձատան առջև: ### Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐ ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ (13 հուլիսի, 2007 թ., Սուրբ Գայանե եկեղեցի) Մեծարգո Նախագահ Ազգային Ժողովի, սիրելի Մանուկյան ընտանիք, հոգևոր հայրեր, սիրելի բարեպաշտ ժողովուրդ. Խորախորհուրդ է Հայրենիքի սիրով ապրած զավակների վերադարձը Հայրենիք` հանգրվանը ազգի անմահ հոգու: Բարձրյալի շնորհով այսօր հայրենի ազատ մեր հողը ընդունում է իր նվիրյալ զավակներին` Ազգային հերոս, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ցկյանս Նախագահ Ալեք Մանուկյանին և իր մեծազնիվ տիկին Մարի Մանուկյանին, ովքեր ապրեցին և անմնացորդ ջանքեր ներդրեցին ի սեր աշխարհասփյուռ մեր ժողովրդի հոգևոր-ազգային կյանքի զարթոնքի ու պայծառության: Մեծ նվիրատվություններով նրանք պայծառացրին մեր եկեղեցիները, կրթական ու ազգային հաստատությունները: Հայրենիքի բարօր ու բարգավաճ, նոր կյանքի տեսիլքով և հավատով նրանք կերտեցին իրենց և բազում հայորդյաց կյանքի լուսավոր ուղին: Մեծ բարերարների ձգտումն էր Հայրենիքի պատկերի, հայրենյաց ժառանգության պահպանումը հայորդյաց հոգիներում: Հայրենիքի ու հայ ժողովրդի լուսավոր գալիքի, Սուրբ Էջմիածնին հավատարմության հավատն է նրանց ավանդը սերունդներին, ազգի հարատևության հավատը` հայրենյաց արժեքներով ու սրբություններով: Մեր Եկեղեցու, Սուրբ Էջմիածնի սերը մանկուց էր սերմանված Ալեք Մանուկյանի հոգում: Նա միշտ ջերմ սիրով կապված եղավ եկեղեցական կյանքին` նպաստելով մեր Եկեղեցու առաքելությանը, այլև` բարեգործական ծրագրերով և որպես սարկավագ` Տիրոջ Սուրբ Սեղանին սպասավորությամբ: Մենք խորին հուզմունքով ենք անդրադառնում, որ հավատավոր ազնիվ սրտով Ալեք և Մարի Մանուկյանները աստվածապարգև իրենց ողջ կյանքի ընթացքում հոգացին մերձավորի համար` բազմաթիվ բարեգործություններով կյանքի կոչելով ավետարանական պատվիրանը: Նրանք` իբրև արժանավոր քաղաքացիներ Միացյալ Նահանգների, երախտագետ հոգով հանդեպ Ամերիկան, իրենց բարերարություններից մասնահանում կատարեցին նաև Միացյալ Նահանգների կրթական ու մշակութային կյանքին: Անմոռաց է լուսահոգի Տեր և Տիկին Մանուկյանների պայծառ հիշատակը: Եկեղեցաշեն ու ազգօգուտ իրենց գործերով նրանք արժանացել են աշխարհասփյուռ մեր ժողովրդի ջերմ սիրույն և անկեղծ հարգանքին։ Նրանց առաքինի կյանքի դրվատումն են և ծառայությանց ու վաստակի գնահատանքը` բարձր մրցանակներն ու շքանշանները, որ շնորհվել են Ալեք Մանուկյանին: Նա արժանիորեն կրում էր նաև մեր Եկեղեցու բարձրագույն` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանը և Հայաստանի Ազգային հերոսի կոչումը: Աղոթք և օրհնություն խնկարկենք նրանց շիրիմներին: Գոհաբանական աղոթք բարձրացնենք առ Աստված, որ ազգասիրության ու եկեղեցասիրության նրանց ոգին և բարի գործոց օրինակը շարունակում է ապրել հայորդյաց հոգիներում, ինչպես նրանց զավակների` Լուիզ Մանուկյան Սիմոնի և Ռիչարդ Մանուկյանի և թոռների, ովքեր այսօր իրենց կարևոր ներդրումն են բերում մեր Եկեղեցու պայծառությանը, մեր Հայրենիքի բարօրությանն ու առաջընթացին: Սիրելիներ, այսօր ուրախ են մեր հոգիները, որ մեր Եկեղեցու արժանավոր զավակների, ազգային մեծ բարերարների մարմինները որդու և դստեր համաձայնությամբ փոխադրվել են Միացյալ Նահանգներից` ամփոփվելու մեր հոգևոր նվիրական կենտրոնում, Սուրբ Էջմիածնի աստվածային օրհնության ներքո: Աղոթքով առ Երկնավորը մայր հողին պիտի հանձնենք լուսահոգի Ալեք և Մարի Մանուկյանների մարմինները, հավատով, որ մեր ժողովրդի կյանքում միշտ հառնած պիտի մնան նրանց բարեպաշտ ու ազգանվեր կերպարները, պիտի ապրեն նրանց ազնիվ գործերը` իբրև նրանց հավատավոր հոգու վկայություններ, շարունակելով մեր Եկեղեցու, Հայրենիքի և ազգային սրբությունների հանդեպ անսպառ նվիրումի ու աննվազ նախանձախնդրության նոր հունդեր աճեցնել սերունդների հոգում: Աղոթենք, որ Ողորմած և Մարդասերն Աստված երկնային բարձունքներում լույսերի մեջ երանությամբ պարուրյալ պահի հավիտենական կենաց խաղաղ ափին հանգրվանած Իր հավատարիմ զավակների հոգիները և օրհնի մեզ` մարմնավորելու մեր Հայրենիքի ու ժողովրդի միացյալ երջանիկ կյանքի նրանց և ամենքիս տեսիլքը։ Շնորհ և սԷր եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան: Յիշեա, Տէր, զհոգիս երանաշնորհ բարերարացն մերոց` Ալեք և Մարի Մանուկեանների, և յանգո զնոսա ի լոյս երեսաց աստուածութեան Քոյ. Ամէն։

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ-ի մասին Արխիվ 2007 Նորություններ Հայրենիք բերվեցին Ալեք և Մարի Մանուկյանների մարմինները

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: