ՀԲԸՄ-Ն ԵՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հեղ.՝ Արեգ Դավթյան

Ինչպե՞ս է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը տասնամյակներ շարունակ աջակցում  հայ գրականությանը և օտարագիր հայ գրողներին՝ 1920-ականներից մինչև մեր օրերը

Դեռևս իր հիմնադրության առաջին իսկ օրերին, Հայկակական բարեգործական ընդհանուր միությունը, մեծապես կարևորելով հայ գիրն ու գրականությունը, անմիջական աջակցություն է ցուցաբերել Արևմտահայ ու սփյուռքահայ գրականությանը: ՀԲԸՄ-ի հովանավորությամբ լույս են տեսել սփյուռքահայ գրողների բազմաթիվ ստեղծագործություններ: Սփյուռքահայ կրթական մշակներն ու գրողները տևական ժամանակ վայելել են միության հովանավորությունը: Այսօր էլ Միության առանձնացված հիմնադրամների միջոցներով, հատկապես ՀԲԸՄ Վ. Ապտալյան և Անդրանիկ Քոլարյան հիմնադրամների միջոցով լույս են տեսնում գրականագիտական ու հայագիտական աշխատություններ:

Ինչպես սփյուռքում, Հայաստանում նույնպես միությունը հովանավորել է գրահրատարակչական գործը: Կարապետ և Գրիգոր Մելգոնյանների հիմնադրամի օգնությամբ 1930 թվականից սկսած մեկնարկեց հայագիտական աշխատությունների հրատարակումը։ Այդ շրջանի գրքերի թվում են Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» յոթ հատորները, Մանանդյանի «Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում» և «Մանր հետազոտությունները», Մանուկ Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը», Երվանդ Շահազիզի «Հին Երևանը» և այլն, ընդհանուր առմամբ 30 արժեքավոր մենագրություն։ Այդ և այլ գրքերի հրատարակման, իսկ հետո նաև ընթերցման համար Միությունը կառուցեց Հանրայյին գրադարանի և տպարանի շենքերը՝ երկուսն էլ Ալեքսանդր Թամանյանի նախագծով։

Գրական ու գիտական աշխատանքը զուգահեռաբար ընթանում էր նաև Սփյուռքում։ Այսպես, 1960 թվականին Նյու Յորքում ՀԲԸՄ-ն հիմնեց Ararat անգլիալեզու գրական հանդեսը։ Շուրջ կես դար լույս տեսած հանդեսը, որի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցրել են ամերիկահայ գրական դաշտի հայտնի դեմքերը, կարևոր և հեղինակավոր հարթակ էր դրսի հայազգի հեղինակներից շատերի համար։ Ararat-ում տպագրվում էին նաև թարգմանություններ հայերենից, կենսագրական և պատմական նյութեր։ Պարբերաբար հանդեսը թողարկվում էր հատուկ թեմատիկ համարներով՝ «Վիլյամ Սարոյան», «Գևորգ Էմին», «Հայերը ԱՄՆ-ում» և այլն: 2010 թվականից Ararat-ը տեղափոխվել է օնլայն-հարթակ՝ www.araratmagazine.org: 1968 թվականին հիմնված ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան Մշակութային հիմնադրամի միջոցներով լույս են տեսել գրական և գիտական աշխատանքների թարգմանություններ, ինչպես նաև իրականացվել են հայ մշակույթն ամբողջ աշխարհով տարածելու ուղղությամբ տարաբնույթ ծրագրեր, հիմնվել են հայագիտական կենտրոններ: Հայագիտության զարգացմանն ուղղված ծրագրերից է ՀԲԸՄ համագործակցությունը Մաշտոցի անվան Մատենադարանի հետ: Միության հովանավորությամբ պարբերաբար լույս են տեսել Մատենադարանի հայերեն ձեռագրերի «Մայր ցուցակի» ու «Բանբեր Մատենադարանի» հրատարակությունները:

Հայաստանի անկախացումից հետո Միությունը շարունակում է ակտիվորեն աջակցել գիտությանն ու գրականությանը։ ՀԲԸՄ շնորհիվ վերջին տարիներին լույս են տեսել ժամանակակից հայ արձակի, պոեզիայի ու թատերգության անգլերեն թարգմանությունների ժողովածուները։ Գրականության ինստիտուտի հետ համատեղ` միության հատկացումների շնորհիվ հրատարակվել են սփյուռքահայ հայտնի գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանի «98.60» և «Արձակի տեխնիկա. չափ և խենթություն» գործերի հայերեն թարգմանություններն ու Էդուարդ Մելքոնյանի` ՀԲԸՄ-ի պատմությանը նվիրված ռուսերեն աշխատությունը։ Լույս է տեսնել նաև Ավետիք Իսահակյանի երկերի գիտական 2-րդ հատորը։ Շարունակելով իր ավանդական աջակցությունը գրահրատարակչական գործին` ՀԲԸՄ-ն, Հայաստանի գրողների միության հետ համատեղ, նախաձեռնեց ամերիկահայ անվանի գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանի անվան տպագրատան հիմնումը։ Հայ գրականության զարգացմանն ուղղված իր ծրագրերի շրջանակներում ՀԲԸՄ-ն աջակցել է նաև Երևանում գումարված Հայ գրողների համահայկական և Օտարագիր հայ գրողների համաժողովներին։ Միության հովանավորությամբ տպագրվել է «Արդի հայ արձակը» անգլերեն ժողովածուն:

Նյութի աղբյուր՝ «Երևան» ամսագիր

 
Դուք այստեղ եք՝ Home Content FEATURED STORIES ՀԲԸՄ-Ն ԵՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: